Գերդաստաններ

Բադալյաններ․ 27 բժիշկ՝ մեկ գերդաստանում․ «Գերդաստաններ»

Ներկայիս Իրանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Խոյ բնակավայրը Պարսկահայքի գլխավոր քաղաքներից էր։ Այն արդյունաբերական քաղաք էր, ուներ շատ ծաղկազարդ այգեստաններ ու բարեբեր դաշտեր։

19-րդ դարի վերջին Խոյի ութ հայաբնակ գյուղերից զգալի թվով հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան։ Նրանցից էին նաև Բադալյանները, որոնք հաստատվեցին Արտաշատում։ Այս գերդաստանից շատերը դարձան հայտնի բժիշկներ և զգալի ավանդ ունեցան Հայաստանում և Ռուսաստանում բժշկագիտության զարգացման գործում։

Այս գերդաստանի նախապապը Անդրեաս Բադալի Սարկիսյանն էր, հետագայում Բադալի հետնորդներն իրենց ազգանունը դարձնում են ապուպապի անունով։ Բադալյանները, գալով Հայաստան, բնակություն են հաստատում սկզբում Վերին Արտաշատում, ապա Երևանում՝ այսօրվա Պուշկինի փողոցում գտնվող 46 տանը։

Պատմում են, որ նրանց նախնիներից Սարոն այնքան հաղթանդամ էր, որ յափնջին ուսին գցած տան դռան մի փեղկով չէր կարողանում ներս մտնել, և դրա համար բացում էին երկու փեղկն էլ։ Եվ հսկայական, չորսհարկանի կոմոդը, որի մեջ կնոջ օժիտն էր, մի անգամ մենակ վերցնում և տեղափոխում է ֆուրգոնի մեջ։

Նա հասարակական գործիչ էր և գյուղի փրկության կոմիտեի անդամ, բայց այսքանով հանդերձ՝ հասկանում էր նաև բժշկությունից ու շատերին է փրկել տիֆի համաճարակից։
Նրա որդիներից Սիմոնը հիմնում է պահածոների գործարան և արժանանում մրցանակի, առևտրական կապեր հաստատում տարբեր երկրների հետ։ Անձամբ ծանոթ էր մեծահարուստ առևտրական Սավա Մորոզովի հետ և նրա հետ համագործակցում էր առևտրի ոլորտում։

Բժիշկ Հովհաննես Բադալյանի ընտանիքում 1929 թվականին ծնվում է նրա ավագ որդին՝ Գուրգենը, որը Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատում է Հայաստանի տարբեր շրջաններում։ Դուստրը՝ Գայանեն, ասում է, որ իր գերդաստանի անդամներին անչափ նվիրված անձնավորություն էր հայրը։


Գուրգեն Բադալյանի ավանդը մեծ է շնչառական ֆունկցիայի անբավարարության խնդիրների ուսումնասիրման մեջ։ Նա գտել է բրոնխիալ անցանելիության որոշման անհրաժեշտ, օբյեկտիվ մեթոդը, որը ժամանակին մեծ քայլ էր շնչառական անբավարարության դասակարգման համար։

Մեծ դեր է ունեցել նաև հիպերտոնիկ հիվանդությունների և սրտամկանի սուր ինֆարկտի ախտորոշման և հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածության ուսումնասիրման գործում։

Գուրգեն Բադալյանի գրչին են պատկանում 150-ից ավելի գիտական հոդվածներ. «Սրտային ասթմա» և «Բրոնխյալ անցանելիությունը սրտային հիվանդությունների դեպքում» մենագրությունները, «Դիագնոստիկա» և «Ներքին հիվանդությունների ախտորոշում» դասագրքերը։

Դոցենտ Մանուկյանը նրա մարդասիրական վերաբերմունքի մասին գրել է. «Ես նրա առաջին ասպիրանտն էի, և իմ թեկնածուական թեզի որոշ մասի աշխատանքները կապված էին սարքի մեջ մեծ քանակով սնդիկի գործածման հետ, նա անհանգստացավ, որ դա կարող է իմ առողջությանը վնաս պատճառել, և աշխատանքի այդ մասն իրագործելու համար, նախկին մեթոդը փոխարինվեց այլ մեթոդով։ Նա նաև շատ հյուրասեր մարդ էր, հաճախ էր աշխատակիցներին հրավիրում իր ամառանոց և նրանց համար լավ հանգիստ կազմակերպում»։

Հովհաննես Բադալյանի մյուս որդին՝ Լևոն Բադալյանը բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր, ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ 1963 թվականից մինչև 1994թվականը ղեկավարել է Մոսկվայի Պիրոգովի անվան 2-րդ բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետի նյարդային հիվանդությունների ամբիոնը և բժշկական գենետիկայի լաբորատորիան։ 1964 թվականին եղել է Մոսկվայի գլխավոր նյարդախտաբանը, իսկ 1971 թվականից մինչև 1994 թվականը ԽՍՀՄ նյարդախտաբանների և հոգեբույժների ընկերության փոխնախագահը։

Նրա գիտական ուսումնասիրությունները նվիրված են գենետիկայի և նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններին։

Մինչև այսօր Արտաշատում պահպանվել է Բադալյանների հին տունը, որը վերանորոգում է Համիկ Բադալյանը։ Ասում է՝ ով գիտի, գուցե Մոսկվայից տեղափոխվի իր հայրական, հնամենի, նվիրական տուն, չէ՞ որ այստեղ իր նախնիների շունչն է ու օրհնությունը։
Այս գերդաստանի միջին սերնդի ներկայացուցիչները՝ Գայանե, Հակոբ և Համիկ Բադալյանները, նույնպես բժիշկներ են։

Գերդաստանն ունի շնորհալի երիտասարդներ, որոնք իրենց աշխատանքն են շարունակում այստեղ և արտերկրում։

Back to top button