Փաստաբանների բողոքը չի փոխում կառավարության դիքորոշումը
Փաստաբանական համայնքը շարունակում է բողոքել դատական օրենսգրքի նախագծի դեմ: Դժգոհությունը, մասնավորապես, վերաբերում է դատական տուգանք նախատեսող դրույթին: Առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագծում ամրագրվել է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ կարող է մինչև 100 000 դրամ տուգանք կիրառվել:
Փաստաբանները սա մտահոգիչ դրույթ են համարում և նշում, որ նորմը կարող է կիրառվել կամայականորեն: Կառավարությունն առայժմ չի շտապում արձագանքել մտահոգություններին և ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:
Արդարադատության նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ կառավարության դիրքորոշումն այս փուլում անփոփոխ է:
Այն փուլում, երբ Դատական օրենսգրքի նոր նախագիծը դեռ քննարկվում էր, փաստաբաններից շատերը համոզված էին, որ մինչև դրա ընդունումը դատական տուգանքներ նախատեսող դրույթը օրինագծից դուրս կգա: Դրանում, օրինակ, համոզված էր փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Ես լիահույս եմ, որ այդ դրույթը մինչև Ազգային ժողով հասնելը նախագծում չի լինի»:
Փաստաբանի լավատեսությունը, պարզվեց, հիմքեր չունի: Դատական տուգանք նախատեսող դրույթը ոչ միայն մնաց նախագծում, այլև ըստ էության խորհրդարանում չքննարկվեց: Փոխարենը քննարկվում է առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ դեռ պետք է քննարկվի: Մինչև վերջնական ընդունումը փաստաբաններն ուզում են հասնել վիճահարույց դրույթի փոփոխությանը: Կհաջողվի թե ոչ՝ փաստաբանների պալատի նախագահը չգիտի, բայց կառավարության դիրքորոշումն անհասկանալի է համարում:
«Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ: Չի կարող հաշվի չնստել , առանց դփաստաբանների, դատավորների, դատախազների կարծիքը հաշվի առնելու չի կարելի այս օրենքները շրջանառել: Վաղը սա նոր փորձանքի է բերելու»:
Փաստաբանների պալատն իր առաջարկները ներկայացրել է կառավարություն ու Ազգային ժողով: Հիմնավորումներում նշել են, որ փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագիծը տուգանքի միջոցով զսպելու անհրաժեշտությունն առկա չէ, քանի որ այսօր գործում է փաստաբանների պալատի միջոցով այդ հարցը լուծելու հնարավորությունը: Նշել են նաև, որ նախագծով երաշխիքներ չեն սահմանվել դատական սանկցիա կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ, եթե փաստաբանը գործում է իր մասնագիտական չափանիշներին համապատասխան:
«Եթե այս օրինագիծը պետք է դառնա իրականություն, ապա մեզ առնվազն պետք է տրվեն երաշխիքներ, եթե չկան երաշխիքներ, ապա նման կարգավորումը պետք է դուրս գա: Հակառակ դեպքում մենք խնդիր կունենանք, փաստաբաններին կընկճեն: Իհարկե, կլինեն փաստաբաններ, որոնք չեն ընկճվի, բայց նրանք կդառնան սնանկ փաստաբաններ, իրենց անունով գույք չեն ունենա ու կլինեն սնանկ»:
Փաստաբանների պալատի նախագահի հետ այս հարցում համակարծիք են նաև մարզերի փաստաբանները: Վերջին օրերին մեկօրյա բողոքի ակցիայի՝ գործադուլի դիմեցին նախ Լոռու, ապա Շիրակի մարզի փաստաբանները: Նրանք մեկ օր դատարաններում, նախաքննության մարմիններում հրաժարվեցին պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ նշելով, որ բողոքի ակցիան նախազգուշական քայլ է, մեսիջ ՝ ուղղված կառավարությանը: Որն է կառավարության պատասխան ուղերձը, արդյոք կա վիճահարույց դրույթը վերանայելու պատրաստակամություն:
Գործադիրն առայժմ չի շտապում արձագանքել փաստաբանների մտահոգություններին: Մեր հարցին ի պատասխան արդարադատության նախարարությունից փոխանցեցին միայն, որ կառավարության դիրքորոշումն անփոփոխ է, իսկ մեկնաբանություններից այս փուլում նախընտրում են ձեռնպահ մնալ: Իսկ ավելի վաղ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել էր միջազգային փորձի մասին՝ հիշեցնելով ավելի խիստ սանկցիաների առկայությունը:
«Երկրներ կան, որոնք դատական սանկցիա կալանք են կիրառում: Մենք դա էլ ենք քննարկել, բայց գտել ենք, որ ծայրահող միջոց է»:
Դատական օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվել է դեկտեմբերին: Նախագծի երկրոդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդումումը սպասվում է ԱԺ առաջիկա նիստերում: