Ժամանակի վկան

Ակադեմիկոս Հերունու եզակի ռադիոօպտիկական աստղադիտակը․ Արևիկ Սարգսյան․ «Ժամանակի վկան»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանի հետ քննարկելու ենք ակադեմիկոս Պարիս Հերունու՝ աշխարհում միակ ռադիոօպտիկական աստղադիտակի հիմնադրման, գործարկման և կոնսերվացման պատմությունը։

Պարիս Հերունի

Ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի և ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտների ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, նաև հայագետ, ակադեմիկոս Պարիս Հերունին ծնվել է Երևանում՝ մանկավարժների ընտանիքում։ Հոր կողմից հաճնեցի, իսկ մոր կողմից իգդիրցի գիտնականն ունի նաև հայագիտական աշխատություններ, ունի բազաթիվ գյուտեր, որոնցից ՝ օրինակ՝ 1991 թ․ ներկայացված «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, որը սակայն մոռացության է մատնված, չնայած որ այլ պետություններ դեռևս հետաքրքրություն են դրսևորում դրա նկատամբ։ Քչերը գիտեն, որ Հերունին զբաղվել է նաև գեղանկարչությամբ։

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել Պարիս Հերունու մեկ այլ գյուտի՝ աշխարհում միակ ռադիոօպտիկական աստղադիտակի տարածքը զվարճանքի կենտրոնի վերածելու, մասնավորապես, այդտեղ կառավարության թողտվությամբ էլեկտրոնային երաժշտության փառատոնի կազմակերպման հարցով։

Արժևորելու և գնահատելու համար մեր ունեցած գիտական ներուժը և սերունդների թողած եզակի ժառանգությունը նախ պետք է ճանաչենք այդ արժեքները։ Այդ իսկ պատճառով պատմական համառոտ անդրադարձով տեղեկանանք ռադիոօպտիկական եզակի աստղադիտակի ստեղծման պատմությանը։

17 տարվա համառ պայքարի, անձնական նվիրումի ու հետևողականության շնորհիվ Պարիս Հերունուն հաջողվեց կյանքի կոչել գիտական հավակնոտ նախագիծը։ Աստղադիտակի վրա աշխատելու ընթացքում Պարիս Հերունին ստեղծեց գիտական նոր ուղղություններ։

Սակայն Սովետական Միության որևէ մետաղամշակման գործարանի ղեկավարություն չունեցավ համարձակություն ստանձնելու 4 հազար թիթեղից կազմված մակերեսով անտենան պատրաստելու պատասխանատվությունը։ Խնդիրը լուծվեց շատ հետաքրքիր ձևով՝ ձուլման հին հայկական ավանդական եղանակով՝ վարպետ Գրիգորի ձեռամբ։

Շինարարության ընթացքում նախագծի մեջ ևս մեկ փոփոխություն մտցվեց, որը նույնպես հաստատվեց և, որի շնորհիվ հիմնադրվեց աշխարհում եզակի ռադիոօպտիկական հայելային դիտակը։ Իրականությանը չեն համապատասխանում այն կեղծ պնդումները, թե ռադիոօպտիկական հայելային դիտակը սկզբից ևեթ ունեցած տեխնիկական շեղումների պատճառով չի գործարկվել։

Հայաստանի երրորդ Հանրապետության տարիներին Պարիս Հերունու գլուխգործոց ռադիոօպտիկական աստղադիտակը ճանաչվեց ազգային արժեք։ Այն շարունակեց գործել՝ նպաստելով բազմաթիվ գիտական ու կրթական ծրագրերի իրականացմանը։
2012 թվականից սկսվեց Պարիս Հերունու աստղադիտակի նոր ոդիսականը։

Լինելով նաև մեծ գիտնականի քրոջ դուստրը՝ Արևիկ Սարգսյանը ո՛չ միայն ի պաշտոնե, այլև հարազատի պատասխանատվության զգացումով մխրճվել է Հերունու ժառանգության դեմ մինչև օրս շարունակվող հակագիտական, անօրինական և ապազգային գործընթացներում՝ ստիպված լինելով պայքարել վարչարարական ապօրինությունների դեմ։

Արևիկ Սարգսյան

Թե ի՞նչ ընթացք ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանի հետագա պայքարը վարչարարության ու ապօրինությունների դեմ կիմանաք հաջորդ հաղորդման ընթացքում։ Ավելին, հիշեցնեմ, որ իշխանությունների թողտվությամբ նախապատրաստվում է էլեկտրոնային երաժշտության եռօրյա փառատոնի անցկացում Պարիս Հերունու՝ ազգային արժեք հանդիսացող ռադիոօպտիկական աստղադիտակի տարածքում։

Back to top button