ԿարևորՀասարակություն

Տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվությունը կխստացվի՞. ԻԱԿ-ը դիմել է Արդարադատության նախարարություն

Ի՞նչ անել, որ պետական կառույցները, ինչպես հարկն է, պատասխանեն իրենց ուղղված հարցումներին, կամ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, եթե հարցմանը տրված պատասխանը թերի է, իսկ մերժումը՝ չհիմնավորված: Այս հարցերն են այսօր քննարկել Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահը:

Կենտրոնը տարեվերջին հանրագիր էր ներկայացրել  նախարարություն՝ առաջարկելով վերանայել վարչական պատասխանատվության չափերը, որոնք կիրառվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտող պաշտոնյաների նկատմամբ։ Էդուարդ Հովհաննիսյանն է անդրադարձել խնդրին։

Քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, աշխատանքի բերումով՝ լրագրողները հաճախ են գրավոր հարցումներ ուղղում պետական կառույցներին, բայց ոչ միշտ են դրանց տրվում պատասխաններ՝ հավուր պատշաճի: Լինում են նաև դեպքեր, երբ պատասխանները անճշտություններ են պարունակում: 2021թվին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցումների միայն 72 տոկոսն է բավարարվել, 16 տոկոսի դեպքում պատասխանները եղել են թերի, 2 տոկոսին պատասխան չի տրվել: «Երբևե չի ստացվել որևէ հիմնավորված մերժում»,-ասում է կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը։ Անհիմն մերժումների կամ թերացումների համար հարցման հեղինակները սովորաբար դատարան չեն դիմում՝ գործընթացը թանկ է և երկարատև. մինչև գործը քննվի ու վճիռը կայացվի, տեղեկատվությունը կարող է կորցնել հրատապությունը:

Շուշան Դոյդոյան․ «Տեղեկատվության ազատության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մի մասը թեև լուծվում է, բայց մի ստվար զանգվածը, օրինակ, լիարժեք պատասխաններին ներկայացվող պահանջները, հարցումների պատասխանները չուշացնելը․․․Այս առումներով մենք բավականին մեծ քանակի խախտումներ ենք արձանագրել վերջին տարիներին: Չկա որևէ կանխող, զսպող մեխանիզմ, որն այս պրակտիկան որոշակիորեն կբարելավի»։

Եթե լինեն վարչական պատասխանատվության պատշաճ նորմեր, և դրանք կիրառվեն ինչպես հարկն է, կարող են կանխարգելիչ գործառույթ իրականացնել. 20 տարիների իրենց փորձը վերլուծել ու այս եզրահանգմանն են եկել «Ինֆորացիայի ազատության կենտրոնում»:

Գործող իրավակարգավորումները՝ սահմանված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, ներկայացնում է արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարգարիտա Զալիբեկյանը. 

«Տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելու արդյունքում նախատեսված է տույժի կիրառում նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հիսնապատիկի չափով։ Տիկին Դոյդոյանի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել է նշված տուգանքի չափը բարձրացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչև յոթանասունապատիկը»։

Նույն խախտումը երկրորդ անգամ կրկնվելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 150-ապատիկի չափով: Քննարկմանը ներկա նախարարության ներկայացուցիչները ընդունում են պնդումները պետական կառույցների անհարկի մերժումների, թերի պատասխանների   վերաբերյալ: Մարգարիտա Զալիբեկյան.

«Միևնույն ժամանակ նշեմ, որ փոփոխությունների կատարումը բխում է նաև մեր Կառավարության 2019 թվականի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից։ Այնտեղ, ի թիվս այլ նպատակների, սահմանված է նաև վարչական տույժերի չափերի վերանայումը»։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը, տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցմամբ 70-ից ավելի հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ պետական մարմինների: Դրանց ավելի քան 75%-ը բավարարվել է,-ասում է Շուշան Դոյդոյանը: Հավելում է՝ դատարանները ճանաչել են խախտման փաստը և պետական կառույցներին պարտավորեցրել տրամադրել համապատասխան ու պատշաճ տեղեկատվություն: Խնդիրը, սակայն, այսքանով չի լուծվել.

«Սակայն այս որոշումները եղել են անարդյունավետ, որովհետև նվազագույնը 2-2.5 տարի են տևում տեղեկատվություն ստանալու պարտավորեցման հայցերով բավարարումները: Երբ մենք մի քանի տարի անց ստանում ենք տեղեկությունները, դրանք արդեն որևէ մեկին պետք չեն տեղեկատվությունն իր բնույթով արագ փչացող ապրանք է»։   

Շուշան Դոյդոյանն ասում է, որ տարբերություն չկա, թե որ կառույցին են ուղղված հարցումները, կապ ունի, թե դու ինչ տեղեկատվություն ես ուզում։ Եթե դա հասարակ տեղեկատվություն է, օրինակ, հաստիքացուցակի, ծրագրի կամ պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ, նրանք հանգիստ պատասխանում են.

«Բայց երբ մենք հարցադրումներ ենք անում որոշակի գնումների գործընթացների, ծախսերի, քաղաքական որոշակի զգայուն հարցերի, չարաշահումների, անօրինականությունների վերաբերյալ, արդեն սկսում են կա՛մ թերի պատասխանները, կա՛մ անտեսումները, կա՛մ անհիմն մերժումները»։

Տեղեկությունը, որը պաշտպանված է օրենքով ու գաղտնագրված, մենք չենք ուզում, ասում է  Շուշան Դոյդոյանը: Նկատում է՝ քանի դեռ պաշտոնյան անձամբ վնաս չի կրում իրավախախտումը թույլ տալու հետևանքով, կրկնում է այն։ Ի վերջո՝ պետական կառույցի ո՞ր պաշտոնյան է պատասխանատվություն կրում իրավախախտման համար, եթե հարցումների պատասխանները հաճախ գալիս են ոչ թե նախարարի, այլ կառույցի մամուլի քարտուղարի և այլ անձանց ստորագրությամբ։ Դոյդոյանը բացատրում է․ 

«Տեղեկատվության ազատության պատասխանատու անձն է կրում պատասխանատվությունը: Կառույցի ներսում տեղեկությունը տրամադրելու պարտավորությունը կամ կառույցի ղեկավարինն է, կամ տեղեկատվության ազատության պատասխանատու անձինը: Այս երկուսից մեկը պետք է պատասխանատվություն կրի»։

Նախագիծը կարծիքների ստացման համար ուղարկվել է շահագրգիռ մարմիններին, արդեն կան արձագանքներ: Բոլոր կարծիքներն ամփոփելուց հետո նախագիծը կուղարկվի վարչապետի աշխատակազմ, որպեսզի քննարկվի օրենքով սահմանված կարգով:

Back to top button