ԿարևորՄշակույթ

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

Երևանում մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։  Մարտի 16-ին հանդիսավոր բացման ժամանակ հանդիսատեսը ունկնդրել է Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար և Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան։ Համերգը ղեկավարել է ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրուն։

Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  հիմնադրեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այն արդեն անցկացվում է 14–րդ անգամ։ Փառատոն իր առջև խնդիր է դրել՝ ձայնագրել,տեսագրել ու թվայնացնել  հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։

«Կատարվելու են այնպիսի ստեղծագործություններ, որոնք թվայնացման կարիք ունեն։ Հնարավորություն կստեղծվի նաև կատարել այլ նվագախմբերի կողմից։ Մենք պատրաստում ու տրամադրում ենք բոլոր այն նվագախմբերին, անհատներին, ովքեր կցանկանան դրանք հետագայում կատարել», – ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբայանը։

Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու  նաև երիտասարդ երաժիշտների ստեղծագործություններ: Նրանցից մեկի՝ Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սինֆոնիան «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հնչեց առաջին անգամ։ Ստեղծագործությունը ծնվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում։ Ժիրայր Շահրիմանյանն ասում է, որ իր առաջին սիմֆոնիան նվիրել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին․

«2016 թ–ից համագործակցում եմ Սիմֆոնիկ նվագախմբի հետ ու արդեն 3-րդ համագործակցություն է։ Նման փառատոները հարթակ են երիտասարդ  կոմպոզիտորների համար ու նաև խթան ՝շատ ստեղծագործելու։ Բացի դրանից՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները ճանաչելի են դառնում»։

Երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանի ստեղծագործությունը առաջին անգամ է հնչում Հայաստանում։ Սա նրա  առաջին համագործակցությունն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ստեղծագործությունը հնչում է    դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանին կատարմամբ․

«Ստեղծագործությունը Նորայրը գրել է վաղ շրջանում՝ 16 տարեկանում։ Ու ամբողջ ստեղծագործությունը փոխանցում է այդ տարիքի պատանու հոգեվիճակը»։

Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ։

Back to top button