Մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման հարց դեռ չի քննարկվում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Այսօր ամփոփվեցին Երևանի Մետրոպոլիտենի լայնամասշտաբ վերակառուցման և արդիականացման ծրագրի առաջին փուլի ընթացիկ արդյունքները: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 30 մլն եվրո: Այն համատեղ հատկացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:
Գումարի մեծ մասը ` €20 մլն. ` վարկ է, որը տրամադրված է 15 տարի ժամկետով, իսկ €10 մլն. ` դրամաշնորհ է:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական Միության հայաստանյան ներկայացուցիչներն այսօր այս ծրագրի արդյունքներն ամփւփեցին հենց մետրոպոլիտենում, երթևեկեցին հին, ապա նորացված վագոններով, ինչից հետո «Երիտասարդական» կայարանում պատասխանեցին լրագրողների հարցերին:
Ինչպես հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, ծրագրի առաջին փուլի ընթացքում 2010թ.-ին հատկացված 15 միլիոն եվրո ներդրումն օգնել է բարելավել մետրոյի անվտանգությունը, կայուն զարգացումը և էներգետիկ արդյունավետությունը: Բացի այդ՝ մետրոյի 10 վագոն լիովին արդիականացվել և նորոգվել է զգալի խնայողությունների շնորհիվ:
Մետրոյի համակարգի արդիականացման ծրագիրը հատկապես շեշտադրեց մետրոյի թունելներում ջրի ներհոսքի վերացումը, ինչպես նաև ուղևորների անվտանգության բարելավումը: Ընդհանուր գումարն ծախսվել է շարժակազմի վերանորոգման, մաշված ռելսերի և էներգամատակարարող բաղադրիչների վերականգնման, տեխնիկական սպասարկման, թունելներ ներհոսող ջրերը արտամղող ջրային պոմպակայանների գնման նպատակով։
Ըստ պարոն Յայլոյանի՝ արդեն իրականացվել է առաջին փուլով նախանշված ծրագրերի 73%-ը, իսկ դրանց ավարտը սպասվում է գալիք տարվա սեպտեմբերին: 2013 թվականի հունվարից կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը:
«Ակնկալվում է, որ երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող ջրահեռացման թունելի երկարացման ներդրումային ծրագիրը նույնպես կհանգեցնի էլեկտրականության զգալի խնայողությունների` շնորհիվ ջրի արտամղման արժեքի նվազման, որը, ըստ նախնական գնահատականների, պետք է կրճատվի 50 տոկոսով»,- ասում է նա։
Դեռևս մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցում չի սպասվում, նշեց տնօրենը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը բարձր գնահատեց Երևանի մետրոպոլիտենի հետ իրակականացված ծրագրի առաջին փուլը: Ըստ նրա՝ կատարված ներդրումները լիովին արդարացված են և կատարված աշխատանքների որակը գոհացուցիչ է:
Ռազլոգը չբացառեց, որ հետագայում կձեռնարկվի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնմանը ուղղված նոր համատեղ ծրագիր: