Դպրություն

Ի՞նչ է տալիս կամավոր ատեստավորումը ուսուցչին․ «Դպրություն»

Մեծ թվով ուսուցիչներ անցան կամավոր ատեստավորում, եղան նաև այնպիսիք, ովքեր կտրականապես դեմ էին այս գործընթացին, սակայն այսօր արդեն նրանք ևս համալրեցին ատեստավորված ուսուցիչների շարքերը։ Բայց, այնուամենայնիվ շատերը դեռ ունեն մտահոգություններ՝ տեխնիկական խնդիրների առումով:

«Ես առաջիններից մեկն էի, որ դեմ եմ արտահայտվել կամավոր ատեստավորմանը։ Ես կարծում եմ, որ բուհ-ը արդեն մեզ տվել է գիտելիք, գնահատել է մեր գիտելիքը և լրացուցիչ անգամ, հատկապես տարիների վաստակ ունենալուց հետո, ճիշտ չէ ուսուցչին դնել անհարմար իրավիճակի մեջ՝ գիտելիքները ստուգել։ Սակայն հասկացա, որ գործընթացը անկասելի է։ Այս պատճառով, ինքս ինձ ստուգելու համար, ինքնավստահություն ձեռք բերելու համար և ինչու ոչ՝ նաև հեղինակության խնդիր էր, հասկացա, որ ես էլ կարող եմ ու պե՛տք է գնամ։ Ատեստավորվեցի, արդյունքները ինձ բավարարում են, այս տարի ևս կմասնակցեմ», – ասում է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնկական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Մխիթարյանը։

«Բոլորս էլ բազմավաստակ ուսուցիչներ ենք և կարող ենք փաստել, որ այսպիսի գործընթաց դեռ չէր եղել։ Կամավոր ատեստավորումը զուտ ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգում է և համակարծիք չեմ այն ուսուցիչների հետ, ովքեր համարում են սա նվաստացում, ուսուցիչների շահերի ոտնահարում, որովհետև գործընթացը եղել է շատ ազնիվ, միասնական քննության նման, ոչ մի խոչընդոտում կամ ճնշում։ Դու, քո թուղթ ու գրիչը, քո խելքը», — ասում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի ուսուցչուհի Սիլվա Ղազարյանը։

«Դեռևս 2021 թվականին, երբ հայտարարվեց կամավոր ատեստավորման մասին, ինձ համար անորոշ էր, մի քիչ պարզ չէր, թե բովանդակային ինչ կառուցվածք կունենային թեստերը։ Ուղեցույցում միայն թեմաներն էին նշված և մեկ-երկու նմուշ օրինակներ։ Չշտապեցի գրանցվել։ Հետո ծանոթանալով թեստին՝ հասկացա, որ գիտելիքներս ամբողջությամբ բավարարում են հաջողությամբ հաղթահարելու այդ թեստը։ 2022 թվականի կամավոր ատեստավորմանը մասնակցեցի և 80% առաջադիմությունշ ունեցա։ Դպրոցում լավ ուսուցիչ ունենալը երաշխիք է լավ աշակերտ ունենալու, իսկ սա նշանակում է ունենալ զարգացած դպրոց», – ասում է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան համար 5 ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Բարխուդարյանը։

Back to top button