Երաժշտական եռանկյունի

«Միրզոյան քառյակի» նոր մեկնարկը․ «Երաժշտական եռանկյունի»

Անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը կրող, տարիներ առաջ ստեղծված լարային քառյակի ներկայացրած «հայտը» անմիջապես աչքի ընկավ բարձր արհեստավարժությամբ և ուրույն հնչողությամբ: Ունեցան բազմաթիվ համերգներ, հյուրախաղեր, ձայնագրություններ և տեսագրություններ:

Կովիդյան իրականությունը և պատերազմը Հայաստանում ընդհատեցին քառյակի ստեղծագործական ընթացքը, և այժմ արդեն նորոգված կազմով այն վերսկսեց բեմական գործունեությունը:

Քառյակի անդամներն են՝ Դավիթ Գաբոյան (1-ին ջութակ), Սոնա Ազարյան (2-րդ ջութակ), Արմեն Թորոսյան (ալտ) և Հայկ Բաբայան (թավջութակ): Դավիթն ու Հայկը վերադարձել են Հայաստան արտասահմանից, որտեղ շարունակում էին իրենց ուսումն ու աշխատանքը, համալրելով քառյակի կազմը:

«Էդվարդ Միրզոյանի անունը, որ կրում է մեր կոլեկտիվը, ինքնին պարտադրում է բարձր կատարողական արվեստի նիշ և բնականաբար ենթադրում նվագացանկում նրա ստեղծագործությունների ընդգրկումը: Քառյակը մշտական փորձերի ընթացքի մեջ է, ընդլայնում է ռեպերտուարը՝ հիմնականում շեշտը դնելով համաշխարհային, ինչպես նաև հայկական ակադեմիական երաժշտության վրա»,- ասում է Սոնա Ազարյանը:

Լարային քառյակի մշակույթը ձևավորվել է արևմտաեվրոպական երաժշտական մշակույթի զարգացման ընթացքում և լայն տարածում ստացել աշխարհում: Այն ենթադրում է բարձր կատարողական հմտություններ, և ինչն առավել կարևոր է՝ անսամբլի զգացողություն: Կոլեկտիվը պետք է աշխատի մեկ շնչով և երաժիշտները, բացի նրանից, որ պարտավոր են զգալ իրար, նաև պետք է դավանեն նույն գեղագիտական իդեալները և համախոհներ լինեն:

Քառյակի չորս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հասկանալի է դառնում, որ նրանք մտերիմ ընկերներ են, գնահատում են միմյանց, բարձր արժևորում միմյանց ստեղծագործությունն ու կատարողականությունը: Իրար հանդեպ անսահման հարգանքը և սերը, երաժշտությունից հաճույք ստանալու հանգամանքը դարձնում են փորձերը վայելք, երբեմն երաժիշտները կորցնում են ժամանակի զգացողությունը և ամբողջովին տրվում երաժշտության տարերքին:

«Միրզոյան քառյակը» մեկնարկել է երաժշտական սեզոնը երևանայան սիրված վայրերից մեկում՝ «Ակումբում», և շարունակելու է իր ստեղծագործական և բարեգործական գործունեությունը Երևանի տարբեր բեմերում, մարզերի մշակութային օջախներում: Հաղորդման ընթացքում հնչում են քառյակի բազմաթիվ կատարումների ձայնագրություններ:

Back to top button