Հայկական օպերային արվեստը հարուստ պատմություն ունի։ 19-րդ դարից մինչ 20-րդ դար անցել է տարբեր փուլերով, զարգանալով ժամանակների հրամայականների հետ համահունչ։
Լինելով ամենաբարդը բեմական արվեստներից, կապված լինելով պետական պատվերից (հատկապես խորհրդային շրջանում), այսօր ստեղծագործական առումով այն հայտվել է զարգացման ստորին հատվածում, ինչը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ պետությունը հետաքրքրված է բացառապես դասական նյութի բեմադրություններով։
Երկրում միակ օպերային թատրոնը երեսուն տարուց ավել չի անդրադառնում ժամանակակից հեղինակների ստեղծագործությանը, իսկ կոմպոզիտորների ներքին մղումները բավարար չեն, որպեսզի ժանրը հարստանա նոր օպերաներով։ Այս իրողությունների ֆոնի վրա, առավել արժեքավոր ենք համարում երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի անդրադարձը ժամանակակից գրական նյութին՝ Արամ Պաչյանի հանրահայտ «Ցտեսություն, ծիտ» վեպին, և նոր օպերայի ստեղծման մտահղացումը։
«Ես անչափ տպավորված էի Պաչյանի վեպով, նրա արդիականությամբ և մերկացնող ազնվությամբ, ինչպես նաև իրականի և ոչ իրականի համակցությամբ։ Կարդալով այն ես մտածեցի որ այն կարող է հիմք հանդիսանալ օպերայի լիբրետտոյի համար և առաջարկեցի գրողին փորձել համատեղ աշխատանք սկսել»,- ասում է Արսեն Բաբաջանյանը։
Դիմելով Գերմանիայի դաշնության Մյունխեն քաղաքի քաղաքապետարանին, նա առաջարկում է սատար կանգնել նոր օպերայի ստեղծմանը։
«Ընդհանուր առմամբ ես 4 անգամ այցելեցի Գերմանիա, ուր ստեղծված էին բոլոր պայմանները կոմպոզիտորի հետ արդյունավետ համագործակցության համար՝ աշխատում էինք պատկերների, սյուժեյի, տեքստի վրա, որն ի դեպ, պետք է նաև թարգմանվեր անգլերենով։ Ինձ համար առաջին դեպքն էր ստեղծագործելու գրական ֆորմայից դուրս՝ օպերան իր պայմանականություններն ու օրինաչափություններն ունի, որոնց պետք է ենթարկել գրական ֆորման՝ ինչը անչափ հետաքրքիր փորձ էր ինձ համար»,-խոստովանում է Արամ Պաչյանը։
Օպերայի առաջնախաղը տեղի ունեցավ Մյունխենում, այն տեսագրվեց և ֆիլմի տեսքով օրերս ներկայացվեց նաև Հայաստանում։ Կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը նշում է որ ընտրել է յուրահատուկ երաժշտական լեզու և ոչ նվագախմբի ոչ ավանդական կազմ, ներկայացման մեջ ներգրաված է նաև երգչախումբ։ Ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, համարձակ լուծումներն ու ստեղծագործական գյուտերը պետք էր օգտագործել ճիշտ կերպով, որպեսզի ընդգծվի գրական նյութի ոճային և բովանդակային բաղադրիչը։
«Ցտեսություն, ծիտ» օպերան ժամանակակից երիտասարդ երկու արվեստագետների ստեղծագործության արդյունք է, որը սնվում է մերօրյա պատմական, հոգեբարոյական և երաժշտական իրականությունից, արտահայտում մշակութային միջոցներով այսօր ապրող մարդու և իրականության բախումն ու դրաման։
Հաղորդման ընթացքում, առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում հնչում են հատվածներ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի և գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» օպերայից։