ԿարևորՔաղաքական

Հայկական կողմը հեռանում է Բերձորից․ փոփոխություններ երթուղու և ճանապարհի պահպանության հարցում

«Բլոկբաստեր» հիշեցնող հայտարարությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն՝  կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վստահեցրել՝  հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Գործադիրի ղեկավարն այս հայտարարությամբ արձագանքել է Բաքվի այն պնդումներին, թե նոր ճանապարհի գործարկմամբ պայմանավորված՝ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Վարչապետը  հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխվում է Հայաստան–Արցախ երթուղին, և,  ըստ էության, սկսվում է  Լաչինին փոխարինող  նոր ճանապարհի գործարկումը։  Փաշինյանն ասել է նաև, որ ճանապարհի խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացվելու է ոչ թե Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների, այլ Սահմանապահ զորքերի միջոցով:

Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի շինարարությունը թեև ամբողջությամբ դեռ չի ավարտվել, բայց պաշտոնական Երևանն արդեն հաստատում է՝ միջանցքի երթուղին փոխվում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ փոփոխությունը պայմանավորված է նոր ճանապարհի գործարկմամբ, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև:

«Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ–ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ ՀՀ տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1–ը։ Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով»։

Ճանապարհի հարցով Ստեփանակերտ–Բաքու օգոստոսյան հանդիպումներից առաջ՝ հունիսի 30–ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Աժ–ում հավաստիացնում էր․

«Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային մեր խնդիրը»։

Այս պայմանավորվածությունները 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության համատեքստում են։ Փաստաթղթի 6–րդ կետը սահմանում է՝ կողմերի համաձայնությամբ, առաջիկա 3 տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը ԼՂ և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախումբը կտեղափոխվի այնտեղ։

Թեև նոյեմբերի 9–ի հայտարարությամբ այլընտրանքային ճանապարհի գործարկման համար նշվել էր 3 տարի ժամկետը, բայց Ադրբեջանն դեռ 2022–ին ավարտեց շրջանցող ճանապարհի իր հատվածի շինարարությունը՝ նաև ժամանակից շուտ տեղահանելով Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին։

Ճանապարհ՝ առանց ենթակառուցվածքների

Շրջանցող ճանապարհի երթուղին հայտնի է, բայց հայտնի չէ, թե ինչ լուծում է տրվելու Բերձորում մնացող ենթակառուցվածքների խնդրին, որոնցով Հայաստանից ապահովվում է Արցախի գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը և ինտերնետ հասանելիությունը։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս հարցերը դեռ չի պարզաբանել։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նշել է․

«Այնտեղով կոմունիկացիաներ չեն անցնում։ Այսինքն՝ եթե Լաչինի միջանցքը հանձնվում է, փոխարենը այլ ճանապարհ է կառուցվում, նշանակում է, որ հաշված ամիսներ անց Արցախը պետք է հոսանքն էլ, գազն էլ ստանա Ադրբեջանից, որն իր հերթին Արցախի ժողովրդից կպահանջի դրա դիմաց վճարել մանաթով և այլն։ Հասկանալի է, չէ՞, որ սա Արցախը հայաթափելու ուղիղ և ամենակարճ ճանապարհն է»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը շարունակելու է ճնշումներ գործադրել Արցախի վրա։ Ճնշումները լինելու են ինչպես համոզելու, այնպես էլ անելանելի վիճակներ ստեղծելու ձևաչափերով։

«Փորձ է կատարում ունենալ հենց Արցախի համաձայնությունը, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սեղմում է անվտանգային օղակը, միևնույն ժամանակ խոստումներ տալիս, որ շատ ավելի լավ կապրեն և այլն, և այլն։ Ադրբեջանն այս փուլում այսպես է վարվում, որովհետև լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը բացառված է իր համար։ Ավելի ճիշտ՝ շատ լավ հասկանում է դրա հետևանքները։ Ասել է թե՝ եթե իրականացնի լայնամասշտաբ ռազմական գործողություններ շրջափակված խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք դուրս գալու հնարավորություն չունեն, ապա դա կլինի ցեղասպանություն և միջազգային հանրության կողմից և ընդանրապես աշխարհի կողմից կընկալվի որպես ցեղասպանություն և Ադրբեջանը շատ լավ գիտի, թե նման դեպքում ինչպիսի իրավիճակում կարող է հայտնվել։ Օրինակ՝ Իրաքի նախադեպը, երբ Սադդամ Հուսեյնը կազմակերպեց քրդերի ցեղասպանությունը և ինչ տեղի ունեցավ»։

Այս հեռանկարը, սակայն, չի զսպում Բաքվի գործողությունները։ Նախ՝ հայտարարեցին, որ մարտի 25–ին զբաղեցրած 2054 բարձունքից ուղիղ նշանառության տակ են վերցրել Ստեփանակերտը, ապա օրվա ընթացքում կրկին խախտեցին հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով քաղաքացիների։ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչները խաղողի այգիներում, իսկ Թաղավարդ գյուղի բնակիչները ցորենի դաշտում աշխատելու ժամանակ հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների թիրախում։

Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևորն այս փուլում Արցախի դիրքորոշումներում սկզբունքայնությունն է և իրավունքների հարցում անզիջում կեցվածքը, ինչը հենց Բաքվին կդնի անելանելի վիճակի մեջ։

Բացի երթուղուց՝ նաև պահպանման ռեժիմի փոփոխություն

Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանը զուգահեռ Հայաստանի վարչապետը հրապարակեց ճանապարհին առնչվող  մեկ այլ նորություն ևս։ Ադրբեջանին տեղեկացրել են ոչ միայն երթուղու, այլև դրա պահպանման ռեժիմի  փոփոխության մասին։  

«Եվ որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»։

Թե ինչու է որոշում կայացվել այդ հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ զորքերով, Փաշինյանը չպարզաբանեց, միայն նշեց, որ նույն առաջարկն արել են Ադրբեջանին։

Ռազմական փորձագետը առաջարկվող փոփոխությունը արտառոց չի համարում։

«Դա ես համարում եմ նորմալ, որովհետև վերջ ի վերջո քաղաքացիական բնակչությունն է այդտեղով երթևեկում և այդտեղ պետք է լինի կիսով չափ ռազմականացված հսկողություն և դա նորմալ է։ Այդ նույն՝ կիսով չափ սահմանային հսկողությունը նաև եղել է այն հատվածում, մինչև հիմա որտեղով որ անցել է մյուս ճանապարհը։ Այսինքն՝ արտառոց ոչինչ չկա և ընդամենը տեղի է ունեցել ճանապարհի փոփոխություն՝ այս հատվածից տեղափոխվել է այն հատված՝ ելնելով այն բանից, որ մենք Լաչինի շրջանը հանձնել ենք Ադրբեջանին»։

Հարկ է նշել, որ այս փոփոխություններով որևէ կերպ չի լուծվում Արցախի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարման պարտավորության հարցը։ Ըստ վերլուծաբանների՝ այս հարցերն իրար հետ որևէ առնչություն չունեն։

Back to top button