Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ծանոթ մարդկանց դիերը հողի տակից փորել-հանելուց վատ բան չկա երևի․ Հայկ Միքայելյան․ «Կյանքին ասել այո՛»

Հայկ Միքայելյանը ծնվել է 2001 թվականին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո 2019-ին ընդունվել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան։ Նույն թվականին զորակոչվել է բանակ՝ ծառայելով Էջմիածնի ուսումնական զորամասում, ապա՝ Ստեփանակերտի զորամասերից մեկում։ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է հիմնականում Ասկերանում և Շուշիում։ «Պատերազմից ամենատպավորիչը ծառայակից ընկերների դիերի հանումն էր։ Ծանոթ մարդկանց դիերը հողի տակից փորել-հանելուց վատ բան չկա երևի»,-ասում է Հայկը։ Զորացրվելուց հետո նա որոշեց թողնել ուսումն ու ամբողջությամբ նվիրվել հայրենի գյուղում հիմնած ընտանեկան բիզնեսին։ Հին Շինուհայրի յուրօրինակ մշակույթն ու խոհանոցը միավորող «Հնձանի» մասին այսօր քաջատեղյակ են հատկապես Սյունիք այցելող օտարերկրյա զբոսաշրջիկները։ Հայկի խոսքով՝ բոլորս ենք հասկանում, որ Արցախից հետո վտանգավոր թիրախում է հայտնվել նաև Սյունիքը, որը պահելու միակ երաշխիքը, նրա համոզմամբ, հայրենի հողից կառչելն է։ Տեսանյութում օգտագործվել են կադրեր Հանրային հեռուստաընկերության՝ «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարից։

Back to top button