ԿարևորՀասարակություն

Մարդ-պետություն հարաբերությունները՝ թափանցիկ, կառավարումը՝ բաց․ 5-րդ ծրագիրը ընթացքում է

Մշակել պետության ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական քաղաքականության հիմքերը, ներդնել պետական համակարգի՝ տեղեկատվական հաղորդակցությունը գնահատող համակարգ, ստեղծել ազգային գեոպորտալ, որով հանրությանը կփոխանցվեն քարտեզագրական տարածական տվյալներ․․․

Սրանք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության՝ Հայաստանի կառավարության ստանձնած հանձնառություններից մի քանիսն են, որոնք պետք է իրականացվեն 2022-24 թթ։ Նախաձեռնությանը կառավարությունը միացել է  2011-ին։ Մինչ օրս իրականացրել է գործողությունների 4 ծրագիր։ Սա 5-րդն է՝ 10 հանձնառությամբ։

 «Նախորդ գործողությունների ծրագրով ստեղծվել է e-draft իրավական ակտերի նախագծերի համակարգը, գաղափարը ծագել է այստեղից, իրականացվել է կառավարության կողմից։ Հեռարձակվում են ավագանու նիստերը, ներդրվել է իրական շահառուների հայտարարագրման համակարգը, գործարկվում է պետական ծառայությունների հետադարձ կապի՝ ծառայության որակի գնահատման համակարգը՝ gnahatir.am-ով»,– պատմում է վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համակարգող Լիլիա Աֆրիկյանը։

Նրա խոսքով՝ թափանցիկության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ իրականացվել են նաև կրթական, առողջապահական ոլորտներում։ Նախաձեռնության նպատակը կառավարումը քաղաքացիներին ու քաղհասարակությանը հասկանալի ու հասանելի դարձնելն է․

«Հիմնական կարևոր կետն այն է, որ գործողությունների ծրագրերը մշակվում են համատեղ՝ քաղաքացիական հասարակության, փորձագիտական թիմի, քաղաքացիների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։ Այստեղ չկա որևէ խտրականություն մասնակցության առումով, և սա լավ հնարավորություն է վեր հանելու խորքային խնդիրներ և համատեղ հետևելու իրականացմանը»։

«Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանին կազմակերպության բացման օրվանից խորհուրդ են տալիս ընդլայնվել ու Երևան տեղափոխվել։ Բայց, նա ասում է, որ դրանք միշտ մերժել է ու այժմ հպարտորեն  նշում է, որ կազմակերպության 50 աշխատակիցները գործում են ՀՀ մարզերում՝ բաց ու մասնակցային կառավարմանը նպաստելու առաքելությամբ։

«Մեր կազմակերպությունը 2011-ից «Բաց կառամարման գործընկերություն» աշխատանքային խմբի անդամն է, և մենք ստանձնել էինք մի հետաքրքիր առաքելություն, որ պետք է բաց կառավարման գործընկերության մասին խոսվի մարզերում, մարզերից հավաքվի ժողովրդի կարծիքը և բերվի, ներկայացվի կառավարությանը։ Ավելի քան 10 տարի մենք այդ գործընթացի մեջ ենք․ բոլոր մարզերում իրականացնում ենք քննարկումներ և առաջարկություններով հետ ենք գալիս կառավարություն՝ հասկանալու՝ որտե՞ղ ունենք թերացում, որտեղ ժողովուրդն ինչի՞ կարիք ունի, ի՞նչ գործողություն պիտի անենք, որ ավելի լավ առաջընթաց ունենանք»,– իրենց գործունեությունն է ներկայացնում Նաիրա Առաքելյանը։

Գործողությունների այս փաթեթով ստանձված մի պարտավորություն էլ վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայողների՝ նվերներ ստանալու մշակույթին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշում է, որ այս անձինք պետք է կաշկանդված լինեն ծառայության ընթացքում նվեր ստանալիս․

«Ի պաշտոնե գործելիս որոշակի արժողությամբ նվերներ ստանալը առհասարակ արգելվում է, իսկ որոշ դեպքերում, եթե, այնուամենայնիվ, դրանք եղել են անխուսափելի, դրանց հայտարարագրումը դառնում է թափանցիկ, հաշվետվողական կառավարման պահանջ և բաղադրիչ»։

Օրենսդրական փոփոխություններ արդեն արվել են, հանձնաժողովը պատրաստ է ներկայացնել նաև ընթացիկ աշխատանքները։ Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ ներկայացնում է իր ոլորտում բաց կառավարման անհրաժեշտությունը՝ թվերով․

«Ցավոք, աշխարհը գնումների ոլորտում թափանցիկության դեռևս չի հասել, կոռուպցիոն ռիսկերի 68 տոկոսը գալիս են գնումների համակարգից։ Պատճառները շատ են, դրանք հիմանակնում ունենում են այնպիսի բարդ ու խրթին պահանջներ, որոնք հանգեցնում են ինֆորմացիայի անհամաչափ բաշխմանը մասնագետների և հասարակության միջև, սակայն լավ նորություններ ևս կան»։

Լավ նորությունը թվայնացումն է։ Փոխնախարարի խոսքով՝ այժմ խրթին օրենքները վիզուալիզացված ու թվայնացված են այնպես, որ բոլորին հասկանալի լինեն։ Ասում է՝ գնումների համակարգի համար թափանցիկությունն ու ճկունությունը անհրաժեշտություն են․ պետք է տեսնենք գնումների գործընթացի հետագիծը՝ երբ է որոշում կայացվել, ով է դա արել, ինչ ընթացք կա և այլն։ Սակայն Ավանեսյանն այստեղ մեկ այլ բաց է տեսնում՝ հասանելիությունն անիմաստ է, եթե ցածր է տեղեկացվածության մակարդակը։

«Մենք ՀԿ-ներին ու լրագրողներին օրենդրական թույլտվություն ենք տվել ցանկացած գնման ժամանակ մասնակցել պայմանագրի կառավարմանը։ Դա շատ առաջադեմ քայլ է, մենք աշխարհում դեռ ոչ մի երկիր չենք գտել, որ այդպիսի բան է թույլ տվել։ Ցավոք՝ համակարգը շատ քիչ է օգտագործվում, գրեթե չի օգտագործվում։ Մեր կարծիքով պատճառն այն է, որ պայմանագրի կառավարումը գնումների ամենաբարդ մասն է և, որ հասկանաս՝ ինչ է կատարվում, հսկայական գիտելիքի ծավալ է պետք»,– ասում է փոխնախարարը։

Բաց կառավարման համակարգի զարգացմանը զուգահեռ կարողությունների զարգացումը պարտադիր պայման է՝ կարծում են մասնագետները։ Քաղաքացին պետք է իմանա, որ կարող է մասնակցել պետական կառավարմանը, սակայն ունենա նաև բավարար հմտություններ դա անելու համար։

Back to top button