ԿարևորՔաղաքական

ՀՅԴ- ն ընտրությունների թեկնածու չի առաջադրելու, իշխանության թեկնածուին չի սատարելու. ինչո՞ւ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հայ հեղափոխական դաշնակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի, չի սատարի իշխանության թեկնածուին և կհետեևի նախընտրական զարգացումներին՝ փորձելով  կողմնորոշել Դաշնակցության կառույցներին ու համակիրներին, որոշումն ընդունվել է նախօրեին կայացած Գերագույն ժողովը: Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են այն պատճառների մասին, որոնք կուսակցությանը ստիպել են սեփական թեկնածուով հանդես չգալ, բայց և չբոյկոյկոտել ընտրությունները:

Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ պատճառները, որոնք Դաշնակցությանը ստիպեցին սեփական թեկնածու չառաջադրել, բայց նաև չհայտարարել ընտրությունները բոյկոտելու մասին,  4-ն են:

«Առաջինը ընտրությունների բնույթի խնդիրն է, որը ինչպես տնտեսությունը, քաղաքական հարաբերույթյունները ստվերային է: Եվ այս ընթացքում մենք չկարողացանք այդ բնույթը փոխելու նախադրյալներ ստեղծել»:

Չմասնակցելու երկրորդ պատճառը, ըստ Դաշնակցության ներկայացուցչի, միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու և միասնական թեկնածու ունենալու փորձերի ձախողումն էր:

«Մասնակցել ինքնանպատակ, կանխորոշված ընտրություններին կնշանակեր գծված սցենարին մաս կազմել , իսկ մենք ասել ենք, որ Դաշնակցությունը երբեք ուրիշների խաղը չի խաղում և ուրիշների սցենարով չի առաջնորդվում»:

Եվ վերջապես՝ Դաշնակցությունը համոզված է, որ միայն ընտրություններն ու նախընտրական շրջանները չեն, որ կուսակցություններին հնարավորույթյուն են տալիս ներկայացնել սեփական դիրքորոշումները: Այդ պատճառով Դաշնակցությունն իր հայտարարության մեջ նշում է, որ հետևելու է նախըտրական զարգացումներին և հարկ եղած դեպքում փորձելու է կողմնորոշել իր կառույցներին ու համակրներին:
Ըստ Աղվան Վարդանյանի ՝ բոյկոտն իմաստ կունենար այն դեպում, երբ առնվազն ընդդիմադիր դաշտում համընդհանուր լիներ:

«Ցավոք, հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ կախված տարբեր գործոններից, մարդկանց ամբիցիաներից ու նպատակներից, նման համընդհանուր բոյկոտ հնարավոր չի»:

ՀՅԴ-ն հնարավոր է համարում  թեկնածուներից որևէ մեկին  սատարելու տարբերակը՝ բացառելով միայն իշխանության թեկնածուին: Իսկ կլինի՞ արդյոք նման թեկնածու, թե՝ ոչ, դաշնակացականներին կկողմորոշի ընտրարշավի ընթացքը:

Սեփական թեկնածու չառաջադրելը  չի նշանակում, թե ՀՅԴ-ն մի կողմ է քաշվում գործընթացներից: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ընդհակառակը, սա Դաշնակցությանն ավելի  անաչառ դիրքերից  և ավելի լիարժեք գործելու հնարավորություն է տալիս:

«Այնպես որ՝ մեր քաղաքական գործունեությունը սրանով չի դանդաղելու։ Ընդհակառակը՝ նոր երանգ է ստանալու և  մենք փորձելու ենք աշխատել   ընտրական գործընթացները ճիշտ հունով տանելու ուղղությամբ»:

Թողնել պատասխան

Back to top button