Դպրություն

Ինչո՞ւ մասնակցել կամավոր ատեստավորմանը․ «Դպրություն»

Կամավոր ատեստացիայի գործընթացը ենթադրում է ուսուցչի առարկայական գիտելիքների ստուգում։ Նպատակը լավ պատրաստված և մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, նրանց հավելյալ վարձատրություն տալը:

«Եթե մարդը աշխատում է, միշտ մտածում է ձեռքբերումների մասին՝ և՛ գիտական առումով, և՛ գիտելիքների առումով, և՛ սոցիալական առումով: Եթե վստահ ես, որ մասնագիտական կարողություններդ բարձր են, կարող ես հաղթահարել նշված շեմը, ինչո՞ւ չմասնակցել այդ կամավոր ատեստավորմանը։ Երբեք չեմ ընդունում, որ մարդը կարող է «դափնիների վրա հանգստանալ»։ Եթե դու ամբողջ կյանքում գիտելիքների պաշար ես կուտակում, եթե գիտես՝ ուրեմն կարո՛ղ ես ներկայացնել հասարակությանը։ Կրթության գործում դա մեծ նշանակություն ունի», – ասում է Երևանի համար 16 ավագ դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհի Քնարիկ Գալստյանը։

«Մեր դպրոցում անգլերենի մասնախմբում 5 ուսուցիչ ենք։ Հենց սկզբից բոլոր ուսուցիչներն էլ միակամ որոշել են, որ անպայման պետք է մասնակցեն ատեստավորմանը՝ առաջին հերթին ստուգեն իրենց գիտելիքները։ Եթե ուսուցիչը պարբերաբար չի թարմացնում իր գիտելիքները, չի կիրառում ավելի նորարարական մեթոդներ, անպայման դեպի լճացում է գնում», – ասում է Երևանի համար 118 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նաիրա Մինասյանը։

«Կամավոր ատեստավորման հարցում և՛ հեղինակության խնդիր կար, և՛, ինչու ոչ՝ ֆինանսական խնդիր։ Մեր ավագ դպրոցում ֆիզիկայի մասնախմբից կամավոր ատեստավորման 11 ուսուցիչներից մասնակցել են 7–ը և բոլորն էլ հաջողությամբ հանձնել են քննությունը։ Իսկ չմասնակցելու համար դժվար թե հիմնավոր պատճառ լինի», – ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ալֆրեդ Պետրոսյանը։

Back to top button