ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա․ ԱՄՆ–ն չի հանդուրժի ԼՂ–ում էթնիկ զտման որևէ փորձ

Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա, այլևս ոչ մի հետաձգում` Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

«Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։ Այլ երթուղիներ էլ կարող են բացվել, բայց Լաչինը պետք է բացվի, դա քննարկման ենթակա չէ»,- նշել է Քիմը։

«Պետք է չմոռանանք, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ինչը հրատապություն է հաղորդում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին աջակցելու մեր հանձնառությանը»,- նշել է պաշտոնյան։

Նա շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանվեն»։

«Սա կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի էական բաղկացուցիչ է։ Ադրբեջանը պետք է տրամադրի միջազգայնորոն ընդունելի երաշխիքներ, որ նրանց իրավունքները հարգվում են և նրանք հնարավորություն ունեն առանց վախի իրենց տներում մնալ»,- շեշտել է Յուրի Քիմը:

«Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ», – նշել է ամերիկացի պաշտոնյան։

Նա շեշտել է, որ ստատուս քվոն ԱՄՆ–ի համար բացարձակապես անընդունելի է։

«Մենք չենք դադարեցնի աշխատանքը, քանի դեռ չենք հասել լուծման. բազմիցս շեշտել ենք, որ այդ միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր երթևեկության համար։ Մենք բազմաթիվ առիթներով այս ուղերձը փոխանցել ենք Ադրբեջանի ղեկավարության բոլոր օղակներին՝ ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով։ Սննդի, դեղորայքի, մանկական կաթնախառնուրդի և էներգիայի հասանելիությունը երբեք չպետք է պատանդ պահվի»,- ասել է պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը:

Back to top button