Ժամանակի վկան

Հուշագրությունը՝ կարևոր սկզբնաղբյուր․Միհրան Մինասյան․ «Ժամանակի վկան»

Ի՞նչ է հուշագրությունը, որքանո՞վ է այն կարևոր, ի՞նչ գիտական նշանակություն ունի, որո՞նք են այն պարտադիր պայմանները, որոնց համապատասխանությունը հուշագրությունը դարձնում են արժանահավատ, ո՞ր փուլու՞մ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող հուշագրությունների ուսումնասիրությունը․ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել այս հաղորդման մեջ։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի խորհրդական և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արևելագիտության բաժնի խորհրդական, արաբագետ, թարգմանիչ, հայագետ, ցեղասպանագետ, ձեռագրագետ, արխիվագետ Միհրան Մինասյանի հետ ներկայացնելու ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշագրությունների ուսումնասիրության արդի փուլը։

Նախ պարզենք, թե ի՞նչ է հուշագրությունը, որքանո՞վ է կարևոր հուշագրության հեղինակի շարադրման ոճը և շարադրանքի ճշմարտացիությունը, անկեղծությունը և այլ որակներ։

Հուշագրությունները պատմական կարևոր սկզբնաղբյուրներ են, որոնք լրացնում են պատմական իրադարձությունների նկարագրությունը, հարստացնելով տեղի ունեցած դեպքերը նոր դրվագներով ու փաստերով։ Հայոց պատմության համար առանձնահատուկ արժեք ունեն Հայոց ցեղասպանության մասին վերապրածների հուշագրությունները։

Դեռևս բազմաթիվ անտիպ հուշագրություններ կան՝ անհատական և կենտրոնացված արխիվներում պահպանվող, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս կամ հրապարակվում են, և նոր լույս են սփռում հայոց պատմության ամենաողբերգական էջի վրա։ Հուշագրությունները նաև տվյալ ժամանակաշրջանի, վայրի կամ հասարակական խմբի վերաբերյալ արժեքավոր ժողովրդագրական, բանահյուսական, ազգագրական, մշակութային, կենցաղային, բնակլիմայական բազմազան մանրամասնություններ և տվյալներ են պարունակում։

Անցյալում տպագրված հուշագրություններից առավել ճանաչվածներից հիշենք մի քանիսը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2020 թվականից սկսած առանձին մատենաշարով տպագրում է ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունները, որոնք պահվում են թանգարանի արխիվում։

Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների ուսումնասիրության մեջ խորացած մասնագետն այսօր աշխատում է ավարտին հասցնել գրող Արամ Անտոնյանի անձնական արխիվում պահպանվող և հայ աքսորյալ-գաղթականների համակենտրոնացման ճամբարներին վերաբերող հուշագրություններն առանձին աշխատությամբ հրատարակելու կարևոր գործը։

Ամփոփելով հաղորդումը  հյուրս՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի խորհրդական և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արևելագիտության բաժնի խորհրդական Միհրան Մինասյանը հորդոր-խնդրանքով դիմեց մեր հայրենակիցներին, բոլոր ունկնդիրներին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնել իրենց մոտ պահվող հուշագրությունները կամ դրանց պատճենները։

Back to top button