Մոռացված ֆիլմերի ստվերները

Տարկովսկու ու Հովհաննիսյանի վեճը հայկական «Հնձան»-ում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Աշխարհահռչակ Անդրեյ Տարկովսկու և կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական համագործակցությունը «Հնձան» ֆիլմում ճաքեր տվեցին։ Հայկական հոգեբանական այս ֆիլմի վերջաբանը հայ ռեժիսորն ու նրա ստեղծագործական ղեկավարը տարբեր կերպ էին պատկերացնում։ Տարկովսկին դրան նայում էր իր ստեղծագործական բարձունքի, Հովհաննիսյանը` իր հայկական խորության դիրքերից։

Կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը ճանապարհը կինոյում սկսեց Անդրեյ Տարկովսկու կողքին՝ 1960-ականներին: Կինոյի այս մեծագույն վարպետի հետ պատահական հանդիպումը գլխիվայր շրջեց Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ Բագրատ Հովհաննիսյանի կյանքը: Տարկովսկու հետ շփումներում բացահայտելով կինոաշխարհի մի շարք առանձնահատկություններ` Բագրատ Հովհաննիսյանը վերադարձավ Հայաստան և  «Հայֆիլմում» նկարահանեց իր առաջին կարճամետրաժ՝ «Աղքատի պատիվը» ֆիլմը, իսկ հետո՝ լիամետրաժ գեղարվեստական կինոնկարները:

Բագրատ Հովհաննիսյան

Կինոլրագրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռոբերտ Մաթոսյանն  ու Բագրատ Հովհաննիսյանը մտերիմ ընկերներ էին։ Տարիներ անց, վերհիշելով հայ կինոյի մենակյաց ռեժիսորի կյանքն ու գործունեությունը, Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական ուղին անցավ մշտական պայքարի մեջ մեկ կինո նկարելու հնարավորություն ունենալու համար, մեկ նկարելու` ինչպես ինքն էր զգում ու տեսնում:

 

Ռոբերտ Մաթոսյան

«Բանասիրական կրթությամբ Բագրատ Հովհաննիսյանը գրականության ասպարեզում կուտակած գրական գիտելիքները բերեց կինոարվեստ: Երկար ժամանակ նա պայքարում էր ֆիլմ նկարահանելու համար: Կինոաշխարհ մուտք գործեց «Աղքատի պատիվը» կարճամետրաժով, հետո նկարահանեց «Հնձանը», այնուհետև «Աշնան արևը», «Տերը», «Ադամամութը»: Բագրատ Հովհաննիսյան կինոռեժիսորը ի վերջո իր ասելիքն ու ռեժիսորական հետաքրքիր կինոձեռագիրը բերեց հայ կինո»,-ասում է Ռոբերտ Մաթոսյանը:

«Հնձան» այսպես է կոչվում Բագրատ Հովհաննիսյանի առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նա նկարահանեց արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի սցենարի հիման վրա: Հենց առաջին ֆիլմով էլ Բագրատ Հովհաննիսյանն իր ուրույն տեղը հաստատեց  հայկական կինոյի պատմության մեջ։

Հակոբ Ազիզյան

«Ֆիլմի ամենահուզիչ տեսարններից մեկը պատերազմից տուն վերադարձած հոր և որդու հանդիպումն է, որը Անդրեյ Տարկովսկու այդ պահի խորքային զգացողությամբ նկարահանված հանճարեղ տեսարան  է»,- ասում  է Հակոբ Ազիզյանը: Դերասան Հակոբ Ազիզյանը «Հնձան» ֆիլմում մարմնավորեց Սահակի կերպարը։ Սիրված դերասանին հանդիպեցինք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Հակոբ Ազիզյանը զրույցի ընթացքում վերհիշում էր «Հնձան» ֆիլմի նկարահանումները`  ձայնի մեջ զգացվում էր անցած օրերի կարոտը, երբ նրան բախտ է վիճակվել աշխատել համաշխարհային  կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Անդրեյ Տարկովսկու հետ:

Անդրեյ Տարկովսկի

«Հնձանում» մեծ երևույթ էր Անդրեյ Տարկովսկու որպես գեղարվեստական ղեկավարի ներկայությունը: Ես ապշած եմ նրա համեստ պահվածքի վրա: Տարկովսկու նման մեծության հետ շփվելը, նրա անմիջական մասնակցությամբ նկարահանվելը բացառիկ բախտավորություն էր ինձ համար և ես շնորհակալ եմ ճակատագրից, որ այդպիսի հնարավորություն ընձեռեց»,- չթաքցնելով հուզմունքը նշում է Հակոբ Ազիզյանը:

Անդրեյ Տարկովսկին  և Բագրատ Հովհաննիսյանը տարբեր էին պատկերացնում ֆիլմի վերջաբանը։ Բագրատ Հովհաննիսյանը կռիվ էր տալիս, որ ֆիլմն ավարտվի այնպես, ինչպես հիմա է վերջանում` Մարմաշենի եկեղեցու խաղաղ, ջինջ պատկերով, իսկ Անդրեյ Տարկոսվսկին պնդում էր, որ  ֆիլմը պետք է ավարտվի փոքրիկ Վահեի երևակայական գեղեցիկ պատրանքներով՝ արևի շողերով ողողված հնձանը, հայրը` կենդանի, քեռին` ոտքերով, ուրախ տրամադրությամբ խաղող են ճմռում, և շուրջը բարություն ու համերաշխություն է տիրում:

«Հնձանում խաղողը ճմռելու տեսարանը նկարահանելու ժամանակ բավականին ցուրտ էր, բայց մեր ոգևորությունը այնքան մեծ էր, որ մենք չէինք զգում այդ սառնությունը և այնպիսի տպավորությունն է, որ ոտքերով ոչ թե ճմռում ենք խաղողը, այլ կարծես պարում ենք  ես, Սոսը Սարգսյան, փոքրիկ տղայի դերակատար Արայիկը Իսահակյան»,-ասում է Հակոբ Ազիզյանը։

«Հնձան ֆիլմի» էկրան բարձրանալուց մի կարճ ժամանակ անց Խորհրդային Միությունում հայտնի կինոգետ Տատյանա Խլոպլյանկինան «Իսկուստվո կինո» ամսագրում լայնածավալ հոդվածում Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան»-ը հայկական կինոյի՝ այդ տարիների լավագույն ֆիլմ է համարում։ Սակայն այս գնահատականն անգամ չկարողացավ փրկել մոռացության գիրկը սուզվող հաջողված կինոնկարը։

Back to top button