Եղանակն անակնկալներ չի մատուցի


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ինչ եղանակ է սպասվում մոտակա օրերին և հաջորդ ամսին. այսօր հրավիրված մամլո ասուլիսում կանխատեսումներով այսօր հանդես է եկել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Սովորաբաբար մեր երկրում աշնան առաջին կեսը անցնում է բարենպաստ եղանակային պայմաններում: Ըստ Հիդրոմետի տվյալների՝ այս տարին այդ առումով ևս բացառություն չէ: Մոտակա օրերին ևս եղանակը չի պարգևի մեզ որևէ անակնկալ:
«Առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, կպահպանվի անտիցիկլոնային դաշտը»:
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա` 2- 3 աստիճանով, ինչը պայմանավորված է մերձավորարևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:
«Այսպես՝ ամենատաք եղանակը կգրանցվի Արարատյան դաշտավայրում ու Սյունիքի հովիտներում, որտեղ ստվերում կդիտվիվի մինչեւ 30 աստիճան տաքություն»:
Արդեն սեպտեմբերի 28-ից օդի ջերմությունը փոքր ինչ կնվազի: Այս փոփոխությունը առաջին հերթին կզգան Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերի բնակիչները:
Հյուսիս- արեւելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, իսկ հանրապետության մյուս շրջաններում 2-4 աստիճանով :
Այնուամենայնի՝ լեռնային շրջաններում շաբաթվա վերջին՝ հատկապես գիշերային ժամերին, արդեն իսկ կգրանցվի բացասական նիշով ջերմաստիճան: «Նման եղանակ սեպտեմբերի 28-29-ին հնարավոր է Աշոցքում և Մասրիկում»,- ասում է Գագիկ Սուրենյանը:
Հոկտեմբերին եղանակային առումով որևէ արտառոց փոփոխություն չի սպասվում և մեզ սպասում է բարենպաստ ջերմային ֆոն, հավաստիացնում է նա։
«Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կլինի նորմայից մեկ աստիճան բարձր, իսկ տեղումների քանակը` նորմայի սահմաններում»:
Գագիկ Սուրենյանը հիշեցրեց, որ հոկտեմբերը մայիսից հետո առանձնանում է տեղումների առատությամբ:
Եթե հոկտեմբերի ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը կբարձրանա, ապա երկրորդ կեսին կրկին կնվազի: Այսպես՝ Արարատյան դաշտավայրումում ամսվա առաջին տասնօրյակում կարձանագրվի ջերմաստիճանի բարձրացում` մինչեւ 28-29 աստիճան, լեռնային շրջաններում` 22, Լոռիում, Տավուշում ու Սյունիքում `20, իսկ հոկտեմբերի երկրորդ կեսից ` գիշերային ժամերին Արարատյան դաշտավայրում 2-6, Լոռիում. Տավուշում ու Սյունիքում 2-7 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում 2-5 աստիճան ցուրտ:
Գեոմագնիսական դաշտը մոտակա մեկ շաբաթվա առումով կլինի կայուն, և, ըստ մասնագետի դիտարկման, մագնիսական փոթորիկներ դեռևս չեն սպասվում: