ԿարևորՀասարակություն

Անձնվեր ծառայությունը՝ հայրենիքի հզորացման հիմնասյուն. նախագահը պարգևներ է հանձնել

Ամենատարբեր ոլորտներում պետական բարձր պարգևների  արժանացածներից յուրաքանչյուրն իր գործի իսկական վարպետն է ու գիտակը։ Գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվածներից մեկն է։

Դեռ երիտասարդ տարիներին իր գործունեությունը Ալբերտ Մուշեղյանն սկսել է հեղափոխության մեծ բանաստեղծ Հենրիխ Հայնեի թարգմանությամբ ու ծանոթագրումներով։

«Կարծում եմ, որ եթե մենք Հենրիխ Հայնեին վերաիմաստավորենք և հասկանանք նրա ստեղծագործությունների էությունը, ինձ թվում է, դա մեզ շատ ավելի կօգնի ավարտին հասցնել մեր այս հեղափոխությունը»։

Կարծում է, որ մեր անկախության հետագայի համար էլ վերաիմաստավորումը մեծ բան կարող է տալ ապագայի համար։ Նա վերջին երկու տարիների գլխավոր ձեռբերումներից մեկի մասին էլ  խոսեց, նշեց, իր կարծիքով, ամենակարևորը․

 «Անշուշտ, դա պայքարն է կոռուպցիայի դեմ, եթե դա հասցվի մինչև վերջ»։

Գրականությունից, արվեստից մինչև ռազմական գործ ու բժշկություն․ նրանց տարիների ծառայության և հայրենանվեր աշխատանքի գնահատականի ականատեսն ենք այսօր։ Շուրջ 40 տարի զինվորական կյանքով՝ մինչև գլխավոր զինկոմի պարտականություններ ու առանց պաշտոնի․Կամո Քոչունցն այսօր ստացավ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում.

«Ցանկացած զինվորականի համար, երբ իր աշխատանքը գնահատվում է, դա տալիս է դրական լիցքեր հետագա ծառայության համար։ Մեր զինված ուժերը մարտունակ են և ցանկացած պահի ի վիճակի են կատարելու իրենց առջև դրված խնդիրները՝ ցանկացած մասշտաբով»։  

Նախորդող ամիսներին ճակատային դիրքերում էր նաև  առողջապահության ոլորտը։ Պատահական չէր, որ պարգևատրվածների մեջ շատ էին բժիշկները։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված, «Ավագ» ԲԿ բաժանմունքի վարիչ Լիլիթ Մուսեյանը երբեք չի մոռանա՝ տանը չի եղել ուղիղ 70 օր, դժվարությունները համատեղ ուժերով է հնարավոր եղել հաղթահարել.   

«Աշխատանքը, առհասարակ, կատարվել է հսկայական թիմի կողմից։ Մեկ-երկու հոգին դա չէր կարող իրականացնել։ Հսկայական աշխատանք է կատարվել, և բոլորը հավասար աշխատել են»։

Ցավոք, նաև հետմահու պարգևատրվածներ եղան։ Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը: Հետմահու «Մեվսես խորենացի» մեդալով է պարգևատրվել նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Երբ յուրաքանչյուրն իր գործն անում է սրտի, հոգու և մտքի խորը գիտակցությամբ ու նվիրումով, երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերն էլ  չեն ուշանում։   

«Ձեր ստացած պարգևները և կոչումները վերստին փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյունն է։ Շնորհակալ եմ բոլորիդ»։

Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին՝  իրենց ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար, նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ հաճելի ու պատվաբեր առաքելություն է համարում պետական կոչումներ և պարգևներ հանձելը մարդկանց, որոնք  այդ ամենը վաստակել են իրենց արժանապատիվ աշխատանքով։  

«Բոլոր նրանք, ովքեր պայքարել ու նվիրվել են հայրենիքին, ովքեր զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են բոլորիս՝ ոչինչ չխնայել մեր երկրի ներկայի ու ապագայի համար։ Մենք պետք է իրականություն դարձնենք այդ պատգամները»։

Նախագահը վստահ է՝ որպես պետություն և ժողովուրդ, շատ բան դեռ առջևում է. նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ՝ ասաց։ Կարծում է դրա համար կարևորը հստակ տեսլական ու իրատեսական ծրագիր ունենալն է։ Արմեն Սարգսյանն այդ իմաստով  ողջունելի է համարում  վարչապետի և կառավարության այսօր ներկայացրած ծրագիրն ու տեսլականը,  հուսով է՝ դրանք կարժանանան հանրային լայն քննարկման։ 

Back to top button