Երկրորդ շնչառություն

Հայաստանում ամենաշատը տարածված է անոթային դեմենցիան․ «Երկրորդ շնչառություն»

Ըստ ՄԱԿ-ի հետազոտությունների՝ բնակչության մոտ 15 տոկոսի մոտ կան կոգնիտիվ ոլորտի հետ կապված խնդիրներ, և, կանխատեսումների համաձայն, 2050 թվականին դեմենցիա ունեցողների թիվը կրկնապատկվելու է աշխարհում։

ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության հարցերով գլխավոր խորհրդատու, հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը տեղեկացրել է, որ դեմենցիան ախտորոշում է նեղ մասնագետը միայն կես տարի դիտարկումներ և հետազոտություններ անելուց հետո։

Դեմենցիայի առաջին նշանների պարագայում՝ նեղացկոտություն, ցրվածություն, մեկուսացում, բնավորության գծերի սրացումներ և վարքային խանգարումներ, հարկավոր է դիմել բժշկի։ Այսօր մարդիկ կարող են դիմել նաև ընտանեկան բժիշկների, ըստ անհրաժեշտության նրանք կուղղորդվեն նյարդաբանի կամ հոգեբույժի։

Բժշկի խոսքերով դեմենցիան նորմալ ծերացումից տարբերվում է նրանով, որ կարող է ի հայտ գալ ավելի վաղ տարիքում, բայց ավելի շատ պատահում է 60-ից հետո։ Բացի դրանից, ճանաչողական ֆունկցիաների խանգարումները դեմենցիայի պարագայում ավելի արտահայտված են և հանգեցնում են հարմարվողականության խնդիրների և սոցիալական մեկուսացման։

Ամբողջ աշխարհում դեմենցիայի ամենաշատ տարածված տեսակը Ալցհայմերի հիվանդությունն է, ապա անոթային դեմենցիան։ Վերջինը Հայաստանում շատ է տարածված։ Հիվանդության առաջացմանը նպաստող գործոնները լինում են շտկվող և անխուսափելի։ Ծերությունը, ժառանգականությունը և սեռը դասվում են չշտկվող գործոնների թվին։

«Ապացուցված է, որ կանայք ավելի են հակված դեմենցիայի, քան տղամարդիկ»,-հավաստիացնում է բժշիկը։ Իսկ զարկերակային գերճնշումը, էնդոկրին հիվանդությունները, մասնավորապես, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, կարելի է բուժել՝ այդպիսով կանխարգելելով դեմենցիան։

Կանխարգելումն ու վաղ ախտորոշումը դեմենցիայի պարագայում նույնպես չափազանց կարևոր են, քանի որ թույլ են տալիս բարելավել կյանքի որակն ու երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը։

«Դեմենցիայի բուժման հիմնական նպատակը հենց բուժառուի համար որակյալ կյանք և սոցիալականացում ապահովելն է»,- ասում է բժիշկը։ Պետական առողջապահական քաղաքականությամբ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն այս տարի սահմանված են որպես առաջնահերթություն, իսկ դեմենցիան դրա անքակտելի մասն է։

Մասնագետը տեղեկացրել է, որ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը Դավոսի Ալցհայմերի համագործակցության դրամաշնորհի շրջանակում դեմենցիայի վաղ կանխարգելման նպատակով մեր երկրում կատարում է լայնածավալ սքրինինգային հետազոտություն, և տվյալները շատ օգտակար են լինելու առողջապահական համակարգի համար։

Back to top button