ԿարևորՄշակույթՌեպորտաժներՏեսանյութեր

Վերանորոգվում է Մարիինյան թատրոնից բերված, Կապանի՝ պատերազմ տեսած հանրահայտ երգեհոնը

Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի երգեհոնը Կապանի քոլեջի համերգային դահլիճում տեղադրվել է 1976թ։ Նույն տարում վերանորոգումից հետո առաջին անգամ հնչել է 460 հոգու համար նախատեսված համերգային սրահում: Երգեհոնն ու երգեհոնային դահլիճը վնասվել են 1988-1994 թթ.՝ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ Կապանը հրետակոծվում էր: Ծնունդով կապանցի, թավջութակահար Սևակ Ավանեսյանը որոշել է վերանորոգել այդ պատմական երգեհոնն ու երաժշտական փառատոն կազմակերպել։ Այն անցկացվելու է այս տարվա հուլիսին։

Անվանի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն ասում էր՝ երգեհոնն իմ զավակն է։ Սյունեցիները մինչ օրս փայփայում են այդ զավակին։

Այն 1976 թ–ին էր Լենինգրադի Մարիինյան թատրոնից տեղափոխվել Կապան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին էր արտադրվել: Ընդամենը 4 հազար խորհրդային ռուբլով Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Մինասյանի եռանդուն ջանքերով էր այն բերվել Սյունիք։ 1988-1994 թթ.՝ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ Կապանը հրետակոծվում էր, երգեհոնը նույնպես վնասվում է։ Արկերի հետքերը մինչ օրս կան երգեհոնի վրա։

Ծնունդով կապանցի, թավջութակահար Սևակ Ավանեսյանը որոշել է վերանորոգել այդ պատմական երգեհոնն ու երաժշտական փառատոն կազմակերպել հայրենի քաղաքում։

Երգեհոն վերանորոգելը բավականին բարդ ու երկար պրոցես է։ Մասնագետները հրավիրվել են արտասահմանից, նրանք երկու ամիս պետք է ապրեն Կապանում։

«Բերեցինք երգեհոն վերանորգող երկու մասնագետի տեսան ու հիացան։ Ինքը իսկականից հիասքանչ գործիք է։ Գործում է շատ ֆալշ, շատ վատ վիճակում, բայց նվագում է։ Մենք սկսում ենք իր վերանորոգումը»։

Իսկ երգեհոնային դահլիճի վերանորգման միտքը հղացել է դեռ անցած տարի,երբ Կապանում անցկացվում էր դաշնամուրային երաժշտության փառատոն։ Ի դեպ՝ նույն այդ երգեհոնային դահլիճում այսօր գտնվում է մի ռոյալ, որը նույնպես շատ բարդ ճանապարհ է անցել, մինչև  հասել է Կապան։

«Երբ հանդիպեցինք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին, ասեց, որ ամեն ինչով կօգնի, որպեսզի փառատոնը կայանա։ Ես էլ այդ ժամանակ խոստացա՝ դե որ այդպես է, մենք էլ ձեզ կօգնենք, որ ունենաք ռոյալ»։

Երաժիշտը պատմում է՝ սկսվում են դաշնամուրի փնտրտուքները՝ երկրե երկիր է գնում, և վերջապես Վիեննայում գտնում է այն դաշնամուրը, որը պետք էր։ Բայց դաշնամուրի գինը շատ ավելին էր, քան նախատեսել էին։ Ի վերջո, վաճառողի հետ համաձայնության են գալիս, ու դաշնամուրը ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան։ Սևակն ասում՝ դա էլ մի ուրիշ պատմություն էր, հատուկ մեքենա են գնում ու այն վարելով ռոյալը բերում, հասցնում են Կապան։

Կապանի երգեհոնային դահլիճը շատ հայտնի էր Խորհրդային Միությունում․ «Ամբողջ կյանքում լսել եմ, որ Կապանում ինչ–որ երգեհոնային դահլիճ կա, որ յուրահատուկ ձայն ունի։ Անկեղծ ասած՝ շատ չէի հավատում, բայց երբ եղա դահլիճում հասկացա՝ ոչինչ չափազանցված չէ։ Այդ դահլիճում նվագել է Գերգիևը, Էմիլ Գիլելսը ու Սովետական Միության շատ արտիստներ տարեկան մեկ անգամ ելույթ են ունեցել»։

Արմատներով կապանցի  թավջութակահար Սևակ Ավանեսյանին հայ հանդիսատեսը ճանաչեց հիմնականում 2020 թ–ի պատերազմի ժամանակ,երբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վերջին անգամ հնչեցրեց Կոմիտասի «Կռունկը»։ Սևակն ասում է, որ իրեն այդպես միայն Հայաստանում են ճանաչում։

«Իմ հանդիսատեսը, ոնց կար, այդպես էլ մնաց, հաջորդ օրն իսկ ինձ բոլորը ճանաչում էին, բայց ես դա չէի արել ճանաչելի դառնալու համար։ Փորձում էի այդ շորերը չհագնել, «Կռունկը» նվագել միայն ծայրահեղ դեպքում։ Դա մեր ազգի աղոթքն էր այդ ժամանակ ու մեր ազգի պատմական ցավոտ էջերից մեկն էր, որից մենք պետք է դասեր քաղենք»։

Ի դեպ թավջութակահարը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, համատեղում է երաժշտությունն ու սպորտը: Սևակն ասում է՝ սպորտը ևս նրբություն է պահանջում, ինչն իրեն տալիս է երաժշտությունը։

«Մի շատ մեծ տարբերություն կա երաժշտության ու սպորտի միջև՝արվեստի գեղեցկությունը, որը մարդն է հորինել, իսկ կռիվները դա բոլորիս գենի մեջ է։ Ցանկացած մարդ ,ճիշտ և սխալ իրավիճակում, կռվողը դուրս է գալիս, երբ  քո մեջ եղած կենդանուն հանում ես, հղկում ու դնում ռինգ՝ ինքդ քո հետ ես ծանոթանում»։

Back to top button