Մոռացված ֆիլմերի ստվերները

Կեսդարյա պարտադրված արձակուրդ «Մհերի արձակուրդային արկածները» ֆիլմին. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արվեստի պատմությունը զարմանալիորեն հարուստ է ճակատագրերի կտրուկ շրջադարձերով, անսպասելի՝ հաճախ անարդար գնահատականներով, երբեմն էլ շքեղ փառաբանումներով, առեղծվածային լուծումներով։

Այդպիսի անբացատրելի դրվագներով է հյուսված կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի ստեղծագործական կենսագրությունը, արվեստագետ, որ իր ֆիլմերով կարողանում էր կոտրել կարծրատիպերը, բայց անզոր եղավ ճեղքել աներևույթ չարակամության պատնեշը։

Էռնեստ Մարտիրոսյան

1963 թվականին առաջին անգամ Երևան էր ժամանել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Այդ օրերին մայրաքաղաքի արվեստասեր հասարակությունը փոթորկվում էր։ Ազնավուրի համերգից առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը «պաշարվել էր»  բազմահազար երկրպագուներով։

Այդ աննախադեպ անցուդարձի մեջ կինոռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանը՝ «Սովետական Հայաստան» կինոամսագրի պատվերով, նկարահանում էր Ազնավուրի այցին նվիրված նյութ, որը հետագայում պետք է դառնար «Երգում է Շառլ Ազնավուրը» վավերագրական ֆիլմի հենքը։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը հիշում է, որ այդ հետաքրքիր ու համարձակ կինոնկարի էկրան բարձրանալուց հետո երիտասրդ ռեժիսորին առանց  քննության ընդունեցին Մոսկվայի կինոինստիտուտ՝ Լեոնիդ Տրաուբերգի արվեստանոց։

Դավիթ Մուրադյան

«Կարճ, էքսպրեսիվ ինչպիսին Ազնավուրն էր, երաժշտությանը համահունչ մոնտաժով արված վավերագրական մի ֆիլմ, որը լիովին ներկայացնում էր Ազնավուրի էությունը»,-ասում է Դավիթ Մուրադյանը:

Մոսկվայում ուսումն ավարտելուց հետո Էռնեստ Մարտիրոսյանը վերադարձավ հայրենիք։ Երիտասարդ և խոստումնալից ռեժիսորին հանձնարարեցին Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա նկարահանել «Սարոյան եղբայրներ» ֆիլմը։

Կես դար առաջ «Հայֆիլմում»  ընթանում էին «Սարոյան եղբայրներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Բայց նկարահանման հրապարակում իսկական քաոս էր: Ֆիլմի ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարը չէին կարողանում համաձայնության գալ: Էռնեստ Մարտիրսյանի կինը՝ բեմանկարիչ Լիդա Գևորգյանը պատմում է, որ գեղարվեստական ղեկավարին՝ Ֆրունզե Դովլաթյանին դուր չէր գալիս երիտասարդ ռեժիսորի ավանգարդիստական մտածողությունը: Արդյունքում, ռեժիսորը հեռացավ՝ կիսատ թողնելով ֆիլմը:

«Սարոյան եղբայրներ» ֆիլմի տհաճ պատմությունից հետո մոսկովյան ավանգարդիստական հովերով տարված Էռնեստ Մարտիրոսյանի ներաշխարհը փշրվեց։ Էռնեստ Մարտիրոսյանի կինը՝ բեմանկարիչ Լիդա Գևորգյանը պատմում է, որ ծանր ապրումներով, խորապես հիասթափված անցավ մի քանի տարի։ Ռեժիսորին այդ վիճակը ինչ-որ կերպ հաղթահարել օգնեց կատակերգական ֆիլմ նկարահանելու առաջարկը:

Լիդա Գևորգյան

««Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Էրազմ Քարամյանը բարձր էր գնահատում Էռնեստի տաղանդը: Նրանք բազմաթիվ զրույցներ են ունեցել, որի ընթացքում նա Էռնեստին մտերմաբար ասում էր, որ սոցռեալիզմի ժամանակաշրջանում արվեստագետը, ցավոք, չի կարող ազատ լինել և իրականացնել այն ինչ մտածում է: Նրա հորդորով Էռնեստը որոշեց կատակերգական ֆիլմ նկարահանել: Մի ժանր, որ Էռնեստի ռեժիսորական ընկալումներից շատ հեռու էր»,-ասում է Լիդա Գևորգյանը:

Դերասանների ընտրության նուրբ ճաշակ ունեցող Էռնեստ Մարտիրոսյանը մի քանի օրում հաստատեց դերասանական կազմը։ Ֆիլմում ներգրավվեցին թատրոնի և կինոյի այն ժամանակվա ամենահայտնի դերասանները՝ Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Մայիս Կարագյոզյան, Վարդուհի Վարդերեսյան։ Նրանց կողքին գլխավոր հերոսուհու՝ մարմնամարզուհի Արուսի կերպարը մարմնավորեց Ջուլյա Ավագյանը։ Հետաքրքիր արտաքինով նորավարտ դաշնակահարուհի Ջուլյային կինոռեժիսոր Հակոբ Իսկուդարյանը նկատել էր երևանյան սրճարաններից մեկում։

Ջուլյա Ավագյան

«Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ես բազմաթիվ մենահամերգներ եմ ունեցել: Չնայած համերգից հետո հնչող հիացական արձագանքներին, այնուամենայնիվ, ես գոհ չէի իմ կատարումներից, որովհետև կատարման ընթացքում ես չէի ստանում այն հնչողությունը, որի պատկերացումը ունեի իմ ներսում: Եվ ես դա կապում էի իմ ձեռքերի կաշկանդվածության հետ: Մի քանի տարի տարբեր վերականգնողական կենտրոններում բուժումներ էի ստանում, բայց դրանք արդյունավետ չէին: Ավարտական ելույթիցս հետո ես հստակ որոշեցի, որ այլևս երաժշտությամբ չեմ զբաղվելու: Հանդիպեցի ընկերուհուս: Զրուցում էինք, երբ ընկերուհիս ինձ հուշեց, որ կողքի սեղանին նստած տղամարդը, որը ուշադիր ինձ էր նայում, ռեժիսոր Հակոբ Իսկուդարյանն է: Նա ժպտաց և հարցրեց կցանկանա՞մ արդյոք ֆիլմում նկարահանվել։ Ես շփոթվեցի, բայց հետագայում համաձայնեցի ու այդպես հայտնվեցի կինոյի աշխարհում» ,-պատմում է Ջուլյա Ավագյանը:

Էռնեստ Մարտիրոսյանի հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով, բայց անհարթ կենսագրություն ունեցող «Մհերի արձակուրդային արկածները» գեղարվեստական ֆիլմն ավելի քան չորս տասնամյակ փակվեց Կենտրոնական հեռուստատեսության պահոցում, մինչև որ 2022 թվականին ստուդիայի տնօրինության ջանքերով թվայնացվեց և տեղադրվեց համացանցում։

Այսօր արդեն, բարեբախտաբար, հայկական ֆիլմերով հետաքրքրվողները կարող են շնորհալի ռեժիսորի 90 րոպե տևողությամբ ֆիլմում տեսնել սիրելի դերասաններին և վայելել նրանց վարպետ խաղը։

Back to top button