ԿարևորՀասարակություն

Բրոնզաձույլ խորհրդանիշ՝ մարդկանց ընդառաջ․ բացվել է Կարեն Դեմիրճյանի արձանը

Երևանի Մարզահամերգային համալիրի դիմաց այսօր բացվել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանը։ Բացման արարողությանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Դեմիրճյանների ընտանիքի անդամները, բազմաթիվ հյուրեր: Ի դեպ՝ Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը համընկնում է նաև Մարզահամերգային համալիրի կառուցման 40-ամյակի հետ։

Հայ ճարտարապետության եզակի նմուշներից մեկի՝ Մարզահամերգային համալիրի կառուցման 40-ամյակի տոնական միջոցառումները մեկնարկում են Կարեն Դեմիրճյանի արձանի բացումով։ Կարեն Դեմիրճյանի որդիներից Սամվել Դեմիրճյանը կարծում է, որ այս արձանը կլինի նույնպիսի խորհրդանիշ, ինչպիսին է Մարզահամերգային համալիրը։

«Ավելի լավ տեղ արձանի համար, քան Համալիրի շքամուտքի առջև, երևի թե, չէր էլ կարելի գտնել»։

Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանի հեղինակը Սարգիս Բաբայանն է։ Նա Դեմիրճյանին պատկերել է դեպի մարդիկ քայլելիս։

Դեմիրճյանի թոռնուհին՝ Կարինե Դեմիրճյանն ասում է՝ տպավորված է հենց առաջին հայացքից։ Ըստ նրա՝ արձանը կարծես շարժման մեջ է՝ խորհրդանշելով այն շարժումը, որ հաղորդել է Կարեն Դեմիրճյանը մեր երկրին իր ղեկավարման տարիներին։

«Ինձ թվում է՝ սա այն խորհրդանշական վայրն է, որտեղ բոլոր մեր քաղաքացիները կարող են անցնել, տեսնել, իմանալ ու ճանաչել Կարեն Դեմիրճյանին՝ որպես հայրենասեր քաղաքական գործիչ, հայ ազգի զավակ, որը շատ մեծ ավանդ է թողել Հայաստանի պատմության մեջ»։

Ապարանի շրջկոմի նախկին քարտողար Թամարա Ալոյանն ասում է, որ հուզումնալից պահ է ոչ միայն իր համար։ Հիշում է մի պատմություն, որը կարծում է՝ բավականին լավ է բնութագրում Կարեն Դեմիրճյանին․  

 «Դեմիրճյանը, երբ որ այս հուշահամալիրը կառուցել էր, քանդակագործն այդ կառույցի ճակատին բարելիեֆով հանել էր Դեմիրճյանի դեմքը և շատ գեղեցիկ էր դա, բայց նա դա մաքրել տվեց»։

Կարծում է շատ տեղին, արդար ու համահունչ է արձանի տեղադրումը։ Երբ դիմացից ես նայում, տպավորություն է, որ Համալիրն իր թևերն են, որ դժվարությունների հաղթահարումն են խորհրդանշում՝ ասում է Թամարա Ալոյանը.

 «Դեմիրճյանը հաղթանակի՝ դժվարությունները հաղթահարող մի սիմվոլ էր, որին վերացնելով, կարելի է ասել, գլխատեցին մեր ազգին, մեր ժողովրդին և այսօրվա վիճակը, որ մենք ունենք, հենց այդ օրվանից սկսվեց»։

Ինչո՞ւ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, և ովքե՞ր են մեղավորները՝ այս հարցին իր ելույթում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա հանցագործություն էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ.

«Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ։ Չեմ կարող հավատալ, որ հայկական հողի վրա քայլող որևէ մեկի մտքով կարող էր անցնել Կարեն Դեմիրճյանի սպանությունը կազմակերպել»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին, իրավապահ համակարգին շատ մեծ պատիվ կբերի, երբ կարողանանք աներկբա ՀՀ քաղաքացիներին տալ կոնկրետ պատասխաններ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, թե ինչո՞ւ ու ինչպե՞ս դա տեղի ունեցավ, և ովքեր են մեղավորները․

«Շատերն են մեզնից ակնկալում, որ այս հարցն ի վերջո պարզվի։ Ես հասկանում եմ, թե դա ինչ դժվար է, որովհետև մենք այսօր շատ հայտնի գործերի վերանայման ժամանակ տեսնում ենք այնպիսի երևույթ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապացույցները կեղծվել են։ Ամենաթարմ օրինակը Մարտի 1-ի գործն է։ Կարծում եմ, որ հայ ժողովրդի ցանկությունն է և ուղերձն է, այդ թվում և իմ ցանկությունն է, որ բացահայտենք Կարեն Դեմիրճյանի սպանությունը»։

Կարեն Դեմիրճյանի որդիներից Ստեփան Դեմիրճյանը մեզ հետ զրույցում ասաց՝ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ այս արձանը համախմբման խորհրդանիշ դառնա, քանի որ, նրա ձևակերպմամբ՝ Դեմիրճյանն ինքը միշտ եղել է միավորող պետական գործիչ․

«Ես կցանկանայի, որպեսզի Կարեն Դեմիրճյանի արձանը նաև ազդակ հանդիսանա, նպաստի մեր երկրում թշնամանքի մթնոլորտի, հասարակության պառակտվածության հաղթահարմանը։

Ստեփան Դեմիրճյանի ձևակերպմամբ՝ այսօրվա բարդագույն իրավիճակում համախմբվել են պահանջում երկրի շահերը։ Բոլորիս գործն է, որ միավորված ու համատեղ ջանքերով կերտենք այն ապագան, որը մեր բոլորի տեսլականում է, ասաց նա՝ եզրափակելով, որ ապագան կերտելու լավագույն ձևն այն այդ կերպ ստեղծելն է։

Back to top button