ԿարևորՍպորտ

Հայ մարզիկների հաջող ելույթները՝ Թուրքիայում

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են իրենց հաջող ելույթները: Մեր ընտրանին արդեն իսկ նվաճել է 3 մեդալ, որոնք բոլորը ամենաբարձր հարգի են:

 

 

Թուրքիայում աշխարհի առաջնության մրցումային առաջին երկու օրերին Հայաստանի հավաքականի առաջին երկու մեդալներն ապահովեց հայոց բանակի զինվոր մարզիկ Դավիթ Դադիկյանը, ով մեկ գլուխ բարձր լինելով իր բոլոր մրցակիցներից թե աջ, թե ձախ ձեռքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Սա բացառիկ երևույթ էր, որովհետև ոչ բոլորին է հաջողվում աշխարհի չեմպիոնի տիտղոսն նվաճել երկու ձեռքով:

Ռաիոլուրին տված բացառիկ հարցազրույցում մեր զինվոր մարզիկը նշում է, որ իրեն չեմպիոնությունը հեշտությամբ չի տրվել, հատկապես որ խնդիրներ էին առաջացել Թուրքիա մեկնելու հետ կապված:

Դավիթը հոկտեմբերի 19-ին ուժերը կփորձի նաև մեծահասակների պայքարում, որտեղ նույնպես կձգտի մեդալ նվաճել:

Դավիթից հետո մեր ոսկե հաղթարշավը շարունակեց Մինչև 85 կգ քաշային կարգում հանդես եկող հաշմանդամություն ունեցող մարզիկ Սերոբ Աբրահամյանը: Նա այս տարի չեմպիոն էր դարձել նաև Եվրոպայի առաջնությունում և ահա հերթական հաջողությունը գրանցում արդեն Թուրքիայում:

Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին  տանող ճանապրհին Սերոբը մի քանի գեղեցիկ հաղթանակ տոնեց, իսկ եզրափակչում էլ՝ պարտության մատնելով Ռուսաստանը ներկայցնող Նիկիտա Զոնովին, հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Այսօր նույնպես մեր մարզիկները հաջող են հանդես գալիս: Հաշմանդամություն ունեցող մարզիկ Խաչատուր Սարիբեկյանը հաղթել է թուրք Կամուս Կանդոգային, վրացի Գեորգի Կարաձովին և ռուս Մայիս Իզմաիլովին  եւ դուրս է եկել եզրափակիչ: Երեկոյան մրցահերթում կպայքարի ոսկե մեդալի համար:

Այսօր մենք մեդալների ակնկալիք ունենք նաև մեր վետերան մարզիկներից:

Back to top button