Երաժշտական եռանկյունի

«Տրիպտիխ Աստվածամոր» համաշխարհային պրեմիերա․ «Երաժշտական եռնակյունի»

Դիրիժոր, երգիչ, «Սաղմոսերգու» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանի հետ առիթներ ունեցել ենք զրուցելու հայ հոգևոր երաժշտության և երգչախմբային արվեստի մասին, բայց այս անգամ հյուրընկալել ենք հանրային ռադիոյում որպես՝ կոմպոզիտորի, հասարակությանը ներկայացնելով առաջին անգամ իր հեղինակած «Տրիպտիխ Աստվածամոր» եռամաս խմբերգային ստեղծագործությունը, գրված Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա։

«Այս գործը նվիրում եմ մայրիկիս։ Ընտրել եմ Նարեկացու «Մատեան»-ից այն դրվագները, որոնք նվիրված են Աստվածամորը, ստեղծելով եռամաս խմբերգային կտավ արական, կանանց և խառը երգչախմբերի համար»,-ասում է Վահե Բեգոյանը։

Հեղինակը նշում է, որ նարեկյան տեքստը հանդիսացել է իր համար հիմնական ներշնչանքի աղբյուր, իսկ ստեղծագործության եռաչափ ձևը թելադրվել է սեփական գեղագիտական տեսլականով, ուր «Սաղմոսերգու» արական կազմի և «Գեղարդ» կանացի երգչախմբի մասնակցությամբ կատարվել են «Տրիպտիխ»-ի առաջին և երկրորդ մասերը, այնուհետև՝ երրորդ մասը՝ երկու երգչախմբերի մասնակցությամբ։

Հայտնի է, որ ժամանակակից կոմպոզիտորների անդրադարձը հոգևոր երաժշտությանը հազվադեպ է՝ հիմնականում ակադեմիական ոլորտի կոմպոզիտորները աշխատում են աշխարհիկ երաժշտության ձևաչափերի սահմաններում։ Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով, նախ՝ հոգևոր երաժշտության պատվիրատուն պետք է հանդիսանա եկեղեցին, իսկ սեփական մղումներով հոգևոր բնույթ ունեցող ստեղծագործությունները միևնույնն է կատարվում են աշխարհիկ բեմերից։

Այնպես է ստացվում, որ եթե չլինի կոմպոզիտորի ներքին մղումը, ապա թվում է, որ պահանջարկը նման ստեղծագործությունների առհասարակ բացակայում է։ Դա բացատրելի էր խորհրդային շրջանում, երբ հոգևոր, կրոնական երաժշտությունը արգելված էր և չէր խրախուսվում, բայց անբացատրելի է անկախության երեք տասնամյակից ավել ժամանակաշրջանում։

Բնականաբար այս հանգամանքը պետք է խնդիրներ առաջացնի ստեղծագործողների համար, քանի որ բացի ստեղծագործությունը գրելուց, նաև այն պետք է հնչեցնել, կատարել։ Այս իսկ պատճառով «Տրիպտիխը» ձայնագրվեց հանրային ռադիոյի տաղավարում և պատրաստվեց հեռարձակման համար։

Այստեղ հարկ է նշել Վահե Բեգոյանի դիրիժորական ձիրքի և խմբերգային արվեստին փայլուն տիրապետելու հանգամանքները, որոնք ցուցադրում են գեղագիտական ամբողջականություն, կատարյալ անսամբլային հնչեղություն և տեմբր, ինչպես նաև մանրակրկիտ, «ասեղնագործ» աշխատանք երկու երգչախմբերի կատարող-երգիչների հետ։

Ստեղծագործության կոմպոզիցիոն առանձնահատկություններին անդրադառնում է ժամանակակից հանրաճանաչ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը, ով հայտնի է իր բազմաթիվ հոգևոր երաժշտական կտավներով և չափազանց բարձր է գնահատում Բեգոյանի դիմելը նարեկյան տաղերին, իր մասնագիտական գնահատականները տալիս նոր ստեղծագործությանը։

Երաժշտագետ Լուսինե Սահակյանը նույնպես արժեորում է Բեգոյանի «Տրիպտիխը»՝ մատնանշելով ստեղծագործության բազմաթիվ կարևոր ասպեկտները, որոնք նաև ճիշտ կուղղորդեն ռադիոլսողին։

Ինքը՝ Վահե Բեգոյանը ստեղծագործությունը նկարագրելիս՝ խոստովանում է, որ չնայած, այն բոլոր առումներով ժամանակակից գործ է, բայց իր պատկերացմամբ ամբողջովին տեղավորվում է միջնադարյան հոգևոր երաժշտության գեղագիտական, հնչյունային և կառուցվածքային տարածքների մեջ։

Գոհունակությամբ հայտնում ենք, որ Վահե Բեգոյանի «Տրիպտիխ Աստվածամոր» եռամաս կտավի համաշխարհային պրեմիերան կայանում է հանրային ռադիոյի «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի այս թողարկման շրջանակում, «Սաղմոսերգու» երգչախմբի եվրոպական (Իտալիայում և Գերմանիայում) համերգային շրջագայության օրերին, նվիրված Ներսես Շնորհալու 850-ամյանի տարելիցին։

Back to top button