Երաժշտական եռանկյունի

Վաչե Շարաֆյան. երաժշտությունը արվեստների խաչմերուկում. «Երաժշտական եռանկյունի»

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ մեր զրույցի երկրորդ մասում անդրադարձանք նրա աշխատանքներին դրամատիկական և օպերային թատրոններում, բալետներին և բազմաթիվ համագործակցություններին՝ արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող արվեստագետների հետ՝ Հայաստանում և միջազգային ասպարեզում: Առավել նշանակալից միջազգային համագործակցությունը նա համարում է իր մասնակցությունն աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի և ալտահար Յուրի Բաշմետի հրավերով «Մետաքսե ճանապարհ» նախագծում, որին նաև իր մասնակցությունն է բերել դուդուկահար Գուրգեն Դաբաղյանը: Համերգները տեղի են ունեցել Բրյուսելում, Ամստերդամում, Միլանում, Հռոմում և ԱՄՆ-ի Կարնեգի հոլում, Ստենֆորդի համալսարանում 2001 թվականին:

«Կարծում եմ ժամանակակից երաժշտությանը հատուկ է այլ արվեստների ներգործությունը, և այդ առումով առավել հետաքրքիր իմ աշխատանքը եղել է հայազգի նկարիչ և պերֆորմեր Գևորգ Մուրադի հետ Մետրոպոլիտեն թանգարանում, 2018 թ.»,- կիսվում է կոմպոզիտորը: ԱՄՆ-ի հետ ստեղծագործական կապերը շատ արդյունավետ են, օրինակ՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով կոմպոզիտորը գրել է իր «Երկրորդ սիմֆոնիան»: Հատուկ տեղ են գրավում նրա ստեղծագործության մեջ օպերային ժանրը և բալետը: Նա գրել է «Աբգար թագավոր» և «Ռեքվիեմ անապատի համար» օպերաները, որոնցից վերջինի հիմքում Սոնա Վանի բանաստեղծություններն են: Բալետը նույնպես կոմպոզիտորի ստեղծագործական ոլորտներից է, Գյուրջիևի մասին մեկ գործողությամբ «Երկրորդ լուսին» բալետը և Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսի հիմքով երկու գործողությամբ համանուն բալետը: 2023 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ «Ձգողականություն» բալետի առաջնախաղը՝ հրավիրված ռեժիսոր Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ:

Կոմպոզիտորը աշխատում է նաև թատրոնի ոլորտում, գրել է երաժշտություն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Սասնա ծռեր» և «Պեպո» ներկայացումների համար: 2024-ի առաջնախաղերից է «Բալագանչիկ» ներկայացումը՝ Պարոնյանի անվան թատրոնում, որի համար երաժշտությունը նույնպես գրել է Վաչե Շարաֆյանը:

Կինոյի ոլորտում կոմպոզիտորն աշխատել է Ատոմ Էգոյանի հետ՝ գրելով երաժշտություն «Արարատ» ֆիլմի համար, և Ջուլիանո Տավիանիի «Արտույտների ագարակը» ֆիլմի համար: «Ի դեպ, իմ դեբյուտը կինոյի ոլորտում եղել է Վիգեն Չալդրանյանի առաջարկով, գրել էի իմ «Լակրիմոզան»՝ թավջութակի, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար»՝ «Մաեստրո» ֆիլմի համար: Առհասարակ իմ կինոերաժշտությունն ապրում է սեփական կյանքով՝ բազմիցս կատարվելով Հայաստանում և Եվրոպայում: Վերջերս գրել եմ երաժշտություն՝ Սուրեն Բաբայանի ֆիլմի համար, որը թուրքերենով է և պատմում է 1915 թվականի Մեծ եղեռնի իրադարձությունները թաքցնելու մասին»,-ասում է կոմպոզիտորը:

Հարկ է նշել նաև Շարաֆյանի աշխատանքը մնջախաղի ոլորտում, նա գրել է երաժշտություն «Շերանիկ» և «Քավության նոխազ» ներկայացումների համար:

Մի քանի շաբաթ առաջ Օպերային թատրոնում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «Հալելու» Սուրբ ծննդյան երգերի առաջնախաղը:

Back to top button