Վերնատուն

Թումանյանի թանգարանի այցելությունը Արգենտինա և Ուրուգվայ․ «Վերնատուն»

Հովհաննես Թումանյանի թարգարանի տնօրեն Անի Եղիազարյանը խոսում է Արգենտինա և Ուրուգվայ կատարած իր այցելությունների մասին։ Երկրորդ տարին է Թումանյանի թանգարանը Արգենտինայի և Ուրուգվայի հայ համայնքների կողմից հրավիրվում է իրականացնելու թումանյանական, մշակութային կրթական ծրագրեր։

Անի Եղիազարյանը հանդիպումներ է ունեցել տեղի մի շարք կրթական մշակութային կենտրոններում․ դպրոցներում, Ուրուգվայի պետական համալսարանում, պաշտոնական հանդիպումներ՝ տեղական մարմինների հետ, մի շարք միջոցառումներում հանդես է եկել բանախոսություններով՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի կյանքը, մարդասիրական ու հասարակական գործունեությունը։

«Հայկականության շնչով մշակութային ու կրթական հանդիպումները չափազանց կարևոր են երկուստեք` միմյանց հետ հաղորդակից լինելու, առավել խորքային ճանաչելու և հետագայում համագործակցային նոր եզրեր գտնելու համար։ Հայ համայնքի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի հետ մշտական հաղորդակցությունները, նաև՝ Թումանյանի ընտրանու որակյալ իսպաներեն թարգմանությունը», – ասում է Անի Եղիազարյանը։

Խոսելով Ուրուգվայի համալսարանի հանդիպումների մասին` ասում է ուսանողների կողմից հետաքրքրությունը շատ մեծ էր։ Մեկ տարի է, որ համալսարանը հնարավորություն է ստեղծել հայկական համայնքի համար ունենալ հայ գրականության պատմության դասընթացը և հենց այդ դասընթացի շրջանակներում Անի Եղիազարյանը հանդես է եկել Թումանյանի ու նրա արդիականության մասին բանախոսությամբ։

«Ուսանողների խնդիրը թարգմանաբար կարդալ ու գրողին ավելի մոտիկից ծանոթանալն էր։ Իսպաներենով Թումանյանի ստեղծագործությունների չափազանց քիչ թարգմանություն կա, եղածն էլ՝ հիմնականում մանկական գրականություն, հեքիաթներ»։

Անի Եղիազարյանն ասում է, որ այս շփումները ստիպում են առավել կարևոր ու շոշափելի որոշումներ կայացնել ու քանի որ ստեղծվել են ամուր կապեր, նպատակ ունեն առաջիկայում իսպաներենով հրատարակել Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին, գուցե արգենտինյան որևէ հրատարակչության հետ համագործակցությամբ։

Back to top button