Սփյուռքի ձայնը

Կոմիտե, որ հասցնում է համայնքի ձայնը կառավարությանը. «Սփյուռքի ձայնը»

Բելգիայի հայերի կոմիտեն 100-ամյա պատմություն ունի։ Այն հիմնադրվել է ներգաղթյալ հայերին օգնելու և համայնքի խնդիրները Բելգիայի կառավարությանը հասցնելու համար։

Այսօր կոմիտեի գործառույթներն ավելացել են։ Միայն հայապահպան ու հայանպաստ գործունեություն չէ, որ տանում է, այլև քաղաքական դաշտում համագործակցություններ իրականացնում։ Լուռ ակցիաներ, Բելգիայի խորհրդարանում հայամետ բանաձևերի ընդունմանը նպաստող լոբբիստական աշխատանքներ և այլն։

Ինչպե՞ս են տարվում այդ աշխատանքները, որո՞նք են կոմիտեի այսօրվա մարտահրավերները․ զրուց Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ, կոմիտեի հասրակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Հարեյանի և կոմիտեի քարտուղար, երիտասարդական թևի պատասխանատու Տիգրան Ֆահրադյանի հետ։

«1920-թվականներին ստեղծված կոմիտեն Բելգիայում մինչ արդեն հաստատված հայերին համախմբելու նպատակ ուներ։ Իսկ հայերը Բելգիայում տարբեր մասնագետներ էին, որոնք երկրում արդեն ունեին իրենց ուրույն տեղը։ Փախստականի կարգավիճակ ունեցող հայերին օգնելու խնդիրն առաջացավ ցեղասպանությունից հետո։ Եվ այդ նպատակով էլ հիմնվեց կոմիտեն»,-ասում է Արմինե Հարեյանը։

Կոմիտեն տարիների ընթացքում դարձել է կառավարությանը՝ համայնքի խոսքը հասցնող մեկ ձայն, ասում են կոմիտեի անդամները։

«Այսօր մեր գերխնդիրը՝ Հայաստանի ու Արցախի խնդիրների ու հարևան պետության ոտնձգությունների մասին Բելգիայի կառավարությանը իրազեկելն է։ Մեր աշխատանքները Բելգիայի կառավարության հետ  վերջին շրջանում Հայաստանին ու Արցախին են վերաբերում։ 2020 թվականի պատերազմից հետո Բելգիայի խորհրդարանը մի շարք բանաձևեր ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանին։ Այս օրերին նույնպես նման բանաձևեր ընդունվեցին Բելգիայի խորհրդարանի կողմից, որոնք դատապարտում են Ադրբեջանին ու նրան հարող պետություններին։ Ցավոք, դրանք արտահայտվում են միայն բանաձևերի տեսքով, օրենքի ուժ չեն ստանում։ Բելգիայի կառավարությունը ընթացք չի տալիս դատապարտող օրենքների ընդունմանը և կիրառմանը՝ պայմանավորված ադրբեջանական լոբբիստական աշխատանքների ծավալայնությամբ  ու Բելգիա պետության շահերով։ Մեր խնդիրն այսօր կառավարության հետ անընդհատ  աշխատանքն է, պետության ու հասարակության հետ աշխատանքում հայամետ արդյունքներ գրանցելու համար»,— նկատում է Արմինե Հարեյանը։

Խոսելով Բելգիայի հայ երիտասարդների մասին՝ Տիգրան Ֆահրադյանը նշում է․ «Երիտասարդ հայերից շատերը, ցավոք, հայերեն չեն խոսում, չեն եղել հայրենիքում, չգիտեն անգամ այսօրվա մեր խնդիրների մասին։ Մեր նպատակն է նրանց մոտեցնել իրենց արմատներին՝ տարբեր միջոցառումների ու ծրագրերի շնորհիվ»։

Սփյուռքը միշտ պատրաստ է կանգնել Հայաստանի  կողքին։  Այստեղ են նաև որոշ հանդիպումներ ունենալու համար, ասում է կոմիտեի փոխնախագահը։  

Back to top button