ԿարևորՀասարակություն

Կհանձնեն մատնահետք, կանցնեն բուժզննում․ ՌԴ միգրացիոն խստացումները ուժի մեջ են

2021թ-ի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, որոնք վերաբերում են երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին անխտիր։ Փորձագետների դիտարկմամբ՝ սա հակասում է  ԵԱՏՄ պայմանագրի 96-98 հոդվածներին։

Հայաստանի միգրացիոն ծառայությունից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ հարցն այժմ քննարկվում է ԵՏՄ անդամ երկրների միգրացիոն ոլորտի ներկայացուցիչների հետ․ քննարկման առարկա են, մասնավորապես,  աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողների գրանցման և բուժզննման հարցերը։  

Ռուսաստանում գտնվող այն միգրանտները, որոնք ունեն կացության կարգավիճակ՝ առանց մշտական գրանցման և ժամանակավոր կացության իրավունք, պարտավոր են մուտքի պահից, 30-օրյա ժամկետում, անցնել բուժզննում՝ 9 հիվանդություններով, հանձնել մատնահետք, սքանավորել ափը։ Միգրացիոն փոփոխությունները Ռուսաստանում ուժի մեջ են մտել  2021-ի դեկտեմբերի 29-ից։

Վերջնական տվյալներ, թե  Հայաստանից քանի մարդ է ՌԴ մեկնել 2021-ին, դեռ ամփոփված չեն, սակայն ըստ անցած տարվա ինն ամիսների տվայլների՝ ՌԴ միգրացիոն ծառայությունում առկա է այդ երկրում օրինական գրանցում ունեցող Հայաստանի 400 հազար քաղաքացու անուն։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նկատում է՝ 2021-ին ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը, ինն ամսվա տվյալներով, կրկնակի աճել․

«Տվյալները համեմատում ենք 2019-ի հետ։ Տարբերությունը շատ մեծ չէ։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ 2021-ին ՌԴ քաղաքացիություն ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը  2019-ի  համեմատ զգալիորեն աճել է։ Մոտ 17045 անձ 2019-ին է ստացել ՌԴ քաղաքացիություն, 34 145 անձ՝ 2021-ի առաջին ինն ամսում»։

Երբ տարեկան տվյալներն ամփոփվեն, պարզ կդառնա, թե աշխատանքային միգրանտների ո՞ր տոկոսն է Ռուսաստանում մեկ տարուց երկար մնացել,-ասում է փորձագետը։ 2021-ի տարեվերջին ուժի մեջ  մտած օրենսդրական փոփոխությունները խստացումներ են նախատեսում Ռուսաստան մեկնողների համար։ Միգրատները, այդ թվում՝  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, միգրացիոն հաշվառման տարածքում կարող են աշխատել մեկ տարուց ոչ ավել, իսկ բուժզննում չանցնելու դեպքում, նրանց պայմանագիրը կխզվի։

Տաթևիկ Բեժանյան․ «Բոլոր օտարերկրյա քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն կացության կարգավիճակ, բայց չունեն մշտական գրանցում և ժամանակավոր կացության իրավունք, պարտավոր են մուտքի պահից, իսկ նրանք, ովքեր մինչև դեկտեմբերի 29-ը արդեն գտնվել են ՌԴ-ում, 30-օրյա ժամկետում, անցնել բուժզննում՝ 9 (8+ քովիդ) ինֆեկցիոն հիվանդություններով, հանձնել մատնահետք, ափի սքանավորում՝ իրենց գրանցման տարածքի միգրացիոն ծառայությունում։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի երկարաձգել իրենց միգրացիոն հաշվառումը ՌԴ տարածքում»։

Նրանք, ովքեր փոփոխված պահանջներին չեն համապատասխանում, լինեն ԵՏՄ երկրներից թե ոչ, ստիպված են կամ լքել ՌԴ տարածքը, կամ դառնալ անօրինական միգրանտ։ Երկրի տարածքում այլ վայր տեղափոխվելու պարագայում միգրանտները նորից պետք է բուժզննում անցնեն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում երկարաձգեն միգրացիոն հաշվառումը։

Խնդրին քաջատեղյակ մարդիկ սա անհնար են համարում, բացատրում են՝ անհրաժեշտ անալիզները հանձնելու համար սահմանվում է 5-18 աշխատանքային օր, իսկ միգրացիոն հաշվառման երկարաձգումը տևում է ևս 5 աշխատանքային օր, հետևաբար, գրեթե անհնար է դառնում ՌԴ-ում օրինական գտնվելը։ Կատարված փոփոխություններով, միգրացիոն հաշվառման երկարաձգման համար  այսուհետ հիմք են ոչ թե աշխատանքային պայմանագիրը, այլ  ինֆեկցիոն հիվանդությունների համար հանձնած անալիզները:

Մատնահետք պետք է հանձնել 1 անգամ՝ 2 ափերի և 10 մատների համար: Սակայն ոչ բոլոր կենտրոններն ունեն ափը սքան անող սարքերը, ինչը ևս խիստ դժվարացնում է գործընթացը: Անալիզի հանձնումը վճարովի է, գինը աշխատանքային միգրանտի համար՝ 5300 ռուբլի, երեխաների համար՝  6900 ռուբլի, ուսանողների դեպքում՝ 16500 ռուբլի․ այսքան գումար պետք է վճարել 3 ամիսը մեկ:

ԵՏՄ պայմանագրի 96-98 հոդվածներում ամրագրված է, որ միայն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի առկայությունը բավարար է, որ անդամ երկրները անարգել աշխատանքային գործունեություն ծավալեն ՌԴ տարածքում։ Ստացվում է, որ այս դրույթն այլևս չի գործում։ Ըստ փորձագիտական գնահատականների՝ Ռուսաստանի Դաշնության փոփոխված օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրի համապատասխան հոդվածներին։

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ ԵՏՄ հանձնաժողովն առաջարկել է  հավելյալ խորհրդատվական-տեղեկատվական քննարկումներ կազմակերպել․

«ԵՏՄ անդամ երկրների միգրացիոն ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այժմ քննարկումներ են ընթանում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Ռուսաստան մեկնող միգրանտների՝ մատնահետքով և լուսանկարով գրանցում անելու և բուժզննման հարցերի հետ կապված»։

«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն արձանագրում է՝ Հայաստանից մեկնողների թիվը ավելանում կամ նվազում է՝   կախված ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխությունից․խստացումներ են՝ հոսքը նվազում է, ազատականացվում է՝ մեկնողները շատանում են․  

«Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն ուղղակիորեն ազդում է մեր միգրացիոն հոսքերի վրա։ Առաջիկայում պետք է ակնկալել, որ հոսքերը կնվազեն, իսկ եթե որոշակի փոփոխություններ եղան, չի բացառվում, որ կտրուկ կաճեն»։

«Թոնգ Ջահոնի»-ն Ռուսաստանում միգրանտներին իրավական խորհրդատվություն  տրամադրող կազմակերպություն է։ Հայ միգրանտների խնդիրները կազմակերպության  նախագահ Վալենտինա Չուպիկը մի քանի  խմբի է բաժանում ու արձանագրում՝ հայ տղամարդիկ հիմնականում դիմում են այն ժամանակ, երբ գործատուն մեկ տարուց ավելի աշխատավարձ չի վճարել։ 

«Եթե անցնում է մեկ տարի, արդեն հնարավոր չէ որևէ բան անել։  Եթե երկու ամիս չեն վճարել, դիմեք, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի։  Բացի այդ, հիմնականում դիմում են՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցերով։ Դիմում են նաև մուտքի արգելքի հետ կապված»:

Վիճակագրությունը փաստում է՝  Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների 70 տոկոսը հիմնականում աշխատանքային միգրանտներ են։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցնում է․ երբ քովիդի պատճառով օդային դարպասները փակվեցին, փորձ արվեց ՌԴ չմեկնած քաղաքացիների համար տեղում ստեղծել աշխատատեղեր՝ հիմնականում շինարարության ոլորտում․ հաջողվեց աշխատանքով ապահովել դիմողների ընդամենը 9 տոկոսին։

Back to top button