Հայաստանը նոր շունչ տվեց նրան. Ռադիոլուրի զրույցը՝ Ֆրանսահայ գործարարի հետ
Ամուսնության նպատակով Մարսելից Հայաստան ժամանած Վահե Գյուզելյանը թեև դեռ չի կարողանում իր այդ երազանքն իրականացնել, սակայն հաջողությամբ բիզնես է սկսել՝ ունենալով պահանջվող գումարի ընդամենը մեկ երրորդը:
«Pizza E Vino»-ի սեփականատերը անձամբ է պատրաստում տարատեսակ պիցցաներ ու համեղ այլ կերակրատեսակներ և հորդորում դրսում ապրող հայերնակիցներին վերադառնալ Հայաստան կամ գոնե՝ սխալ ուղղորդումներ չանել հայաստանցիներին:
2010 թվականին Վահե Գյուզելյանը Մարսելից Ժամանեց Հայաստան ու հետո արդեն, ինչպես ինքն է ձևակերպում, մարմինը գնաց Ֆրանսիա, հոգին մնաց Հայաստանում:
7 տարի միայն Հայաստան վերադառնալու մասին երազանքն ի վերջո 2017 թվականին իրականություն դարձավ ու Վահեն Ժամանեց Հայաստան՝ գործ սկսելու, ընտանիք կազմելու և մշտական բնակություն հաստատելու համար:
Ֆրանսահայ ընկերները կատակում էին, կանխասեսում, որ 6 ամիս անց կվերադառնա Ֆրանսիա, Հայաստանում անհնար էին համարում գործ հիմնելն ու հիմնական բնակություն հաստատելը: Սակայն Վահեն խառնեց բոլորի խաղաքարտերը: 6 ամիս Հյաստանում հանգստանալուց հետո որոշեց գնել մի տարածք, այնտեղ պիցցա պատրաստել ու կոչել՝ «Pizza E Vino»:
«130 քմ տարածք է : Բանկը գումար տվեց: Պատրաստում եմ պիցցա, հումուս են սիրում»:
Գործերն այդքան էլ հաջող չեն, սակայն Վահեն ելքը գտել է. որոշել է տարածքի մի մասը վարձակալության հանձնել , որպեսզի կարողանա մարել բանկից վերցրած գումարը: Դժվարություններն անհանգստանալու հիմք չեն տալիս Վահեին, Ֆրանսիայում վիճակն ավելի վատ է, և եթե այնտեղ բնակվողները դրա մասին չեն խոսում, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լավ է ու հեշտ՝ ի հակադրություն դրսում հեշտ կյանք փնտողների ասում է Վահե Գյուզելյանը:
«Հարկերն այստեղ քիչ են , Ֆրանսիայում 50 տոկոս է: Երբ դժգոհում են, սուտ են ասում»:
Հայաստանի քաղաքացիություն Վահեն չունի, քանի որ արդեն երկքաղաքացի է՝ Ֆրասիայի ու Լիբանանի քաղաքացիություն ունի: Հայաստանում կեցության իրավունք ստացել է ու սիրով է ապրում հայրենիքում: Հասցրել է նկատել, որ սննդի ու սպասարկման հարցերում հայերն ավելի քմահաճ են , քան ֆրանսիացիները, սակայն Հայաստանը նոր շունչ ու թևեր է տվել նրա, երբեք չի մտածում Մարսել վերադառնալու մասին:
Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը արձանագրում է՝ վերջին ամիսների ընթացքում հայրենադարձների թիվը զգալի ավելացել է: Ընդհանուր առմամբ, 350-400 ընտանիք կամ մոտավորապես 800 հայրենադարձ կա Հայաստանում՝ ասում է:
Հայրենադարձության ու հաջողված գործ ունենալու գաղնիքին տիրապետող 50-ամյա Վահե Գյուզելյանը պատրաստ է իր հմտություններով, գիտելիքներով, անգամ ավանդների արդյունավետ պահպանման խորհուրդներով կիսվել ցանկացողների հետ, քանի որ Մարսելում նաև ապահովագրական գրասենյակ է ղեկավարել: Սպասում է ԿԲ-ի լիազորագրին: Մտածում է՝ այդ հարցում ևս օգտակար լինի, միաժամանակ լրացուցիչ գումար վաստակի: