
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դեմ չէ սահմանազատմանն ու սահմանագծմանը և խաղաղության պայմանագրին՝ Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
Նա նշել է, սակայն, որ նախ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, ապա սահմանազատում և սահմանագծում իրականացվի ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի սկզբունքների հիման վրա, երաշխավորների ներգրավվածությամբ և համապարփակ՝ ամբողջական կերպով, մեկ փաթեթով։
Բագրատ Սրբազանը նաև ներկայացրել է այն օրակարգը, որով պետք է առաջնորդվի ապագայի անցումային կառավարությունը:
«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ, բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով՝ հնարավորություն տալով, անկախ մարդկանց կուսակցական պատկանելիության, ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտության մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա: Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն ու ապահով: Անցումային կառավարությունը պետք է երաշխավորի արդար ու ազատ ընտրությունները», — նշել է Տավուշի թեմի առաջնորդը:
«Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ: Կառավարությունը պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները, պետք է մերժի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունը՝ զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը, ապավինելով սեփական ժողովրդի կամքին», — հավելել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա շեշտել է, որ չպետք է ճանաչի որևէ ուժով ձևավորված իրողություն՝ չվավերացնելու ուժի կիրառման արդյունքները: «Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը »,- հայտարարել է շարժման առաջնորդը:
Նա նաև շեշտել է, որ պետք է ջանքեր գործադրվեն՝ ազատագրելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և գերության մեջ գտնվող այլ անձանց:
Բագրատ Սրբազանը շեշտել է, որ պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանտվություն՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով և ժողովրդի ցանկությամբ, սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ են իրավաբանների հետ քննարկումներ, որոնք երկու օրվա ընթացքում կհստակեցվեն:
Նշել է, որ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ թիմի անդամ: Շարժման առաջնորդն ասել է, որ մինչև նոր հայտարարություն հանրահավաքներ չեն լինելու, պարզապես կոչ է արել դուրս գալ փողոց, առավոտյան 8-ից փորձել պարալիզացնել Երևանը և Հայաստանի այլ շրջաններ:




