Վերնատուն

Ձեռարվեստը նաև մարդկային որակներ է դաստիարակում․ «Վերնատուն»

Ի՞նչ են սովորեցնում արհեստները ժամանակակից մարդուն, ինչո՞ւ է կարևոր արհեստների կրթությունն ու զարգացումը մեր ժամանակներում։

«Մեզանում տարիներ շարունակ մի թյուր կարծիք կա, որ արհեստով պիտի զբաղվեն նրանք, ովքեր չեն հաջողվել մյուս բնագավառներում։ Արհեստով զբաղվելը պիտի ներառվի մարդու ընդհանուր զարգացման մեջ, ինչպես խոսել, գրել–կարդալ, երգ ու պար սովորելը։ Դա նոր ստեղծագործական լիցքեր, դժվարությունները հաղթահարելու ինքնավստահություն, հոգեկան ամրություն է և ստեղծագործական բերկրանք է տալիս, այդ փոքր ձեռքբերումները կյանքում ուրիշ իրավիճակներում պետքական են դառնում։ Արհեստները, և ձեռարվեստն առհասարակ, մարդկային որակներ են դաստիարակում», – ասում է Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։

Մաքրամեի վարպետ Գեղանուշ Թովմասյանը մասնագիտությամբ ռադիոինժեներ է։ Մաքրամեն հոբբիից դարձավ մասնագիտություն։ Օրերս իր երկարամյա փորձն ու գիտելիքները ամփոփել է «Մաքրամե․ գեղարվեստական հանգույցահյուսք» գրքում, որտեղ ներկայացված են մաքրամեի պատմությունն ու անցած փուլերը, մաքրամե հյուսելու հմտությունները։

«Հանգույցահյուսքը արհեստի ամենահին տեսակներից մեկն է։ Ոչ ոք չի կարող ասել առաջին հանգույցը որտեղ և որ երկրում է ծագել։ Մաքրամեի մեջ կա մի ցանց, որը կոչվում է «հայկական ցանց» և ամենուր հայտնի է իր այս անվանումով։ Կան հանգույցներ, որ զուտ հայկական են, վկա են մեր խաչքարերի զարդանախշերը, մանրանկարչությունը», – ասում է Գեղանուշ Թովմասյանը։

Նախկինում արհեստները շատ կարևոր դեր են ունեցել մեր ժողովրդի կյանքում։ Չկար մեկը, որ որևէ արհեստ չիմանար, անկախ իր մասնագիտությունից։ Դա ոչ միայն ինքնության ցուցանիշ է, այլև որոշակի մտածողություն է փոխանցում ապագա սերունդներին, ու շատ կարևոր է ոչ միայն սովորեցնել , այլ ցույց տալ դրա գործածության տեղը՝ դարձնելով այն մեր առօրյայի, տոնական ու ծիսական արարողությունների կարևոր մաս»,– նշում է Լալա Մնեյանը։

Back to top button