լրացված 17.05-ին
Երեւանյան ընտրություններից առաջ կառավարությունը որոշել է կոշտ պայքար ծավալել ընտրակաշառքների դեմ։ Սեպտեմբերի 6-ին ժամը 11-ին կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի:
Օրակարգում օրենսդրական մի ամբողջ փաթեթ է, որը կյանքի կոչվելու դեպքում, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի բնորոշմամբ, լրջագույն հարված կհասցնի ընտրակաշառքի ինստիտուտին:
Երևանի ավագանու ընտրությունները քննություն են, որից նոր իշխանությունը պետք է գերազանց ստանա: Հանձնարարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է, ու շատ հստակ: Ընտրական գործընթացներում գերազանց ստանալու գրավականը բարեփոխված օրենսդրությունն է: Նախագծերի փաթեթը հաստատված է:
Եվ այսպես, եթե խորհրդարանը այն հավանության արժանացնի, ապա ընտրակաշառքն այսուհետ մեր երկրում քրեորեն պատժելի արարք կհամարվի:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, առաջարկվող փոփոխություններով, ընտրակաշառք չի համարվի քարոզչական գրիչների, փոքրիկ խորհրդանիշների տրամադրումը։ Քրեորեն պատժելի կհամարվի նաև քվեարկությունից հետո քվեաթերթիկը նկարելն ու ցուցադրելը:
Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է հասկակալ, թե ինչպես պետք է ԿԸՀ-ն վերահսկողություն հաստատի փոքր ծավալի նյութերի վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևակերպումներում հստակեցումների անհրաժեշտություն է տեսնում:
Կառավարության ղեկավարը կարծում է, որ դրույթներում պետք է անպայման նշվի՝ գրիչ, գլխարկ, շապիկ:
Քրեորեն պատժելի արարք կհամարվի նաև ընտրատեղամասերի դիմաց ելումուտի կանոնները խախտելը:
Նախագծերի փաթեթը կքննարկվի խորհրդարանում սեպտեմբերի 6-ին նախատեսված ԱԺ արտահերթ նստաշրջանում: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի պարզաբանմամբ, արագությունը պայմանավորված է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կանխարգելիչ միջոցառումները կյանքի կոչելու ցանկությամբ: