ԿարևորՀասարակություն

ԵՄ դիտորդները ժամանում են, ԵԽԽՎ համազեկուցողները հեռանում

Երեք օր ՀՀ սահմանամերձ բնակավայրերում շրջելուց  ու ադրբեջանական ագրեսիայի փաստերն արձանագրելուց հետո ԵԽԽՎ համազեկուցողներն այսօր կգնան Հայաստանից։ Մինչ այդ արդեն Երևան են ժամանել ԵՄ քաղաքացիական դիտորդները։ Նրանք Հայաստանում կլինեն երկու տարի ժամկետով։ 100 հոգանոց խմբում ներգրավված են նաև ֆրանցիացի ժանդարմներ ու գերմանացի ոստիկաններ։  

ԵՄ դիտորդական խումբը հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին, որը գործելու է Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:

ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Քաղաքացիական գործողության հրամանատարն է  Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարը գերմանացի սպա Մարկոս Ռիտերն է։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայվող առաքելության նպատակներն են՝ նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության և անվտանգության ամրապնդմանը հակամարտության հետևանքով տուժած համայնքներում, ապահովել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող միջավայր:

«ԵՄ բացառապես քաղաքացիական առաքելությունը կունենա մոտ 100 անդամ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ», — ասված է հաղորդագրության մեջ:

Օրեր առաջ «Ռադիոլուրի» հետ զրույցում  ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բացառել էր ԵՄ առաքելության կազմում զինված դիտորդների ներկայությունը։

«Սա չի նշանակում, որ առաքելությունը լինելու է զինված, չի էլ կարող լինել զինված, քանի որ ԵՄ–ն նման մանդատ իրենց չի տվել։ ԵՄ նախարարների խորհուրդը, որ ուղարկում է իրենց այստեղ, հստակ նշել է, որ սա քաղաքացիական դիտորդական առաքելություն է , հետևաբար՝ այնտեղ զինված մարդ չի կարող լինել։ Իսկ որոշակի ռազմական գիտելիքներ ունեցող մարդկանց ներկայությունը, իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի իրենք էլ տեղում հասկանան իրավիճակը, հասկանան՝ ինչ է դիրքը, խրամատը, պաշտպանական գիծը։ Տարբեր փորձառությամբ մարդիկ կարող են լինել, նախկին զինվորական ծառայողներ կարող են լինել, ոստիկանական ծառայություն անցած մարդիկ, բժիշկներ կարող են լինել, դիվանագետներ կարող են լինել»։

Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր դիտորդական խմբում 8 ժանդարմների, Գերմանիան՝ 15 ոստիկանների ներկայության մասին։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի համար ԵՄ դիտորդների կազմում ոստիկանների ու ժամդարմների ներկայության մասին հաղորդագրությունն անսպասելի է։  Այդուհանդերձ, նա կարծում է, որ նրանք գուցե հատուկ միջոցներ ունենան, բայց դա չի նշանակում, թե զինվորական են։

«Հնարավոր է քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու նպատակով մի որոշ մասը հատուկ միջոցներով համալրված լինի, որը ենթադրում է որոշակի զինամթերք։ Քանի որ տեղյակ չեմ սա ենթադրություն է։ Այսինքն, փաստահավաք է ու նաև կարգապահական, կարելի է ասել։ Եթե ճանապարհներին բլոկադա տեղի ունենա, օրինակ՝ նրանք լիազորություն կունենան իրենց  գործառույթների շրջանակներում այդ խնդրին միջամտել»։

Մյունխենյան հանդիպումներից ու հայտարարություններից հետո վերլուծական դաշտում մտահոգություն կա առ այն, որ Հայաստանի անվտանգային ռիսկերն ավելանում են, ինչին համամիտ չէ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նա Հայաստանում ԵՄ 100 հոգանոց դիտորդների երկու տարով տեղակայման հարցում Իրանի հետ խնդրահարույց պահեր չի արձանագրում։

«Կոնկրետ Իրանի հետ որևէ մտահոգվելու բան չկա, քանի որ ամիսներ առաջ Իրանի փոխնախագահը հայտարարեց, որ 40 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Իսկ ՌԴ հետ խնդիրներ կան, քանի որ մենք հակադրում ենք քաղաքակրթական առումով Հայաստանը Ռուսաստանին, քանի որ ՌԴ խորը ավտորիտարիզմի մեջ է, իսկ սա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին»։

Քաղաքագետը, խոսելով ԵՄ դիտորդների տեղակայման հարցում հնարավոր ռիսկերի մասին, հստակեցնում է՝ Հայաստանն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ այլընտրանք չունի։

Մինչ ԵՄ դիտորդները ժամանում են,  Հայաստանից հեռանում են ԵԽԽՎ համազեկուցողները։

ԵԽԽՎ  Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից  Հայաստան այցի երեք օրվա ընթացքում հասցրել են լինել սահմանամերձ այն բնակավայրերում, ուր հակառակորդը ներխուժել կամ ներխուժման փորձ է արել։ Համազեկուցողները, մասնավորապես, այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս։ Նրանց ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Գեղարքունիքում ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։

Փաստահավաք առաքելությանը եղել է Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու կատարված վերականգնման աշխատանքները։

Սյունիքում համազեկուցողները հանդիպել են Արցախի շրջափակման պատճառով Գորիսում ապաստանած արցախցիներին, զրուցել նրանց հետ, արձանագրել իրենց տեսածն ու լսածը:

Համազեկուցողները ծանոթացել են նաև Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։

Կիմմո Կիլյունենը արցախցիների հետ զրույցում ասել է, որ իրենք Հայաստանում են, պարզելու՝ իրականում ի՞նչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ասել են, որ ուզում են լսել, հասկանալ արցախցիների ապրումները և դրանք ներկայացնել իրենց զեկույցներում։

Համազեկուցողները եղել են նաև Ջերմուկում, այցելել են առողջարանային քաղաքի՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած վայրեր, տեսել ու գնահատել են իրավիճակը։

Համազեկուցողների այցն ու արձագանքը գնահատուում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․

«Խնդիրը էմոցիոնալ դաշտում չէ։ Նրանք եկել են հստակ հանձնարարություններով՝ տեղեկատվություն ստանալ, հավաքել և տրամադրել իրենց ուղարկող մարմիններին, այս դեպքում՝ ԵԽԽՎ-ին, նաև ԵՄ-ին, որի առաքելությունն սկսվում է  այսօր Հայաստանի տարածքում։ Սա ճնշման միջոցներից ևս մեկն է, որը պետք է Հայաստանն օգտագործի միջազգային հանրության միջոցով, շարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և բոլոր այն ուժերի վրա, որ կանգնած են Ադրբեջանի թիկունքին»։

ԵՄ–ն, ԵԽԽՎ–ն ունեն շահեր, որոնք այսօր համընկնում են ՀՀ շահերի հետ՝ համոզված է քաղաքագետը։  Նրա կարծիքով՝ պետք է օգտագործել այդ հնարավորությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության․

«Ժամանակը ցույց կտա՝ օգտագործո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այդուհանդերձ, ըստ որոշ գնահատականների, այո, կարողանում ենք օգտագործել, կարողանում ենք ահագնացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ»։

Ադրբեջանական ագրեսիայի փաստով խորհրդարանական բանաձևերի ու զեկույցների պակաս չկա, սակայն դրանք եվրոպական գործադիր իշխանությունները կյանքի չեն կոչում ու դրանք մնում են կոչ- հայտարարությունների մակարդակում․ մեր այս դիտարկմանն ի պատասխան քաղաքագետը նկատում է, որ Հայաստանի մեղքը չէ, որ զեկույցներն ու բանաձևերը պատժամիջոցների չեն վերածվում։

«Այն, որ այդ բանաձևերը չեն դառնում գործողությունների հիմք գործադիրի կողմից  այնքան էլ մեր մեղքը չէ։ Այստեղ աշխարհաքաղաքական իրավիճակն է «մեղավորը» ։ Գիտենք Եվրոպայի կախվածությունը էներգակիրներից , Ադրբեջանի հետ կան պայմանավորվածություններ։ Այդուհանդերձ, մեր կողմից հնարավորի սահմաններում արվում է այն ինչ պետք է»։

Քաղաքագետը չի բացառում, որ անհրաժեշտ պահին այդ բանաձևերը կարող են դառնալ գործողություններ Բաքվի դեմ։                     

Back to top button