ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ահնիձորը՝ մշակութային հայեցակարգի մոդելային գյուղ

Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատության ցուցանիշները մեղմելու և իրավիճակը փոխելու նպատակով «ՀրանտՄաթևոսյան» հիմնադրամը գյուղերի զարգացման հայեցակարգ է մշակել: Ահնիձորն ընտրվել է որպես մոդելային գյուղ: Լավ արդյունքներ գրանցելու դեպքում մոդելը կկիրառեն հարևան գյուղերում ևս: Հայեցակարգի հիմքում այն հիմնական ոլորտներն են, որոնցով պիտի զարգացնեն գյուղերը՝ մշակույթ, տուրիզմ, բնապահպանություն:  Ահնիձորում խնդիրները շատ են, բայց հիմնադրամը լրջորեն ձեռնամուխ է եղել Մաթևոսյանի ծննդավայրի զարգացման ու հանրահռչակման աշխատանքներին:

«Ահնիձորը երևի մի 7-8 տարի է՝ կանգառ ունի, բայց տրանսպորտ այդպես էլ չի շահագործվել: Ասում են՝ ձեռք չի տալիս, մարդիկ իրենց սեփական մեքենաներով են երթևեկում»:

Ահնիձորի զարգացման հիմնադրամի համակարգող Հայկ Մաթևոսյանն ասում է՝ խորը առումով, գյուղերի կարիքները չեն գնահատվում: Պետությունը միջոցներ է ծախսում, փորձում ենթակառուցվածքներ զարգացնել,  հետո պարզվում է՝ դրա կարիքը չկա: Այսօր ամենադժվարը մարդուն գյուղում պահելն ու գյուղը դատարկվելուց փրկելն է: Պետական մոտեցում է պետք՝ Հայկն է ասում

«Այսպես շարունակվելու դեպքում գյուղը դատարկվելու է: Մյուս տարի դպրոցն է փակվելու, դրա հետևանքով, բնականաբար էլի արտահոսք է լինելու գյուղից: Մարդկանց ապրելակերպը պիտի փոխվի, որ կարողանան մնան գյուղում, որ գյուղը շնչի, զարգանա»:

Թումանյան համայնքի գյուղերը միմյանց ու Մ6 մայրուղուն կապող ճանապարհի հետ մեծ հույսեր են կապում, բայց այնպես չստացվի, որ նոր ճանապարհով մարդիկ մեկընդմիշտ լքեն գյուղը՝ ասում է Հայկը: 

Գյուղացիներն իրենց չարչարանքի արդյունքը չեն տեսնում: Վերջերս տեղացած ուժեղ կարկուտը սրբել, տարել է մարդկանց ցանածը՝ Ահնիձորի նախկին վարչական ղեկավարը։ Արտակ Մաթևոսյանը գյուղի զարգացումը տուրիզմի հետ է կապում:

«Մենք մինչև Ահնիձորի սարատեղ որոշակի հարմար ճանապարհ ունենք, որ ամենագնացները կարան գնան: Դրանից հետո դեպի Դիլիջան ճանապարհ է եղել հին ժամանակներում, որոշակի աշխատանք տարվի, մարդիկ ստեղից կգնան դեպի Դիլիջան: Էնքա՜ն կուզեի, որ էդ ճանապարհն էլ վերանորոգվի»:

Գյուղերը դատարկվում են նաև այն պատճառով, որ չկան պարզագույն սոցիալական պայմաններ, աղքատության պատկերն անհանգստացնող է՝ «Ռադիոլուր»-ին ասում է «ՀրանտՄաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը: Հիմնադրամը ներգրավված է եղել Հայաստանի հյուսիսային մարզերում բազմաչափ աղքատության հետազոտական աշխատանքներում: Առողջապահական,կրթական, զբաղվածության, բնակարանային պայմանների ու հիմնական այլ կարիքներ են ուսումնասիրել շուրջ 2400 հարցվածներիշրջանում: Լոռու գյուղերում բազմաչափ աղքատության ինդեքսը շուրջ 22 % է: Եթե քաղաքներում ծառայություններն ավելի հասանելի են, ապա գյուղերում պատկերը տխուր է:

«Համակարգված լուծում է պետք յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր բնակավայրի վերածննդի համար: Մենք սարսափելի վիճակում ենք գյուղերում: Ահնիձոր գյուղում, ամեն տեղ ունենք էդ վիճակը: Գյուղերը դատարկվում են, և դա ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Բազմաչափ աղքատության էդ պատկերը էն մարտահրավերն է, թե ինչպես է պետք սոցիալական կյանքի, հասարակության, տնտեսության զարգացումը սկսել, ինչ մեխանիզմներով, ինչ ներդրումներով, ինչ ուղղություններով»:

Տուրիզմն ու գյուղատնտեսությունը գյուղի պահպանության ու զարգացման հիմնական ուղիներն են՝ համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանն է ասում: Սուբվենցիոն ծրագրերով գիշերային լուսավորություն ու նոր ջրագիծ ունեն, նաև՝ նախակրթարան: Դեռևս խնդիր են ներհամայնքային ճանապարհներն ու գազաֆիկացումը, ուժեղ քամիների ժամանակ էլ՝ էլեկտրականությունը, որ շաբաթներով է անջատվում: 150 տնտեսությամբ Ահնիձորի այցեքարտը ՀրանտՄաթևոսյանն է, անաղարտ բնությունը, որի շնորհիվ աստիճանաբար զարգանում է հյուրատնային բիզնեսը: Գյուղի ռեսուրսները արդյունավետ օգտագործելու դեպքում կավելացնեն գյուղի տուրիստական գրավչությունը:

«Ահնիձորի նկատմամբ իրոք հետաքրքրություն կա, գալու, մաթևոսյանական աշխարհին ծանոթանալու: Ունի հրաշալի, անաղարտ բնություն: Հյուրատունն արդեն մեծ մոտիվացիա է, կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ, մարդիկ տեսնեն, որ հնարավոր է ներդումներ անել, տուրիստական մեծ հոսքեր ապահովել: Յուրաքանչյուր նորարարություն նոր հույս է ծնում ահնիձորցու համար՝ ստեղ ապրելու, արարելու»:

Գյուղական աղքատության նման պատկերն առաջինը պետությանը պիտի մտահոգի՝ ասում է Դավիթ Մաթևոսյանը: Պետական մակարդակով գյուղերի պահպանման ու զարգացման հայեցակարգ պիտի մշակվի, հակառակ դեպքում միշտ ունենալու ենք անընդհատ տառապող, պայքարող ու դատարկվող գյուղեր: Որպես մոդելային գյուղ՝ ներդրել ու կյանքի են կոչում Ահնիձորի զարգացման մշակութային հայեցակարգը: Մշակույթը, ասում է Դավիթ Մաթևոսյանը, խորքային իմաստով է պետք ընկալել.  ամեն ոլորտում մշակույթ պիտի ունենանք՝ ասում է՝ անասնապահությունից մինչև տուրիզմ, որպեսզի հաջողենք։

«Մշակույթն է ամեն ինչի հիմքը՝ թե՛ սոցիալական դաշտի, թե՛տնտեսվարման, թե՛անասնապահության, թե՛բնապահպանության, մշակույթը հենց էդ ընկալմամբ: Դա է մեր հայեցակարգը և, կարծես թե, այդ գաղափարը աստիճանաբար զարգացում է ապրում»:

Զարգացման հիմնադրամի ջանքերով վերանորոգել են Ահնիձորի մշակույթի տան տանիքը, մի մասը դարձրել երիտասարդական կենտրոն: Ֆինանսական միջոցներ են փնտրում Ծմակուտ-Ահնիձորում Մաթևոսյանի տունը փլուզումից փրկելու, տուն-թանգարանի վերածելու և անվանի գրողի երազանքն իրագործելու համար: «Ծմակուտը լինելության մեջ է.քանի ես կամ, Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու»,–այսպես էր տեսնում Մաթևոսյանն իր իրական և հորինված գյուղի ապագան։

Back to top button