Գերդաստաններ

Հանրահայտ եղբայրներն ու «Նարեկացուց մինչև Բախ» նախագիծը․ Գարուկյաններ․ «Գերդաստաններ»

Հենրի և Սարգիս Գարուկյանները մեծ ներդրում են ունեցել հայ նկարչական արվեստում։ Բազմաթիվ երկրներում կազմակերպված ցուցհանդեսները մեծ գնահատականի են արժանացել։ Հենրի Գարուկյանի որդին՝ Մուշեղ Գարուկյանը այսօր Հայաստանի ճանաչված նկարիչ-դիզայներներից է, դուստրը՝ Մանանը, երաժշտության և նկարչության կախարդական ուժով ստեղծել է «Նարեկացուց մինչև Բախ» նախագիծը, որի նպատակն է երկխոսություն ստեղծել հայ և արտասահմանյան մշակութային արժեքների միջև։

1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Խարբերդի նահանգից շատ հայեր գաղթեցին Սիրիա։ Նրանց մեջ էին նաև Գարուկյանները։ Հայորդի Գարուկյանը հաստատվեց Հալեպում և սկսեց զբաղվել խոհարարությամբ։ Այդ գործը նա կատարում էր սիրով և ստեղծագործական հիանալի մոտեցումներով՝ հայկականի և արևելյանի մի յուրահատուկ համադրությամբ։ Սակայն Վերգինեի հետ ծանոթությունը նրա համար ճակատագրական դարձավ. նա ոչ միայն ընտանիք կազմեց, այլև նոր մասնագիտություն ձեռք բերեց։ Վերգինեի քրոջից՝ Արփիկից, սկսեց սովորել լուսանկարչական արվեստ և նրանք միասին սկսեցին աշխատել։ Այդ տարիներին այս աշխատանքը և՛ հետաքրքիր էր, և՛ շատ աշխատատար, սակայն լուսանկարչատունը միշտ լեցուն էր, ու բոլորը հեռանում էին մեծ գոհունակությամբ՝ պատմում է Մանան Գարուկյանը։  

Հայորդի Գարուկյան

Լուսանկարչական արվեստը հետաքրքրել էր Հայորդու որդիներին։ Հենրին, որը եղբայրներից մեծն էր, 1973 թվականին ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և դեռ չավարտած սկսեց մասնակցել հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների։

Հենրիի ընտանիքը  երկար տարիներ վարձով էր ապրում, քանի որ նա ազատ նկարիչ էր, չէր ընդունվում շատերի կողմից, ուստի դժվար էր արվեստանոց ստանալ միությունից։ 1978  թվականի նրա անհատական ցուցահանդեսը ճակատագրական եղավ ընտանիքի համար. նրա աշխատանքները հետաքրքրեցին Խորհրդային Հայաստանի այդ տարիների ղեկավարին` Կարեն Դեմիրճյանին՝ շարունակում է Մանանը։  

Հենրի և Մուշեղ Գարուկյաններ

Հետաքրքրությունը դասական արվեստի նկատմամբ 1960-ական թվականներից կարծես նվազել է, Գարուկյանը դա ճիշտ չէր համարում, կարծում էր՝ մեղավորը մշակութային քաղաքականությունն է։ Ամեն ինչի հիմքը դասականն է՝ շեշտում էր նա։

Հենրի Գարուկյանը բեմերի, ամսագրերի ձևավորման, կերամիկական աշխատանքների, գոբելենի, ափսեների վրա նկարազարդումների վերաբերյալ միշտ հայտնում էր իր կարծիքը և՛ երեխաներին, և՛ իր ուսանողներին։ Նկարում էր այն ամենի վրա, ինչը հասանելի է։ Նկարիչը, հետևելով Պիկասոյին, նկարել է թղթի, կտավի, ֆաներայի, ամեն ինչի վրա, որ հնարավոր է։

«Կարող ես քանդակել ոսկով, բայց քո քանդակը արժեք չունենա, կարող ես սովորական փայտից  քանդակ պատրաստել և այն գլուխգործոց դառնա», – ասում է որդին՝ նկարիչ-դիզայներ Մուշեղ Գարուկյանը։

Մանան Գարուկյան

Սարգիս Գարուկյանը՝ Հենրիի եղբայրը, մեր տաղանդավոր նկարիչներից էր։ Նրա  աշխատանքները, որոնք ցուցադրվում էին հանրապետության տարբեր շրջաններում և դրա սահմաններից դուրս, մեծ ուշադրության էին արժանանում։ Նա 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ էր։ Նկարիչը մեծ հավատ ուներ արվեստի ուժի, մաքրության, հարատևության նկատմամբ. «Քանի դեռ կա վրձնի և կտավի ազնվությունը, քանի նկարը կյանքի կոչողը մարդն է, վրձինը կիրառությունից դուրս չի գա։ Տեխնիկան և տեխնոլոգիաները հոգի չունեն, իսկ վրձինն ու նկարիչը հոգու թելադրանքով են գործում», – ասում էր նկարիչը։

Անհնար էր, որ այս միջավայրում երրորդ սերնդի փայլուն ներկայացուցիչներ չլինեին։ Մուշեղ Գարուկյանը հանրապետությունում արդեն հայտնի նկարիչ-դիզայներ է։ Նա ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, համագործակցել և համագործակցում է հեռուստատեսային և երաժշտական տարբեր ընկերությունների հետ, ձևավորել է հայտնի երգիչների ձայնասկավառակները։ Նա երախտապարտ է այն արվեստասեր միջավայրին, որտեղ հասակ է առել, դաստիարակվել։ Եվ մշտապես ինչպես քրոջ՝ Մանանի, այնպես էլ իր ականջներում հայրիկի հորդորն է. «Մարդն ունի անսահման մեծ հնարավորություններ,  անհրաժեշտ է դրանք բացահայտել»։

Սարգիս Գարուկյան

Մանան Գարուկյանը հետաքրքիր նկարիչ է և յուրօրինակ երաժիշտ։ Նա դեռ դպրոցական էր, երբ հայրիկից թաքուն ուզում էր օգտվել նրա վրձնից և գունատուփերից և հետք թողնել հայրիկի աշխատանքների վրա՝ մտածելով, որ հայրը գլխի չի ընկնի ։ 

Մանան Գարուկյանը շատ հետաքրքիր նախագծերի հեղինակ է՝ «Վարդ», «Նարեկացուց մինչև Բախ»։ Հետաքրքիր է, որ նրա հետ մինչ այսօր քայլում է հայրը՝ Բախի  մասին ունեցած պատկերացումներով, որին նկարիչը համարում էր իր ուսուցիչը։

«Նարեկացուց մինչև Բախ» նախագծով նա հանդես է գալու տարբեր երկրներում, ներկայացնելու է հայկական մշակույթը օտարներին և սփյուռքահայ արվեստասերներին։ Այս նախագծի հիմնական նպատակն է նպաստել հայ և արտասահմանյան մշակութային արժեքների երկխոսությանն ու լուսաբանմանը։

Back to top button