Դպրություն

2024թ․-ից կգործի ուսուցիչների պարտադիր ատեստավորման նոր կարգ․ «Դպրություն»

Պարտադիր ատեստավորման գործընթացում կատարված փոփոխությանը երկար էին սպասել ոլորտի պատասխանատուները։

«2021 թվականից վերսկսվեց պարտադիր ատեստավորման գործընթացը։ Եվ այս 3 տարիները բավարար էին, որ գերատեսչությունում պատկերացնեին, թե ի՞նչ հիմնական կարիքներ կան այս ուղղությամբ և որո՞նք ենք ցանկանում թիրախավորել, ո՞ր ուղղությամբ ենք ցանկանում տանել մեր աշխատանքները։ Մենք նկատեցինք, որ պարտադիր ատեստավորումը պետք է լինի տարբերակված», – ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Այսօր խոսում ենք ուսուցիչների մասնագիտական զարգացման մասին և պետք է ասեմ, որ տարիներ շարունակ մեր ուսուցիչները պարտադիր ատեստավորում են անցել 5 տարին մեկ անգամ, որը որոշակիորեն կրկնվող գործընթաց է եղել։ Արդյունքում՝ փաստաթղթերի հիման վրա ուսուցիչը ատեստավորվել է։ Հիմա ուսուցչի կարիքի գնահատում է իրականացվելու։ 2023 թվականին մշակել ենք ուսուցիչների մասնագիտական զարգացման չափանիշները, որտեղ տարբերակել ենք ուսուցիչների 4 խումբ։ Սա շատ կարևոր փաստ է։ Իրավական ակտերը, որ մեր բաժնում մշակվում են, կոնկրետ ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված, փոխկապակցված են և լրացնում են միմյանց, որի արդյունքում տարբեր բովանդակություն ունեցող մոդուլներով կերաշխավորվեն կազմակերպություններ, որոնք կվերապատրաստեն այն ուսուցչին, որի մոդուլով իրենք երաշխավորվել են», – ասում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։

«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։

Back to top button