Վերնատուն

Միասին ունկնդրել հնչյունը, աղմուկն ու լռությունը. «Վերնատուն»

Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկել է «Ունկնդիր» աշխատարանը, որը վարում են երաժշտագետներ Լեոպոլդո Սիանոն և Շուշան Հյուսնունցը։ Խոսելով երաժշտության, հնչյունի և աղմուկի հետ հաղորդակցվելու, լսելու և ունկնդրելու ներբությունների մասին՝ Շուշան Հյուսնունցն ասում է․ «Մեր օրերում բարձր երաժշտությունն ամենուր է, բայց արդյո՞ք մենք լսում ենք այն»։

Երաժշտագետը նշում է, որ երաժշտությունը առօրյայում շատ հաճախ ծառայում է որպես ֆոն՝ գնումներ կատարելիս, սրճարանային միջավայրերում կամ այլ գործողություն կատարելիս։ Դրանք հաճախ արագ ռիթմեր են՝ մարդկանց շտապողականությունն էլ ավելի ակտիվացնող, արագ գործողությունների մղող․ դա համաշխարհային մարկետինգային պրակտիկա է խանութներում և սուպերմարկետներում։

«Ունկնդիր» աշխատարանը տարիների մտորումների արդյունք է։ Երբ մենք սկսեցինք մտածել ակուստիկ աղմուկի, ակուստիկ էկոլոգիայի հարցերի շուրջ, երբ սկսեցինք ուսումնասիրել Մարայ Շեֆերի ստեղծագործությունները, որը խոսում է ակուստիկ էկոլոգիայի մասին, երբ ծանոթացանք կոմպոզիտոր Պաոլին Օլիվերոսի հետ, որը խոսում էր «խորը լսելու» պրակտիկաների մասին, այդ ամենը ուսումնասիրելով և ծանոթանալով, նաև տեսնելով մեր օր–օրի ավելի աղմկոտ դարձող աշխարհը, հասկացանք, թե ինչ կարևոր է լսելը և սկսեցինք ինքներս մեզնից», – ասում է Շուշան Հյուսնունցը։

Լեոպոլդոն և Շուշանը որոշեցին խմբի հետ աշխատել՝ խմբակային վարժություններ անել, միասին բացահայտել ունկնդրելու «տեսակները» և մեր փոփոխվող ընկալումները։ «Առօրյան մեզ հաճախ այլ տեղ է տանում, մենք՝ երաժիշտներս, շատ հաճախ լսում ենք նպատակային, տեխնիկական, միջնորդավորված և հաճախ մոռանում ենք հնչյունների անցողիկությունը, քանի որ այն ծնվում է լռությունից և գնում է դեպի լռությունը», –ասում է Շուշանը։

«Առաջին աշխատարանը լռության մասին էր։ Մենք սկսեցինք լսել լռությունը․ բացահայտելով լռությունը՝ բացահայտեցինք, որ չկա լռություն, ինչպես Ջոն Քեյջն էր ասում «լռություն գոյություն չունի», մենք վարժանքներ ենք անում՝ զգայունության, փոքր հնչյունները ընկալելու նպատակով», – նշում է երաժշտագետը։

Շուշան Հյուսնունցն ասում է՝ ունկնդրելու առաջին նախապայմանը դատարկություն ստեղծելն է, մտքերն ազատելն ու կենտրոնանալը։ «Լսելու ժամանակ մենք հաճախ շեղվում ենք տարբեր թեմաներով, երազներով, մտքերով։ Դրանք հեռացնում են մեզ մեր «հիմայից», ներկայից, քանի որ հնչյունը դա ներկան է, մնացած մտքերը անցյալի ու ապագայի մասին են, եթե մենք կենտրոնացած գնանք յուրաքանչյուր հնչյունի հետևից, կարող ենք ասել, որ մենք խորապես լսեցինք»։

Աշխատարանը Առնո Բաբաջանյան համերգասրահում շարունակական է, այն բոլորի համար է՝ և՛ երաժիշտների, և՛ ոչ երաժիշտների։

Back to top button