Սփյուռքի ձայնը

Հայկական բիզնեսը և Երուսաղեմի հայկական տարածքների շուրջ սկանդալը․ «Սփյուռքի ձայնը»

Ինչո՞ւ աշխարհասփյուռ հայ գործարարները ցանկություն չեն հայտնել համագործակցել Երուսաղեմի հայոց պատրիարքության հետ՝ ներդրումներ ու բիզնես սկսելու նպատակով։ Արդյո՞ք այսօր նման ցանկություն ունեցողներ կարող են լինել, ինչպես կվերաբերվի նման նախաձեռնությանը Երուսաղեմի պատրիարքությունը։

Երուսաղեմի հայկական թաղամասում ծագած խնդրի մասին տեղյակ եմ, ասում է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` ավելացնելով, որ զրուցել է նաև Նուրհան պատրիարքի հետ։

Հանձնակատարը նշում է, որ մոտ երկու ամիս է բանակցություններ են սկսել թե՛ համայնքի, թե՛ պատրիարքության հետ և ստացել են նույն բացատրությունները։ «Հողատարածքը, որը վարձակալության է տրվել՝ մեծ եկամուտներ կապահովի պատրիարքությանը: Իսկ վարձակալության ավարտից հետո, կառուցված շինությունը կմնա հայոց պատրիարքությանը»,- պատասխանում է:

Մենք տեղյակ ենք տարիներ առաջ Երուսաղեմի հայկական տարածքներով հետաքրքրվող գործարարների մասին, ասում է Զարեհ Սինանյանը։ Արդյող հնարավո՞ր է կասեցնել գործարքը, որը, ըստ Սփյուռքի հանձնակատարի տեղեկությունների, բանավոր է կնքվել, և հայ գործարարների հետաքրքրության դեպքում այն ինչ ընթացք կստանա։

Իսկ թե հատկապես որ երկրների հայ գործարարներին նախընտրություն կտրվի՝ Երուսաղեմի հայկական տարածքում բիզնես սկսելու համար, Զարեհ Սինանյանը նկատում է.«Տարիներ առաջ ռուսաստանաբնակ գործարարների հետաքրքրվածության մասին տեղեկացել էի, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք կյանքի չկոչվեցին: Բոլոր նախընտրելի գործարարները այն երկրներից են, որոնք լավ հարաբերություններն ունեն Իսրայելի հետ»,- ասում է Զարեհ Սինանյանը:

Ամերիկաբնակ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը երկար տարիներ գլխավորել է հայ մեծահարուստ և բարերար Քըրք Քըրքորյանի գրասենյակի հայաստանյան աշխատանքները։ Հարցին, թե ինչու որևէ ժամանակ Քըրքորյանը ցանկություն չի ունեցել Երուսաղեմում բիզնես սկսելու, ինչպես նաև, թե ինչու այսօր հայ գործարարները նման ցանկություն չունեն, պատասխանում է.«Քըրքորյանը միայն Հայաստանում էր ներդրումներ անում, Երուսաղեմի հետ որևէ առնչություն չուներ: Բայց հարցը շատ տեղին է, քանի որ հայազգի շատ գործարարներ կան, որոնք պետք է մտածեին այդ տարածքում ներդրումներ անելու մասին: Ինչո՞ւ չի ստացվել՝ պատճառները շատ տարբեր են»,- ավելացնում է:

Հարութ Սասունյանը, որը դիմել է պատրիարքարանին՝ պայմանագրի պատճենը ստանալու համար, նշում է, որ մերժում է ստացել։ Պայմաններին ավելի լավ ծանոթ լինելու պարագայում հնարավոր կլինի որևէ միջոց ձեռնարկել, կարծում է:

Նա, ինչպես և Երուսաղեմի հայ համայնքը, գործարքում որոշակի վտանգներ է տեսնում՝ հատկապես ժամկետի, ինչպես նաև քաղաքական գործընթացների էպիկենտրոնում հայտնվելու հետ կապված։ Հայկական տարածքների հարցը մտահոգիչ է, ասում է Հարութ Սասունյանը։ Ըստ նրա, եթե Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշի չեղարկել պայմանագիրը հրեա գործարարի հետ և հայտնի իր ֆինանսական խնդիրների մասին, հնարավոր է տարբերակներ գտնել։

«Եթե պատրիարքությունը ցանկանա ներկայացնել պայմանագիրը, ինչը մինչ այսօր չի արվում, ապա մենք ճանապարհներ կգտնենք հարցի՝ ի օգուտ մեզ լուծելու համար: Կվարձենք լավ իրավաբաններ, իսկ պատրիարքության ֆինանսական խնդիրները կփորձենք լուծել՝ հայ բարերարներ գտնելու ճանապարհով»:

Այս և նմանատիպ խնդիրների ժամանակ Սփյուռքի ու Հայաստանի համագործակցության, Սփյուռքի դերի կարևորության մասին ավելի շատ ենք սկսում մտածել։ Իսկ Երուսաղեմի հայկական տարածքներում հրեա գործարարի նպատակների մասին տեղեկանալով` համեմատություն անցկացնում հայկական և հրեական սփյուռքների միջև։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը երկար տարիներ ապրել է ԱՄն-ում, լավ գիտի սփյուռքի դերը ազգերի գոյատևման գործում, նշում է. «Հայկական և հրեական սփյուռքները շատ տարբեր են՝ հատկապես իրենց գործունեության մասշտաբներով: Մեր սփյուռքը, որի հնարավորությունները շատ չի օգտագործվում, մեղքի մեծ բաժին չունի: Ամեն բան պետք է կարգավորվի Հայաստանից: Ես խնդիրն այստեղ եմ տեսնում»-, ավելացնում է գլխավոր հանձնակատարը:

Լիոնի «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, ֆրանսաբնակ Հիլդա Չոբոյանը Երուսաղեմի հայկական տարածքների խնդիրը համեմատում է Փարիզի Մխիթարյան վարժարանի ճակատագրի հետ։ Դրա շուրջ ևս դատական գործընթացներ են ընթանում։ «Նույն խնդիրը կա այսօր Փարիզի Մխիթարյան վարժարանի շենքի հետ կապված: Սկսվել էր դատական գործընթաց, որը ղեկավարում էր Պատրիկ Դևեճյանը, ում մահից հետո, գործը շարունակում է նրա որդին: Հայկական Սփյուռքը շատ թույլ է, ի տարբերություն հրեականի: Նրանց ողջ գործընթացը ղեկավարում են հոգևորականները: Մեր հոգևոր կապը այսօր տկար է, դրանով է պայմանավորված շատ հարցերի լուծումները»,- ասում է Հիլդա Չոբոյանը:

Back to top button