Վերնատուն

Ցույց տալ իրականությունը և խոսել հանուն ճշմարտության․ Օտտո Դիքսի հայաստանյան ցուցադրությունը․ «Վերնատուն»

Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի, Երևանում Գյոթե կենտրոնի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ, Գեղագիտության ազգային կենտրոնում օրերս բացվեց 20–րդ դարի գերմանացի ավանգարդիստ գեղանկարիչ, գրաֆիկ Օտտո Դիքսի 1920–24 թվականներին արված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Օտտո Դիքսն իր արվեստում ցույց է տվել առաջին համաշխարհային պատերազմի ողջ սարսափները և հետպատերազմյան «ոչնչացված» սերնդի կենսակերպը:

Արվեստագետը կրել է 20-րդ դարի ավանգարդ արվեստի գրեթե բոլոր ուղղությունների ազդեցությունները՝ ֆուտուրիզմից մինչև դադաիզմ և էքսպրեսիոնիզմ` հիմնելով «նոր իրեղենություն» ոճը: Սակայն Օտտո Դիքսը արվեստի պատմության մեջ հայտնի դարձավ հատկապես պատերազմին նվիրված իր շարքերով։

«Դատապարտող փորագրանկար» խորագրով հայաստանյան ցուցահանդեսում ներկայացված է 86 փորագրանկար։

«Մեզ համար սկզբունքային էր, որ Հայաստանում ցուցադրվի պատերազմի շարքը, որ դեռևս հարյուր տարի առաջ նույնպիսի վերապրումներ են եղել և որ յուրաքանչյուր հասարակություն վերապրել է հետպատերազմյան աղետն ու հասարակության դեգրադացիան», – ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր Սոնա Հարությունյանը։

«Ցուցահանդեսի կարևոր շեշտադրումն ուղղված է ոչ միայն նոր բան իմանալուն, այլ նաև նոր բան սկսելուն։ Այս ցուցահանդեսում փորձեցինք ստեղծել արդիության զգացումը, խոսել ոչ թե առաջին համաշխարհային պատերազմի մասին, այլ առհասարակ այն մասին, թե ինչ է իր հետ բերում պատերազմը և ինչու անգամ հարյուր տարի անց այդ շղթան չի ընդհատվում», – ասում է արվեստաբան, ցուցահանդեսի համադրող Սոնա Հովհաննիսյանը։

Back to top button