Վերնատուն

Մեկնարկում է Newmag հրատարակչության գրականության և արվեստի ձմեռային երրորդ փառատոնը․ «Վերնատուն»

Newmag հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը և հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը խոսում են փառատոնի այս տարվա առանձնահատկությունների ու վերանայումների, հրատարակչության ու փառատոնային ռազմավարության մասին։

Newmag հրատարակչությունն իր գործունեության 6 տարիների ընթացքում 7–րդ անգամ է իրականացնում փառատոնը՝ հաշվի առնելով նաև ամառային փառատոնները։

Ձմեռային գրքատոնի այս տարվա առանձնահատկությունը՝ փառատոնին արվեստի այլ ոլորտների ներգրավումն է։ Մի ամբողջ օր կեսօրից մինչև կեսգիշեր, բացի ավանդական շնորհանդեսները, գրքի տոնավաճառն ու զեղչերը, կլինեն ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, թատերական ներկայացում, քննարկում։

Այս տարի Newmag-ը կներկայացնի նաև նոր ամսագիր, որը լույս կտեսնի պարբերաբար ու թեմատիկ առանձնահատկությամբ։ Կազմակերպիչներն ասում են, որ այս տարվա բովանդակային շեշտադրումները հայկական են։ Փառատոնին ներկայացվելու են բացառապես հայ հեղինակների գրքեր։

Newmag-ի 4 նոր գրքերի հայ հեղինակները, ինչպես կազմակերպիչներն են նշում, իրենք էլ ներկայացնելու են գրքերը՝ զրույցի ու բանախոսության միջոցով։ Հեղինակները տարբեր ոլորտներում հայտնի մասնագետներ են։

Ներկայացվելու է Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը, Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարումը», որը նախագծային մենեջմենթի մասին պատմող առաջին հայալեզու գիրքն է, Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը»՝ առաջնորդության մասին պատմող գիրքը, բլոգեր Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» վերնագրով գիրքը՝ քրիստոնեության, սովորությունների ու ծեսերի մասին։

Այս տարի փառատոնը հայտարարել է արցախցի գրողների մրցույթ, որն ավարտվելու է մրցանակաբաշխությամբ։ Մրցույթը հաղթած արցախցի հեղինակները հնարավորություն կունենան տպագրել իրենց ստեղծագործությունները։ Կազմակերպիչներն ասում են, որ սա օգնության ձեռք է, արցախցի հեղինակներին գրական շուկա ներգրավելու համար։

«Մենք ուզում ենք որ փառատոնը լինի տոն, մեզ համար այն նույնպես տոն է, քանի որ մենք փորձում ենք հասկանալ՝ ճիշտ ուղղությամբ ենք գնում թե ոչ», – նշում է Գոհար Մանուկյանը։

Փառատոնի ֆորմատի անընդհատ վերանայումներն ու փոփոխությունները կարևոր նպատակներից է, երիտասարդներին ավելի շատ ներգրավվելու համար, քանի որ նրանցից շատերը նախընտրում են գրքի նախևառաջ վիզուալությունն ու աուդիո հասանելիոթյունը։

«Քանի որ մարդիկ սիրում են դիտել, մենք յուրաքանչյուր գրքի հրատարակությունից առաջ գրքի թրեյլեր ենք պատրաստում, որպեսզի մարդիկ արագ և հեշտ տեսանյութով պատկերացում կազմեն ինչի մասին է այն։ Հաճախ նաև համաշխարհային բեսթսելերի հեղինակների ուղերձներն ու ողջույնի խոսքն է ներկայացվում հայ ընթերցողներին»,– հավելում է Մանու Իրիցյանը։

Newmag հրատարակչությունը վերջին շրջանի իր կարևոր ձեռքբերումներից է համարում Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» երրորդ բեսթսելերի համաշխարհային շնորհանդեսին Հայաստանի մասնակցությունը՝ հայերեն հրատարակությամբ , որտեղ հնչել է նաև հեղինակի ուղերձը հայ ընթերցողներին։ 3 օրում վաճառվել է գրքի շուրջ 1000 օրինակ։

Newmag-ի ձմեռային փառատոնը տեղի կունենա փետրվարի 10-ին «Դվին» մյուզիք հոլում։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնում կվաճառվեն մեծ զեղչով, որի հասույթը կտրամադրվի արցախցի գրողներին՝ իրենց գրքերը հրատարակելու համար։

Back to top button