Ժամանակի վկան

Վանա լճի Լիմ կղզին և վանքը պատմության քառուղիներում․ Պետրոս Թովմասեան․ «Ժամանակի վկան»

«Վանա լիճի Լիմ կղզին եւ վանքը պատմութեան քառուղիներուն» աշխատությունը իրաքահայ պատմաբան Պետրոս Թովմասեանի 8-րդ գիրքն է, որը հրատարակել է ԳԱԱ պատմության ինստիտուտը 2022 թվականին։ Այս համահավաք աշխատությամբ հեղինակը փորձել է ամբողջացնել Վանա լճի Լիմ կղզու և վանքի պատմության, գիտության և մշակույթի պատկերը։

Գիրքը նվիրված է հեղինակի հորը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Մովսես Թովմաս Ամիրխան Թովմասեանի հիշատակին։

Պետրոս Մովսես Թովմասեանը իրաքահայ պատմաբան է։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների առաջին սերնդի ներկայացուցիչ է։ Ծնվել է Իրաքի Բասրա քաղաքում 1954 թ․։ Ավարտել է Բաղդադի Հայոց ազգային Միացյալ երկրորդական վարժարանը 1971 թ․, և Բաղդադի համալսարանի երկրաչափական բաժանմունքը՝ 1976 թ․։ Որպես հայոց պատմության դասախոս աշխատել է Իրաքում, Հորդանանում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում։

Շուրջ ութ տարի կնոջ՝ Հրաչուհի Պողոսյանի հետ, բնակվում է Երևանում։
Հիշեցնեմ, որ «Ժամանակի վկան» հաղորդաշարի համացանցային արխիվում կարելի է ունկնդրել Պետրոս Թովմասեանի մասնակցությամբ այլ հաղորդումներ նույնպես։

Ավելի տիպական, քան 19-րդ դարի անվանի ազգագրագետ, եկեղեցական Երեմիա Տևկանցի բնորոշումն է Լիմ կղզու մասին, կարծում եմ, չկա․ «Աստուածաբնակ կղզի ցանկալի»։ Իսկ այնտեղ հիմնված Լիմ անապատը դարեր շարունակ, նույնիսկ մոնղոլական տիրապետության շրջանում՝ 1231-1411 թթ․,  հանդիսացել է Հայաստանի կարևոր մշակութային ու կրթական օջախներից մեկը։

Լիմ անապատի վանական համալիրի զարդը՝ Սբ․ Գևորգ եկեղեցին, հայ ճարտարապետության յուրատեսակ գոհարներից էր։

Չնայած որ Լենկ Թեմուրի 1394 թվականի, ապա կարա-կոյունլուների արշավանքների հետևանքով ստեղծված անբարենպաստ վիճակին, Լիմ անապատի վանահայրերը շարունակում էին դպրության գործը։

Նշանավոր պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ Թովմա Մեծոփեցին (1378-1446 թթ․) մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստանեց Լիմ կղզում։ Նրա ներկայությունն ավելի խթանեց դպրության զարգացումը։

1441 թ․ Հայոց Հայրապետական Աթոռի հաստատումը Ս․ Էջմիածնում և 1465 թ․ Հայկական թագավորության վերականգնման փորձը Վասպուրականում, մասնավորապես, Աղթամար կղզում, պատմական իրադարձություններ էին, որոնք ազդեցին նաև Լիմ կղզու և այնտեղ եղած կառույցների վրա։

Հաջորդ երկու պատմաշրջանները՝ 1442-1469 թթ․ կարա-կոյունլուների և 1471-1508 թթ․ ակ-կոյունլուների  տիրապետության ժամանակահատվածներն էին, որոնց ընթացքում Վասպուրականը և հարևան տարածքները կռվախնձոր էին վաչկատուն ցեղերի միջև։

Սեֆյանների տիրապետության շրջանում իրավիճակն ավելի վատթարացավ։

16-րդ դարի կեսից Օսմանյան և Սեֆյան կայսրությունների միջև ընթացող ռազմական գործողությունների թատերաբեմ Հայաստանի տարածքները ենթարկվեցին անխնա ավերածությունների։ Վանը զգալիորեն տուժում էր նաև պարբերաբար կրկնվող երկրաշարժերից։

17-րդ դարում հայ դպրոցն ու մշակույթը փոքր-ինչ թեթևացած շունչ քաշեցին։ Լիմում կյանքը նույնպես զարթոնք էր ապրում։

Լիմ անապատի պատմության մեջ առանձնահատուկ կարևորություն ունի 1722 թ․ գաղտնի խորհրդաժողովը։

1763 թվականը Լիմ կղզու պատմության մեջ նշանավորվեց  Սիմեոն Ա․ Երևանցի կաթողիկոսի այցելությամբ։

Նկատենք նաև, որ 18-19-րդ դարերում Լիմ անապատը հանդիսացել է խոշոր կալվածատեր վանքերից մեկը։

19-րդ դարի առաջին կեսին Լիմ անապատը թալանվեց քրդական ազատագրական շարժումների, մասնավորապես, Բետրխանի շարժման և, ապա՝ հարձակումների հետևանքով։ Իսկ ռուս-թուրքական երեք պատերազմները ծանր ազդեցություն ունեցան նաև Վանի հոգևոր թեմի վրա։

Լիմ անապատը մշտապես գրավել է այցելուներին։ Նրանց մեջ շատ են անվանի անձինք։
19-րդ դարավերջին Լիմի թեմը միացավ Կտուցի թեմին։

Հայոց ցեղասպանությունից առաջ և ընթացքում Լիմ կղզին ապաստան դարձավ հայկական գյուղերի բնակչության համար։ Լիմի հերոսամարտերի շնորհիվ հազարավոր հայեր փրկվեցին։

1918 թ․ մարտյան նահանջի ընթացքում Լիմում ապաստանած վերջին 3 հազար հայերը հարկադրված անձնատուր եղան թուրքերին։

Լիմ անապատն ունեցել է հարուստ մատենադարան, որի մի քանի հազար ձեռագրերից Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են ընդամենը 306, Էջմիածնում՝ 281, իսկ Ս․ Ղազար կղզում՝ 2 ձեռագիր։

Back to top button