Վերնատուն

Համո Բեկնազարյանը «ոչնչից» կինո ստեղծեց․ «Վերնատուն»

Հայ կինոյի 100-ամյակի առիթով լույս է տեսել «Համո Բեկնազարյան» եռալեզու պատկերագիրքը, որը ներկայացնում է հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։

«Բեկնազարյանը հայ մշակույթի պատմության խոշորագույն դեմքերից մեկն է։ Գիրքն առիթ էր՝ մանրամասն ծանոթանալու Բեկնազարյանի կյանքին և գործունեությանը և իրապես գնահատելու նրա մեծությունը»,– ասում է կինոգետ, թարգմանիչ, գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը։

Կինոգետը նշում է, որ հայկական կինոյի սկզբնավորման տարիներին՝ 1920–ականներին, Հայաստանը պատրաստ չէր կինեմատոգրաֆ ունենալու։ Բեկնազարյանը ծանր փորձությունների, դժվարությունների և աղքատության շրջանում «կինո ստեղծեց»։

«Ինչպես Աստված արարեց աշխարհը ոչնչից, այդպես էլ Բեկնազարյանը արարեց կինոն գրեթե ոչնիչից կամ զրոյից»,– ասում է Բոյաջյանը։ Ըստ նրա՝ հայկական կինոյի հետագա ընթացքն անկասկած պարտական է Բեկնազարյանի ավանդներին։

«Բեկնազարյանն իր ստեղծագործությամբ կանխորոշել է հայկական կինոյի դիմագիծը և ուղենշային գործեր է նկարահանել։ Բեկնազարյանի «Անահիտը» ֆիլմի կադրերը իրենց ոճաբանությամբ և ձևավորմամբ հիշեցնում են Փարաջանովի «Նռան գույնը», Բեկնազարյանի շատ գործերում տեսանելի են հետագայում մեծ ճանաչում ստացած հայակական ֆիլմերի ակունքները՝ և՛ պատկերային, և՛ ռեժիսորական առումով, որոնք իրենց հետքն են թողել հայկական կինոյի հետագա ընթացքի ու զարգացման համար»։

Խոսելով «Համո Բեկնազարյան» պատկերագրքի մասին՝ կինոգետը նշում է , որ գրքում Բեկնազարյանին դիտարկել է ոչ թե հայակական կինոյի լոկալ երևույթ, այլ տեղադրել նրան, ինչպես ինքն է ասում, համաշխարհային կինոյի «կոորդինատային համակարգում»։

«Այս գիրքը համարում եմ ներածական, Բեկնազարյանին նվիրված հարգանքի և պատկառանքի ձոն և շատ ուշացած», – ասում է Բոյաջյանը։

Back to top button