Այս տարի հունիսի 6-ին լրանում է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակը։
Հանրային ռադիոյի երաժշտական խմբագրությունը այս կապակցությամբ հայտարարում է խաչատրյանական միամսյակ։
«Դասական երաժշտությունը և մենք» հաղորդաշարի շրջանակներում կանդրադառնանք մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններին, հանրահայտ ու քիչ հայտնի գործերին, ինչպես նաև նրա անձին և գործունեությանը։
«Երեխաների պաշտպանության տոն»-ին ընդառաջ, եթերը նվիրվում է կոմպոզիտորի դաշնամուրային այն պիեսներին, որոնք ընդգրկված են նրա «Մանկական ալբոմում»։
Ալբոմը ստեղծելիս Խաչատրյանը չփորձեց երաժշտական լեզուն դիտավորյալ պարզեցնել, հասարակացնել։ Ոչ մի այսպես ասած սեթևեթանք, ոչ մի պրիմիտիվիզմ։ «Մեծ երեխա»։ Այսպես էին նրան հաճախ անվանում։
«Ստեղծագործելիս նա երբեք ծանր ու թեթև չէր անում, մտածելով հատուկ չէր կառուցում երաժշտությունը, այն ինչ նա հանձնում էր թղթին՝ իր հոգու պոռթկումն էր, նա երգում էր իր երաժշտությունը՝ բնական ու ազատ, իր բարի, իր մեծ սրտով»։
«Իսկական գեղագետը այն մարդն է, որը մանկությունը կրում է գրպանում»։ Այս արտահայտությունը ասես հենց նրա՝ Արամ Իլիչ Խաչատրյանի մասին է։