Վերնատուն

Որակյալ արվեստի ու մշակույթի կրողը հասարակության երկու տոկոսն է․ «Վերնատուն»

Հայաստանյան ամենատարբեր մշակութային հարթակներում խոշոր մշակութային իրադարձություններ են տեղի ունենում, խորքային, բովանդակային բարձր որակ ունեցող, արվեստային, բայց դրա կրողը միայն հասարակության 2 տոկոսն է՝ ասում է  լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը։

«Ես սովորաբար սիրում եմ ասել, որ մենք 2 տոկոսանոց հասարակություն ենք, որը որակյալ արվեստի ու մշակույթի բովանդակության սպառողն է և այն, ինչ արվում է, ցավոք, մնում է այդ 2 տոկոսանոց հասարակության սեփականությունը», – ասում է Արայիկ Մանուկյանը։

Որակյալ մշակութային բովանդակությանը պետք է հեռուստատեսային գովազդային արձագանք, այն պետք է տարածվի գոնե սոցիալական գովազդի տեսքով՝ ասում է Մանուկյանը՝ նշելով, որ  ամենամասսայական կայքերում մշակույթը վերջին տեղում է։

Խոսելով արվեստի ու մշակութային հեղինակությունների, դրանց իրական դերակատարման մասին՝ նշում է, որ մշակույթը դեռ չի ազատականացվել «սովետական» մոտեցումներից։

«Մեր մշակույթի կառավարումը իր խորքային էությամբ դեռ սովետական է, չի ազատագրել քաղաքացուն, տարիներ առաջ էի գրել, որ պետք է ապասովետականացնել մշակույթը։Կարդացի, որ Շառլ Ազնավուրի արձանի նոր մրցույթ է հայտարարված․ ամենասովետական մոտեցումն է։ Ազնավուրի արձանը պետք է դնել երեխայի ներսում, դպրոցում, որ երեխան Ազնավուրի երգի ու արվեստի կրողը դառնա», – ասում է Արայիկ Մանուկյանը։

Նա YouTube-ում ստեղծել է «Ժառանգություն» art Կոնցեպտ բովանդակությունը, որտեղ ներկայացված են հատվածներ հայ հեղինակների լավագույն գործերից, արժեհամակարգային նշանակություն ունեցող մտքերից։ Նախագիծը, ինչպես հեղինակն է ասում, կրթական նպատակ ունի։

Back to top button