Մոռացված ֆիլմերի ստվերները

Կաննի կինոփառատոնն ու Գրան պրին. ռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի կինոկենսագրության քրոնիկոնը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր, սցենարիստ Առնոլդ Աղաբաբովի ֆիլմերը մեկ անգամ չէ, որ մրցանակ են նվաճել միջազգային հեղինակավոր փառատոններում։

Բայց արի ու տես, որ միջազգային մրցույթներում հայկական կինոն ճանաչելի դարձրած կինոռեժիսորի ֆիլմերը, այդպես էլ անծանոթ մնացին հայ հանդիսատեսին։

Նրա սցենարով նկարահանված «Բարև, ես եմ» ֆիլմը առայժմ հայկական միակ լիամետրաժ կինոնկարն է, որը ներկայացվեց Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում։ Հայ ֆիլմարվեստում մեծ ներդրում ունեցող սցենարիստ, կինոռեժիսոր Առնոլդ Աղաբաբովն իր ուրույն ձեռագրով անուրանելի ավանդ ունեցավ հայ կինոյի պատմության մեջ։

Առնոլդ Աղաբաբով

Անցյալ դարի 70-ականների առաջին կեսին Առնոլդ Աղաբաբովը ռեժիսոր Արկադի Հայրապետյանի հետ իր պատմվածքներից մեկը վերածում է կինոսցենարի։ Բավականին երկար ժամանակ պահանջող այդ աշխատանքի ընթացքում նրանք հաշվի էին առնում հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող էին ծագել նկարահանման ընթացքում և մանրակրկիտ աշխատանքով հղկում էին դրանք։ Գործի ավարտին սցենարն ստանում է «Շեկ ինքնաթիռ» աշխատանքային անվանումը։

Երիտասարդ տարիքում Լևոն Թոքմաջյանը քարի վրա աշխատանքին զուգահեռ հաճախ էր ծառի չորացած բներից հետաքրքիր փայտյա քանդակներ ստեղծում։ Փայտարվեստի սրահի մի անկյունում փայտե հետաքրքիր քանդակների վրա աշխատող արվեստագետին նկատում է թանգարան այցելած Արկադի Հայրապետյանը։ Չորացած ծառերին երկրորդ կյանք պարգևելու գաղափարն այնքան է հետաքրքրում կինոռեժիսորին, որ նա որոշում է «Շեկ ինքնաթիռ» ֆիլմում մի դրվագ մտցնել, որտեղ Լևոն Թոքմաջյանը մարմնավորում է ինքն իրեն։

Լևոն Թոքմաջյան

«Այդ փոքրիկ էպիզոդը, որտեղ առավոտյան շուտ, Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում նստած քանդակագործը չորացած ծառից քանդակ էր ստեղծում, հստակ ուղերձ ուներ իր մեջ։ Իսկ ուղերձը հետևյալն էր, որ մեր քաղաքում արվեստը ստեղծվում է ամեն վարկյան և ամեն քայլափոխի»,- ասում է Լևոն Թոքմաջյանը։

1978 թվականին էկրան է բարձրանում Առնոլդ Աղաբաբովի և Արկադի Հայրապետյանի համագործակցության արդյունքում նկարահանած հերթական՝ «Արևիկ» երկսերիանոց հեռուստատեսային ֆիլմը։ Դրանից երկու տասնամյակ անց կինոգետ Սիրանույշ Գալստյանը հարցազրույցի նպատակով այցելում է Առնոլդ Աղաբաբովին և մինչև այսօր հիշում է այդ հանդիպումը, Աղաբաբովի աշխատասենյակը, գրամեքենան, որով գրվել էին հայկական կինոյի ամենաճանաչված ֆիլմերի սցենարները։ Այդ հարցազրույցի ընթացքում էլ Աղաբաբովը պատմել էր մի կուսակցական պաշտոնյայի՝ անհաջող ու ծիծաղելի սցենար գրելու պատմությունը։

Սիրանույշ Գալստյան

«Փաստորեն այդ կուսակցականն անգամ ավանս էր ստացել սցենար գրելու համար, բայց գործը, այսպես ասած, գլուխ չէր բերել։ Գևորգ Հայրյանը, այն ժամանակվա Կինեմոտոգրաֆիայի կոմիտեի նախագահը, իր մոտ է կանչում Առնոլդ Աղաբաբովին և ասում, որ նա փրկի դրությունը։ Աղաբաբովն էլ, գնահատելով իրավիճակը, հասկանում է, որ եթե չհամաձայնի, հետագայում նույն այդ պարտիականներն այնպիսի մի փորձանքի մեջ իրեն կգցեն, որ դժվար, թե նա կարողանա այդ ամենից չոր դուրս գալ։ Եվ այդպես, նա սկսում է աշխատել այդ սցենարի վրա։ Գրելու ընթացքում նա այնքան է ոգևորվում, որ գրում է մեկ այլ՝ նախնական տարբերակի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող մի կինոսցենար»,-պատմում է Սիրանույշ Գալստյանը։

Առնոլդ Աղաբաբովի և Արկադի Հայրապետյանի նկարահանած «Արևիկ» ֆիլմը հայկական կինոյի պատմության մեջ միակ կինոնկարն է, որն արժանացել է միջազգային փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակի։ Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, նշում է, որ խորհրդային տարիներին հաճախակի ցուցադրվող այս ֆիլմը հուզել, գերել և տպավորել է ոչ  միայն հայ, այլև խորհրդային երկրի տարբեր ժողովուրդների մեծ թվով հանդիսատեսի։

Անահիտ Հայրապետյան

«Մի աղջիկ գրեց ինձ, որ նա ծնվել է Դուշանբեում և իրեն անվանակոչել են այս կինոնկարի հերոսուհու պատվին՝ Արևիկ։ Եվ նա ինձ հարցրեց. «Ի՞նչ է նշանակում Արևիկ»։ Բացատրեցի, որ դա արև է և նա գրեց. «Իսկապես, որ այդ հերոսուհին արև էր»,- ասում է Անահիտ Հայրապետյանը։

Առնոլդ Աղաբաբովի բոլոր ֆիլմերը պատմություններ են մարդու, նրա հույզերի, ապրումների մասին, ինչը միշտ հետաքրքիր է և ինչի շուրջ պտտվում են աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները՝ քաղաքական, տնտեսական, բարոյական։ Հետևաբար բոլոր ժամանակների մարդու մասին պատմող այդ կինոնկարները հաճախակի ցուցադրվելու կարիք ունեն։

Back to top button