ԿարևորՏնտեսական

Խոտ կա, անասուն չկա

Խոտհունձը սկսված է․գյուղացին դժգոհ չէ, խոտն առատ է, անձրևներն են նպաստել, բայց այս տարի այլ խնդրի առաջ է կանգնել․ խոտ կա՝ անասուն չկա։

Գյուղում խոտհնձի ակտիվ սեզոնը սկսված է։ Ընտանիքում ինչքան կարող ուժ կա՝ դաշտում է։ Այս տարի նախորդ տարվա համեմատ խոտն առատ է, գարունն անձրևոտ էր՝ նպաստել է։ Գյուղացիների համար հունձը ծրագրելը հատուկ բանաձև ունի։

«Խոտհունձը բաժանում ենք մոտ 15 օրվա եղանակի տեսությունով, առաջինում խնդրում ենք՝ անձրև չգա։ Խոտը հնձում ենք, հավաքում ենք, սպասում ենք մի քիչ չորանա։Կապում ենք, տեղավորում ենք, էդ գործին ուղղակի պտի հավեսով մոտենաս»ասում է զրուցակիցս։

Խոտի պակաս չկա, գինն էլ գրեթե կրկնակի իջել է։ Նախորդ տարի մեկ հակը վաճառվում էր 2000-2500 դրամով․այս տարի վաճառվում է 1000 դրամով։

Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչ Նորայր Տոնոյանի հաշվարկով՝ բարենպաստ տարում մեկ հա-ից ստանում են  150-160 հակ։

«Մեկ հա-ից միջինը եթե կորնգանն է, յոնջա ու ցանովի խոտ, ապա 150-160, իսկ եթե անմշակ է՝ ուրեմն մոտ 100 տուկ»։

Այս տարի խոտի գինն իջել է, սակայն բարձրացել է  ինքնարժեքը։ Զրուցակցիս հաշվարկով՝ նախկինում ինքնարժեքը 200-250 դրամ էր, այս տարի հասել է մինչև 500 դրամի՝ չհաշված գյուղացու աշխատանքը։ Հաշվարկը 20 կգ կշռող 1 հակ-ի համար է։

«Անցյալ տարի 20 լիտր սալյարկին տվել ենք 5000 հազար դրամ, այս տարի 13 հազար դրամ։ Տուկի թելի 1 կգ-ն անցյալ տարի 1100-1300 դրամ էր,այս տարի 1600 դրամ է։ Իսկ մեկ հա-ն մեր գյուղում տրակտորը քաղում է 8000 դրամով՝ գումարած 10 լիտր սալյարկա։ Կամ էլ 1 հա քաղելու համար 15000։  

Այս տարի գյուղացին այլ խնդիրի առաջ էլ է կանգնել։ Խոտ կա, անասուն չկա։

«Անցած տարի հարկադիր մորթ եղավ, քանի որ խոտ չկար, ու այս տարի խոտ կա, բայց անասուն չկա։ Նախորդ տարիներին հարևան գյուղի եզդիները գալիս էին ու դաշտից միանգամից առնում էին խոտը, չէին սպասում պռեսից տուկը ընգներ գետին, բարձում, տանում էին։ Հիմա տուկերը մնացել են դաշտում»,-ասում է Նորայր Տոնոյանը։

Մարտիրոսցի Համլետ Եղիազարյանն արդեն մի քանի տարի է՝ հրաժարվել է խոտհարքից։ Հսկա հողատարածքներն այդպես էլ մնում են չհնձված։ Ասում է՝ կատարված ծախսն ավելի մեծ է լինում, քան օգուտը։

«3․5 հա հողաբաժնից ես հնձում եմ ընդամենը 600 քմ կամ կես հա։ Վառելիքը շատ թանկ է, թելը թանկացել է,տեխնիկաները շատ մաշված են,հերթերը շաբաթներ են քաշում, մինչև տեխնիկան գալիս է, էդ ընթացքում արդեն խոտը չորանում է։ Տեխնիկան էլ փչանալու դեպքում հավելյալ ծախս է առաջանում։ Ասենք՝ թելի 1 կգ առնում ենք 1300 դրամ, էս դեպքում 1 կգ փոխարեն օգտագործում ենք 3 կգ»,-ասում է Համլետը։

Զրուցակցիս խոսքով՝ նյարդերի ու գումարի վատնումն ավելի մեծ է, քան ստացվող եկամուտը։ Այս  պարագայում գյուղում ապրողը ստիպված է հրաժարվել անասուն պահելուց։ Ու ստացվում է, որ գյուղացին ինքն է հաճախ կաթ ու մածուն գնում։

 «Մեր Մարտիրոսում հիմա անասուն պահում է գյուղացիների մոտ 30 տոկոսը։ Եթե նախկինում  պահում էին 5 խոշոր ու ասենք 20 մանր անասուն, հիմա այդ նույն ընտանիքը պահում է 2 խոշոր եղջրավոր անասուն ընդամենն իր կարիքները հոգալու համար, քանի որ անասնապահությունը եկամտաբեր չէ»,-ասում է Համլետ Մարտիրոսյանը։

Back to top button