Ամուլսար տանող ճանապարհը փակ է
Արդեն 4-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի և Ջերմուկ քաղաքաի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ այդկերպ ներկայացնելով իրենց բողոքն ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:
Բնակիչները պահանջում են դադարեցնել ծրագրի իրականացումը՝ հրաժարվելով ցանկացած տեսակի ապահովագրությունից: Բնակիչները հրաժարվում են նաև բանակցություններից, նշելով, որ Ամուլսարը պետք է սար մնա:
Հաշվի առնելով Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ կապված զբոսաշրջիկների մոտ եղած անհանգստությունը, բնապահպանական կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգությունները, Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ բնակատեղիների բնակիչների դժգոհությունները, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով բնապահպանական ռիսկերն ու զբոսաշրջության զարգացման վրա բացասական ազդեցությունը՝ իրենց բողոքն արտահայտող բնակիչներին միացել են նաև Ջերմուկ քաղաքում առողջարանային և հյուրանոցային բիզնես իրականացնող մի շարք կազմակերպություններ:
Նրանք Պետական մարմիններին կոչ են արել ուշադրություն դարձնել զբոսաշրջության զարգացմանը, ներդրումներ ուղղորդել այս ոլորտ, քանի որ Ջերմուկում առկա հնարավորությունները բավարար են աշխատատեղերի հարցն ամբողջությամբ լուծելու համար՝ առանց հանքարդյունաբերության զարգացման: