«Եթե վաղօրոք խելք գործ չդրվի, ստրուկը յուր հողով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, եւ այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը… Ժամանակը շատ մոտեցած է եւ կարծվածից ավելի մոտեցած… Հիմնական եւ խելացի հնարը փրկության՝ հողը եւ երկրագործությունն է»,- գրել է Միքայել նալբանդյանը 1862թ.՝ զգուշացնելով գյուղացիական ապստամբության մոտալուտ հնարավորության մասին:
«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը երիտասարդության ամենից սիրելի գիրքն էր: «Հայրերն այն կարդացել են իրենց որդիներին և պատվիրել հետևել այդ գրքի՝ քարոզած գաղափարներին…»,- հիշում է Արփիար Արփիարյանը:
Հողը գյուղացիներին իբրև սեփականություն և ազատություն. ինչպես սովետական տարներին էին կատակով ասում, Նալբանդյանը այնքան ազատության մասին խոսեց, որ ի վերջո, ձեռքերը կապած ԿԲԳ-ի դիմաց կանգնեցրին:
Ժամանակը ցույց տվեց, որ Նալբանդյանը ճիշտ էր: «Ով որ այսօր հող չունի, վաղը հաց չունի». Սա Պոլսի «Մեղու» հանդեսի՝ Նալբանդյանի՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» տեսության վրա 1862թ. հունիսի համարներից մեկում խմբագրապետ Հարություն Սըվաճյանի առաջնորդող հոդվածից է:
Ահա գյուղատնտեսության զարգացման, հող մշակելու և բարիք ստանալու համար ճարտարագետները, հատկապես ամերիկաներում և եվրոպաներում նորարարական քայլեր էին անում:
Մթերանոց երկրագործական մեքենաներու, փոկերու (քայըշ) եւայլն եւ այլն.Կ. Պոլիս, Ղալաթիա, Բէրշէմպէ-Պազար 25: Գործակալք Ուօլդըր Ա. Վուտ (WALTER A. WOOD) համբաւաւոր հնձող մեքենաներու: Այ Սթէֆանոյի մէջ զոյգ մը ձիով մէկ ժամուն մէջ չորս տէօնիւմ տեղ հնձուած է:
Վերոնշյալ ամերիկյան Walter էբբօթթ Wood ընկերությունը 1852-ին գյուղատնտեսական 2 մեքենաների արտադրությունից 1865-ին վերաճեց 8000 մեքենա արտադրող ընկերության՝ վաստակելով ավելի քան 1200 մրցանակ և ահռելի շահույթ: 1867 թվականին էլ Վուդի կուրծքը զարդարվեց Նապոլիոն 3-ի կողմից ստացված պատվավոր լեգիոնի խաչով, ապա՝ Վիեննայում Ֆրանց Յոզեֆ 1-ի կողմից կայսերական շքանշանով:
Որպես Հանրապետական կուսակցության անդամ, նա 2 անգամ ընտրեց կոնգրեսական՝ ՆյուՅորքի 17-րդ թաղամասից: Մեռավ պնևմանիայից: Բայց նրա ֆիրմայի արտադրանքը վայելեցին մեր հայրենակիցները Արևմտյան Հայսատանում շնորհիվ ներմուծող Լօութըն եւ Ընկերության.
Ուօլթըր Ա. Ուտ-Համբաւաւոր հնձող մեքենաներ
Արօրներ, մանկեռներ, զատիչներ, զանազան տեսակ հունտեր զատելու եւ մաքրելու հոսիչներ: Չոր խոտի, յարդի, բամբակի համար ձեռքի մամուլներ որոցմով 70 — 90 քիլոնոց հակեր կը շինունի:Ուտի հնձող մենքենայ գնողներուն հարկ եղած երաշխաւորութիւնն ու յանձնարարականները ցոյց կը տրուին: Մէկ ժամու մէջ զոյգ մը ձիով 4 տէօնիւմ եւ զոյգ մը եզով 3 տէօնիւմ արտ կը գործէ:
Լօութըն եւ Ընկ. 25 եւ 28 , Բէրշէմպէ բազար Կալաթա:
19-րդ դարի ավարտին առևտրի կազմակերպման մի նոր մոտեցում է մեջտեղ գալիս: Վաճառատները ներկրում էին նորագույն տեխնոլոգիաներ: Դրանք բնականաբար թանկ էին և ճանաչողական փուլի կարիք ունեին: Այդ նոր սարքավորումները ցուցադրվում էին, այսպես ասած, showroom-ներում՝ աշխատելով հավանական սպառողի հետ: Եվ միայն պատվեր ստանալով՝ ներկրում էին տվյալ ապրանքը:
Կայալովի եւ ընկերութեան մագազին, Դվօրցօվոյ փողոց, գալերէյ նախկին Արծրունու N 102: Ընդունում է պատուէրներ բերել տալու իսկական ամերիկական մեքենաներ բամբակ գզելու համար 18 րուբլ, 25 սղոցներով, պատուիրողների համար ամենաձեռնտու պայմաններով:
Նույնկերպ ամերիկյան արտադրության ապրանքների անհատական պատվերով էր վաճառքը կազմակերպում Թիֆլիսում բացված այգեպանական և կենցաղային սարքերի Ս. Բէտանէլլի , Հ. Վարդանեանի և ընկերների Ռուս-ամերիկեան վաճառականութեան խանութը :
Նկ. սարք 11
Մամուլը մեզ պատմում է այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտի արդիականացումը, մեքենայացումը օրակարգային հարց է եղել:
Արտասահմանից ներմուծվող ապրանքների պահանջարկը մեծ էր, ինչը նաև ենթադրել է որոշակի վերապատրաստում կամ նոր գիտելիքի կարիք: Թիֆլիսում Հայոց հրատարակչական ընկերությունը ծանուցում է տեղադրել տեղի հայկական մամուլում, առ այն, որ լույս է տեսել մի կարևոր բառարան:
Լոյս տեսաւ Լեւոն Խան-Աղեանի «Գիւղատնտեսական գործիքներ եւ մեքենաներ» բացատրական բառարանով և 250 նկարով: Հրատարակութիւն Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերութեան: Գինն է 50 կոպէկ:
19-րդ դարի 90-ականներին Նյու-Յորքում հրատարակվող «Արարատ ամսօրեա»-ն ագարակատերերի, այգետերերի համար գովազդում էր Հալբըրթ ընկերության ճկուն, տեղափոխելի ցանկապատերը նկ.
Իսկ Պոլսի «Հայրենիք»-ը ծանուցում է «ամեն տեսակ ծաղիկներու» մեծ վաճառատան՝ «Միմիքօ պահչէպանօղլու» մասին, որը նաև վեհ սուլթանի մատակարարն է և առաջարկում է ծաղիկների հունտեր, պտղատու և զարդարանքի ծառեր, տունկեր, նաև առաջարկում է թատրոնների, պարահանդեսների սրահների ծաղկային ձևավորումների ծառայություններ, պատրաստում է պսակներ, նախագծում է պարտեզներ, այսինքն՝ կատարում է լանդշաֆթի դիզայն ամենահարմար գներով:
«Ծաղկասէրներուն.
Ծաղկասէրները որք կ՛ուզեն ունենալ ամէն տեսակ ծաղկի թարմ եւ առողջ հունտեր, ինչպէս նաեւ պարտէզի գործիքներ Ֆրանսայի եւ Անգլիոյ լաւագոյն գործարաններէն ելած, պէտք է դիմեն հունտերու անգլիական մթերանոցը նախկին տուն Միքինօ, Բէրշէմպէ –պազար, Էօմէր փողոց, Ղալաթիա:Հունտերու գնոց ցանկ մը ձրիաբար կը ղրկուի խնդրողներուն»:
Նման մի ծանուցման մասին էլ կարդում ենք Թիֆլիսի «Նոր դար»-ում, թե՝ «Թիֆլիսի այգեպանութեան դպրոցում ծախւում են զանազան պտղատու և զարդի ծառեր ու թուփեր՝ մէկից մինչեւ քսան տարեկան»:
Ինչպես նաև, որ լեհական Պոդզամչիի ծառատունկերի վարչութիւնը ի դեմս դրա կառավարչի առաջարկում է «Անտառային ծառատեսակների և պտղատու զանազան հասակի մեծ քանակութեամբ ծառեր եւ տունկեր: Պատկերազարդ պրէյս կուրանտներն ուղարկւում են ամեն պահանջողի ձրի»:
Սա էլ գյուղատնտեսական, այգեգործական սարքերի գովազդների մասին, որոնք առանձնացրել էին արևմտահայ և արևելահայ մամուլից:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: