Արցախը երկխոսության համար բաց երկիր է. եվրոպացի պատգամավոր
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնը Արցախում տիրող իրավիճակին անձամբ ծանոթանալու հրավեր է հղել գործընկերներին:
Նրա գլխավորած պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ անցած շաբաթ Արցախում էր եւ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես գործընկեր արցախցի պատգամավորների, այնպես էլ պաշտոնատար անձանց ու ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Եվրոպացի պատգամավորների հերթական խումբն Արցախ է այցելել Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ: Առաքելությունը փաստահավաք էր եւ Արցախում ունեցած մի շարք հանդիպումներից հետո եվրոպացի պատգամավորները լրագրողներին հայտարարել են, որ Արցախը երկխոսության համար բաց երկիր է:
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնը մի քանի օրվա ընթացքում արցաԽցիներից ունեցած իր տպավորություններն ի մի բերելով հույս է հայտնել, որ Արցախն ու Ադրբեջանը երբեւէ կողք կողքի խաղաղ կապրեն: Ադակտուսոնը եվրոպական խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ է: Այդ իսկ պատճառով կարճատեւ այցի ընթացքում փորձել են, որ տեղեկանալ նաեւ այդ ոլորտում եղած խնդիրներին:
Եվրոպացիները Արցախում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակից գոհ են: ՏԵսածի մասին մտադիր են տարբեր հարթակներում պատմել՝ առանց վնասելու ՄԽ հովանու ներքո ընթացող գործընթացը:
Պատվիրակության անդամները համոզված են, որ նման նախաձեռնություններն օգնում են երկխոսությանը եւ նպաստում կայունությանն ու խաղաղությանը, ինչն այնքան կարեւոր է եվրոպացիների համար: